HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

20 րոպե ընդմիջումից հետո խորհրդակցություն ու քվեարկություն ԱԺ-ում

62 կողմ 42 դեմ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հեղինակը կառավարությունն է:  Դեմ են քվեարկել ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները: Մինչ քվեարկությունը՝ Ազգային ժողովի նիստի սկսվելուց րոպեներ անց, 20 րոպե ընդմիջում խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Ընդմիջումը պայմանավորված էր օրենքի նախագծի հետ:  

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ իրենք կարծում են, որ օրենքը հակասահմանադրական է եւ 4 ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են ԱԺ նախագահի մասնակցությամբ քննարկում անցկացնել:

Հովիկ Աբրահամյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց եւ խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց իր աշխատասենյակ՝ քննարկման: 20 րոպե անց պատգամավորները վերադարձան դահլիճ եւ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քննարկումը կայացել է եւ խմբակցությունները պայմանավորվել են օրենքի ընդունման առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ վերանայել որոշ դրույթներ:  

Կառավարության կարծիքով՝ սեփականության իրավահարաբերությունների կառավարման ներկա փուլում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական գույքի կառավարման, տնօրինման, տիրապետման եւ օգտագործման բնագավառում իրականացվող քաղաքականությունը, ուժեղացնել տնտեսության պետական գույքի կառավարման համակարգումն ու դրա  վերահսկումը,  մշակել տնտեսապես հիմնավորված հեռանկարային զարգացման ծրագրեր, ստեղծել կանոնակարգված ու գործուն մեխանիզմներ` պետական գույքի արդյունավետ կառավարում իրականացնելու համար: Պետական գույքի կառավարումը՝ հանդիսանալով պետության կարեւորագույն իրավատնտեսական գործառույթներից մեկը, հիմնավորվածության տեսանկյունից դեռեւս չունի համակարգված օրենսդրական եւ նորմատիվային միասնություն:

Կառավարությունը նախատեսում է օրենքի ընդունմամբ վեցամսյա ժամկետում պետական գույքի կառավարման ոլորտում գործող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter