HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանն առանց գաղտնիքների

Հայաստանում արդեն երկրորդ անգամ պատրաստվում են վերանայել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքը: Առաջին անգամ օրենքն ընդունվել է 2004 թ. և ուժի մեջ մտել 2005 թ. հունվարից: 2008 թ. ընդունվել է օրենքի երկրորդ տարբերակը: Ներկայում մշակված է նաև երրորդ տարբերակը, որը գրեթե 2 տարվա քննարկումներից հետո ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

«Փողերի լվացում» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 20-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում: Մաֆիոզ խմբավորումներն իրենց անօրինական եկամուտների ծագման աղբյուրը թաքցնելու համար դրանք խառնում էին օրինական ճանապարհով ստացվող եկամուտների հետ: Այդպես հիմնվում էին լվացքատներ և ավտոլվացման կետեր, որոնցում կանխիկի մեծ շրջանառություն կա: Սակայն մեր օրերում փողերի լվացման համար օգտագործում են առավելապես կազինոները, անշարժ գույքն ու բանկային համակարգը:

Փողերի լվացման դեմ պայքարի առաջին քայլն այդ հանցագործության քրեականացումն է: Հայաստանը դա կատարեց 2003 թ., իսկ ահաբեկչության ֆինանսավորումը քրեական օրենսգիրք մտավ 2004 թ: Ըստ այդմ՝ «փողերի լվացում» տերմինը օգտագործելի է միայն այն ժամանակ, երբ եկամուտը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով: Պատիժը 2-5 տարի է, իսկ եթե հանցագործությունը կատարվել է խմբակային, առանձնապես խոշոր չափերով (10 մլն դրամը գերազանցող) և պաշտոնական դիրքի չարաշահմամբ՝ 5-12 տարի: Ահաբեկչության ֆինանսավորման պատիժներն ավելի խիստ են, քան փողերի լվացման դեպքում՝ 5-15 տարի:

Նշենք, որ մինչ այսօր Հայաստանում փողերի լվացման երկու աղմկոտ գործ է հարուցվել, երկուսն էլ նախկին արտգործնախարարների դեմ՝ Ալեքսանդր Արզումանյան (այդ գործում մեղադրվում էր նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը) և Վարդան Օսկանյան: Ակնհայտ էր, որ այս երկու գործերն էլ քաղաքական ենթատեքստ ունեին:

Օրենքի նոր տարբերակը ենթադրում է որոշ խստացումներ: Հստակ նշվել է, որ գաղտնիք պարունակող տեղեկությունները նույնպես պետք է տրամադրվեն: Հիշեցնենք, որ փողերի լվացման դեմ պայքարի վերահսկող մարմինը ՀՀ կենտրոնական բանկն է: Այդ կառույցում ստեղծված է հատուկ ստորաբաժանում՝ ֆինանսական դիտարկումների կենտրոն: Իր ներկայիս իրավասությունների պայմաններում սա ավելի շատ վերլուծական մարմին է, սակայն նոր լիազորություն ստանալու դեպքում նաև հետախուզական գործառույթներ է ստանում:

Նոր օրենքը ևս մի խստացում է պարունակում՝ բանկերը, նոտարները, խաղատները պարտավոր են 5 մլն դրամը գերազանցող ցանկացած կանխիկ գործարքի մասին հաշվետվություն ներկայացնել, իսկ անկանխիկի դեպքում՝ 20 մլն դրամը գերազանցող: Նախկին օրենքով այդպիսի դրույթ սահմանված էր միայն 20 մլն դրամի գործարքների համար: Անշարժ գույքի դեպքում պահպանվել է 50 մլն դրամի շեմը: Այսպիսով՝ կանխիկ գործարքների մասով որոշակի խստացում է նախատեսված:

Հարակից փոփոխություններ են նախատեսվում եւս 14 օրենքներով: Մասնավորապես՝ մաքսային օրենսգրքով առաջարկվում է սահմանել դրույք, ըստ որի՝ մաքսային սահման հատող անձը դրամական միջոցներն կամ արժեթուղթ հայտարարագրելիս պետք է նշի նաեւ դրանց ձեռքբերման աղբյուրը:

Նոր փոփոխություններն, ըստ էության, բխում են Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ` Financial Aktion Task Force, միջկառավարական անկախ մարմին, որը զբաղվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականություն մշակելով) հանձնարարականներից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter