HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Խոպան հողատարածքները «տանը մնացած աղջկա պես» համոզելով վաճառում են

Բագրատաշենի համայնքապետարանը վերջին ամիսներին աճուրդի է հանում տարիներ շարունակ խոպան եւ անջրդի վիճակում գտնվող հողերը: Չնայած դժվար եւ ծախսատար է նման պայմաններում գտնվող հողը վարելահող դարձնելը, սակայն սահմանամերձ գյուղում փորձում են ընդլայնել վարելահողերի տարածքները, որպեսզի մարդիկ շագրգռված լինեն հողը մշակել ու չհեռանան գյուղից:

«Ժողովրդին տանում ենք, խնդրում ենք, ասում ենք՝ ցորենդ ցանի էս անգամ, էս տարի չի լինի, մյուս տարի կլինի,- ասում է Բագրատաշենի համայնքապետ Արկադի Մակյանը,- էդ մարդկանց համոզելում ենք՝ էս կտորն ա լավը, մյուսն ա լավը, խնդրելով՝ տալիս ենք.  տանը մնացած աղջկա նման, որ ուզում են մարդի տան»:

Մոտ մեկ ամիս առաջ աճուրդով եւ մրցույթով օտարվել է նման կարգավիճակ ունեցող 10 լոտ հող: Իսկ վերջին՝ մարտի 18-ին անցկացված աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել 1 լոտ՝ 2 միավոր հողատարածքով: Համայնքապետը հավաստիացնում է, որ առաջին հերթին իրենք են շահագրգռված, որպեսզի այդ հողատարածքները վաճառվեն, եւ մարդիկ չկտրվեն հողագործությունից:

Աճուրդներին, սովորաբար, շատ հայտեր չեն ներկայացվում, չնայած, համայնքապետի ասելով հայտարարությունները փակցվում են գյուղի  տեղեկատվական ցուցատախտակներին: Այս անգամ էլ աճուրդի մասնակիցները երկուսն էին՝ Պողոս Բախշյանը եւ Սարգիս Անտոնյանը: Ըստ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի՝ աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50%-ից: Ըստ այդմ, հողատարածքի նախնական գինը սահմանվել էր 120 հազար դրամ: Սկզբում` մասնակիցներից Պ. Բախշյանն առաջարկել էր 6 հազար դրամ, այնուհետեւ մյուս մասնակիցը նախնական գնին ավելացրել էր 12 հազար դրամ հավելյալ գումար: Աճուրդի արդյունքում 132 հազար դրամով հողատարածքը գնում է Ս. Անտոնյանը: Պողոս Բախշյանին էլ հետ է վերադարձվում իր վճարած 6 հազար դրամը (նախնական գնի 5%-ի չափով):

Աճուրդի արձանագրությունը կազմող համայնքապետարանի աշխատակից Սեւակ Կիրակոսյանը բացատրում է, որ այս անգամ կրկնակի աճուրդ են անցկացրել: Աճուրդի-վաճառքին նախորդող օրը կորել էր մասնակիցներից մեկի վկայականը, որի պատճառով ստիպված էին հետաձգել աճուրդը: Նա ցույց է տալիս վկայականի կրկնօրինակը եւ հավելում, որ այս ընթացքում մասնակիցների քանակը չի փոխվել:

Աճուրդի վերջում «հաղթողի» եւ «պարտվողի» միջեւ իրականում վեճ կամ տարաձայնություն չի լինում, ինչպես նրանք են ասում` «մի գյուղի մարդիկ են, բոլորն իրար ճանաչում են, ի՞նչ նեղանան»:

Աճուրդի մասին հայտարարությունը համայնքապետի ասելով, փակցվում է գյուղի  տեղեկատվական ցուցատախտակներին: Սակայն համայնքապետ Ա. Մակյանը նշում է, որ միշտ չէ աճուրդի կարիք լինում: «Օրինակ՝ եթե մեկն ուզում է մի վագոն դնել, մոտ 100 մ տարածք է պետք, վարձակալության մասին վկայական է հանվում, տրվում է նրան», - ասում է համայնքապետը:

Աճուրդներից ստացված եկամուտը գումարվում է համայնքային բյուջեին, որով փորձում են գյուղի առաջնային խնդիրները հոգալ: Այժմ համայնքապետարանը նախատեսում է գյուղի համար տրակտոր գնել: Բագրատաշենում առանձին ծրագիր ունեն նաեւ մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար, որում շահագրգռված են հատկապես գյուղի երիտասարդները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter