HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանի տնտեսական ակտիվությունը դեռևս ցածր մակարդակի վրա է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թ. հունվար-փետրվարին կազմել է 2.4%, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա: Հունվարի 1,6% աճի համեմատ սա որոշ առաջընթաց է, սակայն նախորդ տարվա նույն ամիսների 8%-ի համեմատ՝ ետընթաց: Ամենայն հավանականությամբ՝ նախորդ տարվա առաջին ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության բարձր աստիճանը «թույլ չի տալիս» այս տարի ևս կրկնել այն (բազան բարձր է): Այս տրամաբանության ներքո՝ Հայաստանը մինչ մայիս կգտնվի ցածր աճի տիրույթում, այնուհետ տեղի կունենա աճի արագացում:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներում ամենամտահոգիչը արդյունաբերության 4,1% անկումն է: Թեև սա կարելի է բացատրել զուտ սեզոնային գործոններով ու մետաղների միջազգային շուկայում ստեղծված անբարենպաստ իրավիճակով, հարկ է նշել, որ տնտեսական աճի բոլոր ծրագրերում ու կանխատեսումներում արդյունաբերությանը որոշիչ դեր է հատկացվում: Առանց արդյունաբերական աճի վերականգնման ու արագացման Հայաստանը դժվար թե կարողանա տարվա ընթացքում հասնել ՀՆԱ-ի 5,2% աճի ցուցանիշին, որն ընկած է պետական բյուջեի հիմքում: Առավել ևս՝ պարզ չէ, թե գյուղատնտեսաական տարին ինչպիսին կլինի: Իսկ առայժմ գյուղատնտեեսությունը շարունակում է փրկօղակի դեր խաղալ ողջ տնտեսական համակարգի համար՝ առաջին երկու ամիսներին գրանցելով 4,9% աճ: Տնտեսական մյուս բոլոր ճյուղերի համեմատ սա աճի ամենաբարձր տեմպն է:

Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներում առկա է ևս մի կարևոր դրական տեղաշարժ՝ առաջին անգամ վերջին 3 տարիների ընթացքում վերջապես աճ է արձանագրվել շինարարության ոլորտում: Ճիշտ է՝ աճի տեմպը բարձր չէ, ընդամենը՝ 1,2%, սակայն միտումն ինքնին կարևոր է: Հաշվի առնելով, որ գարնանը մեծ թափով կվերսկսվեն նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները, առավել հավանական է, որ շինարարական աճի տեմպերը կարագանան ու կկայունանան:

Որոշակի աճի արագացում է նկատվում նաև ծառայությունների ոլորտում, հիմնականում պայմանավորված տրանսպորտային փոխադրումների ու զբոսաշրջային ծառայությունների աճով: Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 3.8%, ինչը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ բավական բարձր է: Կայուն բարձր աճ է արձանագրում նաև առևտրի ոլորտը՝ 4,6%, սակայն դա առավելապես պայմանավորված է ստվերի կրճատմամբ, քան թե առևտրաշրջանառության իրական աճով:

Հայաստանի տնտեսական ակտիվության միտումներից նորություն կարելի է համարել նաև արտաքին առևտրաշրջանառության զգալի կրճատումը (մոտ 6%-ով), ինչն արդեն արձանագրվում է երկու ամիս շարունակ: Ընդ որում՝ նվազում կա և ներմուծման, և արտահանման մասով: Սակայն եթե ներմուծումների 6,7% անկումը կարելի և դրական համարել, ապա արտահանումների 3,2% անկումը մտահոգիչ է, հատկապես արտահանման խրախուսման ծրագրերի ներքո:

Ընդհանուր առմամբ, եթե ընդհանրացնելու լինենք առաջին երկու ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, ապա ֆինանսական իրավիճակի համեմատական կայունության պայմաններում 2.4% աճը սպասելի էր: Փաստորեն անկում ունենք միայն արդյունաբերությունում, սակայն առաջին երկու ամիսների կտրվածքով հեռուն գնացող եզրակացություններ անելը դեռ վաղ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter