HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ապահովագրական ընկերությունների վնասներն աճել են

Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունների ֆինանսական ցուցանիշները 2013 թ. ընթացքում վատթարացել են: Նման եզրակացության կարելի է գալ ապահովագրական ընկերությունների 2013թ. չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններն ուսումնասիրելիս: Թեև միջանկյալ հաշվետվությունները հետագայում վերանայվում ու ճշգրտվում են, այնուամենայնիվ, որոշ եզրահանգումներ կարելի է անել:

Հայաստանի 6 գործող ապահովագրական ընկերություններից չորսը 2013 թ. փակել են վնասով: Այդ ընկերություններեն են՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» (վնասը՝ 440 մլն դրամ), «Ինգո Արմենիա» (վնասը՝ 440 մլն դրամ), «Ռեսո» (վնասը՝ 260 մլն դրամ), «Սիլ ինշուրանս» (վնասը՝ 25 մլն դրամ): Շահույթ ձևավորել են միայն «Արմենիա ինշուրանս» և «Նաիրի ինշուրանս» ընկերությունները (համապատասխանաբար՝ 300 մլն դրամ և 200 մլն դրամ), սակայն նախորդ տարվա համեմատ նրանց շահույթները նվազել են 30-60%-ով: Նշենք, որ «Ինգո Արմենիան» և «Ռեսոն» 2012 թ. նույնպես փակել էին շահույթով, սակայն 2013 թ. ցույց են տվել վնաս:

Վնասների առաջացման հիմնական պատճառը հատուցումների կտրուկ աճն է: Այսպես, ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 31.5 մլրդ դրամից աճել է մինչև 33.8 մլրդ դրամ (2.3 մլրդ դրամով կամ 7.3%-ով), այնինչ հատուցումների ծավալը 13.3 մլրդ դրամից աճել է մինչև 18.1 մլրդ դրամ ( 4.8 մլրդ դրամով կամ 36%-ով):

Ապահովագրական ընկերությունները փորձել են վնասները մասամբ փոխհատուցել ներդրումային եկամուտներով (գնելով հիմնականում պարտատոմսեր), սակայն ակտիվությունն այստեղ առայժմ մեծ չէ: Ամենամեծ ներդրումային ակտիվություն ցուցաբերում են «Ինգո Արմենիան», «Ռոսգոսստրախ Արմենիան», «Ռեսոն», որոնց տարեկան ներդրումային եկամուտները տատանվում են 500-600 մլն դրամի սահմաններում:

«Ռոսգոսստրախ Արմենիան» առաջատարն է անձնակազմի, վարչական ու այլ գործառնական ծախսերի ծավալով՝ մոտ 2.2 մլրդ դրամ: Սակայն այս ընկերությունը 2013 թ. փոքր-ինչ կրճատել է նման ծախսերը, այնինչ բոլոր մյուս ընկերություններն ավելացրել են: Երկրորդ տեղում «Ինգո Արմենիան» է՝ 1.6 մլրդ դրամ:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի մասնաբաժինը ապահովագրական վճարներում կազմում է մոտ 50-60%: Այդ պատճառով չի կարելի միանշանակ պնդել, որ ապահովագրական ընկերությունների ֆինանսական վիճակի ապակայունացման հիմնական պատճառը ԱՊՊԱ համակարգն է: ԱՊՊԱ-ի գծով ընկերությունները 2013 թ. հավաքագրել են մոտ 16,1 մլրդ դրամ ու հատուցել 10,5 մլրդ դրամ, 2012-ին հավաքագրել էին 15,1 մլրդ դրամ ու հատուցել 9,3 մլրդ դրամ: Այսինքն՝ գործնականում ԱՊՊԱ-ից ընկերությունները չեն տուժել, վնասներն այլ ապահովագրական դասերին են պատկանում, առավել հավանական է՝ առողջության ու գույքի ապահովագրության հետ կապված: Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի շրջանակներում ՀՀ կառավարությունը 2013 թ. ակտիվորեն ներդրել է բժշկական ապահովագրություն, սակայն 2014 թ. հատուցման մեխանիզմը փոփոխվել է: Չի բացառվում, որ պատճառը հենց ապահովագրական ընկերությունների դժգոհությունն է:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter