HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր գյուղացին էսօր մնացել ա ինքն իրա հույսին»

Էմմա Պետրոսյան

Շամուտեցի Հենրիկ Կիրակոսյանն ամբողջ կյանքում անասնապահությամբ է զբաղվել: Իր տնտեսությունում 42 գլուխ կով ունի, բայց ստացված եկամուտն, ասում է, այնքան մեծ չէ, որ կարողանա հոգալ ընտանիքի առօրյա ծախսերը. «Գյուղացին միշտ էլ վնասով է աշխատել, սակայն ի տարբերություն մեր օրերի, ԽՍՀՄ-ի օրոք պետությունը գյուղացուն փոխհատուցում էր վնասը: Մեր գյուղացին էսօր մնացել ա ինքն իրա հույսին, իրա վնասն էլ ա ինքը հատուցում, իրա ստացած եկամուտն էլ ա ինքը վեր ունում: Դա գալիս ա հիմնականում նրանից, որ իրացման պահը գյուղացու մոտ շատ վատ ա ստացվում: Այսինքն` կատարված ծախսերի դիմաց եկամուտ չես ստանում: Ինքդ չես կարում վաճառես, վերավաճառում ես, վերավաճառողն էլ քեզ գին ա թելադրում»:

Շուկայում մսամթերքն ու բնամթերքն իրացնել չի լինում, այդ է պատճառը, որ ստիպված համակերպվում են վերավաճառողի առաջարկած գնի հետ: Ապրանքը շուկա տանելուց էլ առանձնապես չեն շահում, քանի որ մի փոքր ավելի բարձր գնով վաճառած ապրանքի օգուտը ճանապարհի վրա է ծախսվում: Բացի այդ, գյուղը քաղաքին կապող ճանապարհն անբարեկարգ վիճակում է գտնվում, տաքսու վարորդներն էլ նախատեսվածից ավելի մեծ գումար են պահանջում: Հետևաբար Հենրիկ Կիրակոսյանը մյուս շամուտեցիների նման նախընտրում է հենց իր տեղում ապրանքը վերավաճառողին վաճառել. «1500 լ միջին կաթ ա տալիս մեր կովը, որովհետև հյութալի կեր մենք չենք տալիս, մի չոր խոտ ա, էդ էլ մի 300 կգ-ն հորթին ա գնում, տակի մնացածն էլ եթե հանձնում ենք, ամառվա սեզոնին 100 դրամով ա, իսկ աշնան ու գարնան կողմերը, ձմեռը՝ 140-150, միջինը ընդամենը 120 դրամ ա գալիս»:

Այս հաշվարկով մեկ տոննա կաթից ստացվում է 120.000 դրամ եկամուտ, սակայն կովի համար ծախսվում 2 տ խոտ, իսկ խոտի մեկ տոննան արժե 50.000 դրամ: Ստացվում է, որ 120.000 դրամից Հենրիկ Կիրակոսյանին մնում է միայն 20.000 դրամն ու իր կատարած դժվարին աշխատանքը: «Աշխարհում չկա մի անասնապահությամբ զբաղվող մարդ, որ անասնապահությամբ հարստացած լինի, դա բոլորը գիտեն: Բայց մեզ մոտ` Հայաստանում, ավելի տխուր վիճակ ա, որովհետև մեր ծախսերը շատ-շատ են: Թանկ առնում ենք, էժան ծախում: Կարճ ասած, նման տարբերակով ենք մենք աշխատում»:

Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանն էլ նշում է, որ իրենց գյուղում գրեթե բոլորն են անասնապահությամբ զբաղվում և իրենց տնտեսությունները զարգացնելու նպատակով նաև գյուղատնտեսական վարկերից են օգտվում: Այժմ էլ, ասում է, գյուղացիները սպասում են սուբսիդավորման վարկերին: Բայց միշտ չէ, որ վարկով վերցված գումարը նպատակին է ծառայում. «Մեկ էլ տենում ես` վարկը վեր կալավ, մոզի առավ: Բայց եթե ասենք մոզու արժեքն էդ պահին 100 դրամ ա, մսի վաճառելու պահին մեկ էլ տեսնում ես գինն ընկավ: Իրացման խնդիրը մի քիչ դժվար ա, քանի որ չկա կայուն շուկա: Տարվա ընթացքում մսի արժեքը 3-4 անգամ փոխվում ա, բայց խանությում չի փոխվում մսի գինը: Գլխի չես ըլնում՝ ինչ ա կատարվում: Խնդիրը հիմնականում շուկայի գինն ա, թե չէ մարդիկ ստեղծում են, տուժվում են»: Գյուղապետ Բաղիշ Վանյանը նշում է, որ այժմ ծրագրեր կան, ըստ որի՝ Շամուտի և հարևան 3 գյուղերի համար մեկ սպանդանոց ու կաթի վերամշակման արտադրամաս է կառուցվելու: Եթե ծրագիրն իսկապես իրագործվի, գյուղի կյանքում դա դրական փոփոխություն կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter