HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Հյուրասիրություն» սովորույթի առաջացման և տարածման հիմնական պատճառների մասին

Ինչու՞ որոշ ազգեր ավելի հյուրասեր են, քան՝ մյուսները, ինչու՞ բնակչության որոշ խավերի հատուկ է հյուրասիրությունը, իսկ այլ խավերի՝ այն բնորոշ չէ, ինչու՞ գյուղաբնակը ավելի հյուրասեր է քաղաքաբնակից: Հայտնի է, որ հայերը հպարտանում են իրենց հյուրասիրությամբ: «Հյուրասիրություն» բառը հայերենում հաճախ օգտագործվում է նույն նշանակությամբ, ինչ՝ «հյուրընկալությունը», որի պատճառով վերջինս պակաս գործածական է: Սա, փաստորեն, ոչ թե լեզվական էվոլյուցիա է, այլ ժողովրդի մեջ արմատացած ավանդույթների արտահայտություն: Ըստ այդ ավանդույթների՝ հյուր ընդունելը պարտադիր պետք է ուղեկցվի հյուրասիրությամբ, իսկ հյուրասիրելը շատ հաճախ ուղեկցվում է  օթևանի տրամադրման և այլ ծառայությունների մատուցման պատրաստակամությամբ: Իզուր չէ, որ «հյուրասեր» բառի արմատներից մեկը «սեր» բառն է: Ռուսերեն տեքստում, օրինակ, այս հոդվածը պետք է վերնագրվեր «гостеприимство» («հյուրընկալություն»), այլ ոչ թե՝ «угащение» (հյուրասիրություն), քանզի ռուսերեն լեզվում այդ երկու բառերը այդչափ սերտաճած չեն, ինչպես՝ հայերենում:

Հյուրասիրության ստրկական ծագումը

Նախնադարյան մարդը հյուրասեր չի եղել: Ընդհակառակը, գոյատևման համար մշտական պայքարը և միջոցների պակասը մարդու մեջ  զարգացրել են ուժային խլման մեխանիզմը, ոչ թե՝ նյութական բարիքներից կամավոր հրաժարումը: Սակայն բազմաթիվ ցեղեր և ազգեր բավական երկար պատմական ժամանակաշրջանում պարբերաբար ենթարկվել են հարձակումների և կողոպուտի, գտնվել են այլ ազգի տիրապետման ներքո: Նրանց մոտ աստիճանաբար ծագում և «ներդրվում է» «տալու» մեխանիզմը: Հենց այդ մեխանիզմն էլ կանխորոշում է հյուրասիրության այն ձևը, որ կարելի է անվանել «հյուրասիրություն օտարին»: Եվ ընդհակառակը, այն ազգերը, որոնք կարողացել են հասնել ռազմա-քաղաքական գերակայության այլ ազգերի հանդեպ, օտարների հանդեպ հյուրասիրության չափից ավելի հակվածություն չունեն և նույնիսկ տանտիրոջ կարգավիճակում նրանք հակված են ընդունել, այլ ոչ թե՝ տրամադրել ծառայություններ:

Հայտնի է, որ աղքատներն ավելի հյուրասեր են, քան՝ հարուստները: Բնակչության առավել իրավազուրկ, առավել անպաշտպան խավերի մեջ ժամանակի ընթացքում նույնպես հասունանում է «տալու» մեխանիզմը: Այն իրականանում է հիմնականում բարձր հարկերի և դրա հետ կապված բռնաճնշումների միջոցով: Դա կարելի է համարել «հարկային հյուրասիրություն» (պատահական չէ, որ հարկային չինովնիկներն ամենաանհյուրասեր մարդիկ են):

Ընդհանրապես, հյուրասիրության «ստրկական» ծագման մասին կարծիքը բավական տարածված է և դրանում, գուցեև ճշմարտության հատիկ կա: Սակայն այն լիարժեք չի բնորոշում երևույթը և որպես գիտական վարկած չի ծառայում:

Հյուրասիրության տնտեսական նախադրյաները

Գյուղատնտեսական բարիքների առատությունը (ավելցուկը) և դրանց իրացման դժվարությունները նպաստել են հյուրասիրության տարածմանը: Հին դարերից բազմաթիվ վկայություններ են պահպանվել այս կամ այն ցեղի կամ ազգի մոտ գյուղամթերքների առատության մասին: Այդպիսի ժամանակաշրջանները տևել են տասնամյակներ և անգամ դարեր: Ցեղային դեմոկրատիայի պայմաններում ավելցուկը կուտակվում է ոչ թե մեկի, այլ ցեղի բոլոր անդամների մոտ, ու դա հզոր խթան էր հյուրասիրության, որպես սովորույթի, արմատավորման համար: Նույնիսկ մեր ժամանակներում հեռավոր գյուղերում հանդիպում է որոշ գյուղմթերքների մշտական կամ ժամանակավոր ավելցուկ, որ տարբեր պատճառներով ձեռնտու չէ վաճառքի հանել (տրանսպորտային խնդիրներ, ոչ մեծ ծավալներ, ոչ հիմնական արտադրանք և այլն): Սովորաբար այդ ավելցուկները հաճույքով օգտագործվում են հյուրասիրության նպատակով: Այն ճիշտ կլինի անվանել «գյուղական հյուրասիրություն», քանզի քաղաքաբնակներին, որ սննդամթերքի պաշարներ կուտակում են միայն անհրաժեշտության չափով, այն բնորոշ չէ; Ինքնին հասկանալի է նաև, որ դրամական հարաբերությունների զարգացումը հակադարձ համեմատական է հյուրասիրությանը: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ գյուղաբնակներն ավելի հյուրասեր են քաղաքաբնակներից:

Հյուրասիրությունը՝ որպես կրոնական պաշտամունք

Մինչքրիստոնեական շրջանում որոշ ցեղեր և ազգեր հյուրասիրությունը դարձրել են պաշտամունք: Հայկական դիցարանի հիմնական աստվածություններից մեկը հյուրասիրության աստված Վանատուրն է: Նրա տաճարին (գտնվել է Բագրևանդ գավառում՝ Նպար լեռան ստորոտին գտնվող Բագավանում) կից կառուցվել են իջևանատներ և հյուրատներ, ուր առանց որևէ վճարի կարող էին օթևանել հյուրերը և պարզապես ճամփորդները (Վանատուր անունը նշանակում է ապաստան տվող): Վանատուրը պատժում էր հյուրընկալության սուրբ կանոնները խախտողներին և օրհնում հյուրասերներին: Վանատուրի տոնը նշվել է Նավասարդ ամսվա մեկին (հին հայկական տոմարով նոր տարվա առաջին օրը, ժամանակակից տոմարով օգոստոսի 11-ն է), որ կապված է նաև բերքահավաքի հետ: Այս հանգամանքը կարևոր է այն առումով, որ հայերի մոտ հյուրասիրության պաշտամունքը (ավանդույթը) սերտորեն առնչվել է առատության և բարեկեցության ժողովրդական ցանկություններին:

Հարկ է նշել, որ հայերին հարևան ազգերի մոտ հյուրասիրության առանձին աստվածներ չեն եղել: Հունական դիցարանում, օրինակ, գլխավոր աստված Զևսը միաժամանակ հանդիսացել է հյուրասիրության (նաև ընտանեկան կյանքի ու բարոյականության) աստված-պաշտպանը, նույնը՝ հռոմեական գլխավոր աստված Յուպիտերը: Իրանական դիցարանում ևս հյուրասիրության աստվածը բացակայում է: Այսպիսի դեպքերում հյուրասիրության պաշտամունքը, որպես կանոն, իրականացվել է կամ այլ աստծո, կամ ավելի ստորակարգ պաշտամունքային էության միջոցով (ոգի և այլն): Ամենայն հավանականությամբ՝ հյուրասիրության պաշտամունքի առաջացումը տեղի է ունեցել տոհմա-ցեղային հարաբերությունների քայքայման և տոտեմիզմից (կենդանիների պաշտամունք) հրաժարման շրջանում: Սակայն միայն հայերի մոտ այն հասցվել է դիցարանի հիմնական աստվածության աստիճանի, անհերքելի ապացույց այն բանի, որ հայերը իրենց հյուրասիրությամբ աչքի են ընկել արդեն հին դարերում:

Քրիստոնեությունը, որպես միաստվածություն, հրաժարվել է հյուրասիրության պաշտամունքից, սակայն այն դասել է քրիստոնեական հիմնական առաքինությունների թվում, որի մասին Աստվածաշնչում բազմաթիվ վկայություններ կան: Պողոս Առաքյալի թղթերում, օրինակ, առկա են հետևյալ տողերը. «Եպիսկոպոսը պետք է լինի, մեկ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ…»:*

Հյուրասիրության իրավա-քաղաքական ակունքները

Վասալը միշտ էլ պարտավոր է եղել հյուրասիրել տիրոջը, չնայած տերը այդպիսի պարտավորություն չի ստանձնում: Տվյալ դեպքում հյուրասիրությունը վկայում է տանտիրոջ և հյուրի տեղերը իշխանության հիերարխիկ սանդղակում: Այդպիսի հյուրասիրությունը կարելի է անվանել բարձրաստիճան պաշտոնատար անձի ընդունելության ձև (օրինակ՝ երկրի նախագահն այցելում է մարզ, իսկ մարզպետը կազմակերպում է հյուրասիրություն):

Հյուրասիրությունը միջազգային դիվանագիտության մշտական ուղեկիցն է, օտարերկրյա պատվիրակությունների ընդունման արարողակարգի անքակտելի մասը: Այս ավանդույթի արմատները նույնպես ընթանում են պատմության խորքերը: Սակայն հայ ժողովրդի պատմությունը պահպանել է նաև այնպիսի փաստեր, ինչպես Պապ թագավորի սպանություն բյուզանդական զորավարի վրանում, հենց հյուրասիրության պահին ու գինու գավաթը ձեռքին:

Հյուրընկալության ու հյուրասիրության սովորույթն է ընկած նաև քաղաքական ապաստանի տրամադրման հիմքում, որ միջազգային հումանիտար իրավունքի կարևոր ոլորտներից է: Այս առումով ուշագրավ է Աստվածաշնչում նկարագրված Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման պատմությունը: Աստծու հրեշտակներից երկուսը այցելում են Սոդոմ քաղաքը: Ղովտը ստիպում է հյուրերին իր տանը օթևանել, հյուրասիրում է նրանց ճաշով: Սակայն Սոդոմի բնակիչները շրջապատում են տունը և պահանջում հանձնել հյուրերին: Ղովտը ոչ մի պայմանով չի համաձայնվում, նույնիսկ իր աղջիկներին է առաջարկում հյուրերի փոխարեն, սակայն ապարդյուն: Հրեշտակների օգնությամբ Ղովտը իր ընտանիքի հետ փախչում է, իսկ Սոդոմը ենթարկվում է կործանման:* Փաստորեն սա հյուրընկալության ընթացքում հյուրի անվտանգության երաշխիքների կամ անվտանգ ապաստանի ապահովման մասին հնագույն վկայությունն է: Ճիշտ է՝ կրոնա-բարոյական շարժառիթներով: Դարերի ընթացքում կրոնական պաշտամունքի վայրերը հանդիսացել են փախստականների համար ապաստարաններ: Միայն XIX դարում քաղաքական ապաստանի տրամադրումը դառնում է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված ինստիտուտ:

Հյուրասիրության մասնագիտական ակունքները

Որոշ մասնագիտության մարդիկ, որպես կանոն, ավելի հյուրասեր են: Դա վերաբերում է  ձկնորսներին, որսորդներին, այգեգործներին: Այդպիսի հյուրասիրությունը կարելի է անվանել «հյուրասիրություն բնությունից»: Այդ մարդկանց մոտ որսից կամ բերքից բաժին հանելը (թեկուզև անծանոթին) համարվում է լավ նախանշան: Ըստ երևույթին բնության, այլ ոչ թե մարդկանց հետ մշտական պայքարը նպաստում է մարդկային դրական գծերի զարգացմանը: Իզուր չէ, որ Քրիստոսի Առաքյալների մեջ բավական շատ են ձկնորսները: Կինտոները նույնպես հյուրասեր էին, որ նրանց մասնագիտական կերպի մասն էր:

Հյուրասիրության կուլտուրական կողմը

Վերջիվերջո հյուրասիրությունը էթիկետի կարևոր մասն է: Արժանի հյուրասիրություն ցուցադրելու ունակությունը տվյալ անձի կուլտուրական ձեռքբերումն է: Այն նպաստում է բարեկամական և ընկերական հարաբերությունների խորացմանը, ծանոթությունների հաստատմանը, կոնֆլիկտային իրավիճակների հարթեցմանը: Երբեմն հյուրասիրությունը կարող է հանդիսանալ կուլտուրական արժեքների հետ շփման միջոց: Օրինակ, երբ կուլտուրայի գործիչը շրջում է ժողովրդի մեջ կամ «տեղեկացված» անձը հայտնվում է հեռավոր գյուղում:

Կարևոր նշանակություն ունի, անշուշտ, հյուրասիրության կուլտուրան և հյուրասիրությունն ընդունելու կուլտուրան: Սակայն հարկ է նշել, որ առաջնայինը այստեղ ոչ թե վարվեցողության այս կամ այն կանոնն է, այլ փոխհարաբերման ջերմությունը, որն էլ բնորոշում է «հայկական հյուրասիրությունը»:

 

* Նոր Կտակարան, Ա Տիմոթեոսին 3. 1-3

* Հին Կտակարան, ԳԼ ԺԹ 1-25

Մեկնաբանություններ (4)

Արման
հյուրասիրությունը ուտել-խմելը չի, մենք շատ ենք նեղանում դրա վրա, ու նեղանում ենք, որ ոչ չեն ուտում ու խմում; Շատ հետաքրքիր վերլուծություն էր
Սուր
հայկական սովորության մեջ մի վատ բան կա՝ որ անպայման ստիպում են ուտես, էդ շատ սխալ է
Պողոոս
մի բան ասեմ, իրական բան; ընկերս ամուսնացավ, գյուղից աղջիկ բերեց, բայց սոցիալապես անապահով էր: Որ աղջկա բարեկամները գալիս էին, գնում պարտք էր վերցնում, որ հետո չասեն՝ գնացինք փեսի տուն, մի կոֆե տվին, քյաբաբով, խորովածով ճամփու էր դնում; Վերջը պարտքերի տակից դուրս չեկավ, գնաց Ռուսաստան, ընտանիքն էլ քայքայվեց
Պողոս
Բարսեղյան ջան, դուք 23 տարի կապրեք, ես ծնվել-մեծացել եմ սովետի կրթություն ունեմ: Սովետից գալիս ա էս ամեն ինչը, որովհետև ամեն ինչ շատ առատ էր, բայց մարդ իր հալալ քրտինքով չէր աշխատում, շատ էին գողանում, ահավոր կաշառաակերություն կար, թալան, գողություն պետության: Նոր սերունդը ոչ մի արժեքային հիմք չուներ լավը լինելու, բացի սերիալ նայելուց, ուրիշ ումից սովորեր լավ բաները; Հիմա հավատա, էլի մի քիչ դզվել ա, բայց դե ուր ենք գնում՝ չգիտեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter