HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչ տանուլ տվեց և շահեց Հայաստանը ՄԱԿ-ում

Հայաստանն այն տասնմեկ երկրների ցանկում էր, որոնք երեկ դեմ քվեարկեցին Ուկրաինայի և մի քանի երկրների համահեղինակությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քննարկմանը ներկայացված բանաձևին: Մինչդեռ նախօրեին արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ Հայաստանն այդ բանաձևին ձեռնպահ է քվեարկելու: Սա նշանակում է, որ դեմ քվեարկելու որոշումը կայացվել է վերջին պահին, ամենայն հավանականությամբ` Մոսկվայի ուղղակի ճնշումների ներքո: Բանաձևին Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը և Սիրիան: Սրանք այն երկրներն են, որոնց միջազգային հանրությունն անվանում է բռնատիրական ռեժիմներով օժտված, և որոնցից յուրաքանչյուրի համար Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն` առաջին հերթին հենց ռեժիմների պահպանման տեսանկյունից: Պարզ երևում է, որ նրանք այդպես են քվեարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները չվտանգելու նկատառումներով, այլ ոչ թե Ղրիմի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և հարգելու սկզբունքից ելնելով: Նրանք պարզապես դեմ են քվեարկել, որովհետև այդ ակնկալիքը նրանցից ունեցել է Մոսկվան:

Հայաստանի համար ևս ելակետային նշանակությունն է ունեցել հայ-ռուսական հարաբերություններին չվնասելու գործոնը, ավելի ճիշտ` Կրեմլից այդ հարցում ունեցած անասելի վախի զգացողությունը: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանը, զուտ սկզբունքներից ելնելով, ուներ դեմ քվեարկելու բարոյական և քաղաքական իրավունքը, որը նրան տալիս էր ուկրաինական բանաձևի բովանդակությունը: Իսկ այն ոչ թե առաջադրում էր Ղրիմը Ռուսաստանին կցելու, այլ անցկացված հանրաքվեի լեգիտմության հարցը: Ուկրաինան Գերագույն Ասամբլեային այդ բանաձևով առաջարկում էր չճանաչել Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները և համարել, որ այն չի կարող Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի որևէ փոփոխության հիմք ծառայել: Այսինքն` տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հանրաքվեին` ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, որը պատասխանում է այն հարցին, թե արդյոք Ղրիմն ուներ հանրաքվե անցկացնելու և դրա միջոցով իր անկախությունը հռչակելու իրավունք: Եթե Հայաստանը կողմ քվեարկեր այդ բանաձևին, կամա թե ակամա պաշտպանելու էր պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը: Իսկ դա հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը միջազգային հանրության կողից ճանաչելուն հասնելու Հայաստանի քաղաքականությանը: Դա անուղղակիորեն նշանակելու էր չճանաչել 1991թ. ԼՂ-ում անցկացված հանրաքվեն, որը, իմիջիայլոց, միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխանության առումով ուղղակի անհամեմատելի է դրանից հետո տարբեր սուբյեկտների կողմից իրականացված ցանկացած հանրաքվեի կամ ինքնորոշմանն ուղղված պրոցեսների հետ: Ադրբեջանը ևս ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիր: Բայց ԳԱ-ում այն կողմ քվեարկեց ուկրաինական բանաձևին` հիմնավորելով դա հենց ԼՂ գործոնով, այսինքն` պատճառաբանելով, թե չի կարող այլ կերպ վարվել, քանի որ ունի Ադրբեջանին պատկանող ԼՂ-ի «օկուպացման» խնդիր: Եթե միջազգային հանրության համար հասկանալի է Բաքվի այս դիրքրոշումը, ապա պետք է որ հասկանալի լինի նաև Երևանի մոտեցումը:

Կարելի է, իհարկե, Ռուսաստանին ցանկացած պարագայում քննադատելու մղումներից ելնելով` արդարանալ, թե Ղրիմում տեղի ունեցածը իրական հանրաքվե չէ, քանի որ իրականացվել է ռուսական ավտոմատների փողերի ներքո: Դա, իհարկե, ճշմարտություն է: Բայց նույնանման ճշմարտություն է, որ նախ` Ղրիմի ազգաբնակչության մեծամասնությունն իր կամքով է քվեարկել անկախացման օգտին` տեսնելով ՌԴ-ին միանալու հեռանկարը, և երկրորդ` եթե ռուսական զինուժի ներկայությունը Ղրիմում չլիներ, դրա փոխարեն այնտեղ էր լինելու ուկրաինական զինուժը: Արդյոք այն ժամանակ, եթե ղրիմցիները ցանկություն հայտնեին հանրաքվե անցկացնելու, Կիևի կողմից այդ կամքի ճնշումը միջազգային հանրությունը գնահատելու էր որպես քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքի խախտում: Պատասխանն առավել քան ակնհայտ է: Բայց ամենակարևորն այն է, որ այսօրվա աշխարհում էականը ոչ թե սկզբունքներն, միջազգային իրավունքը, այլ դրանց մեկնաբանությունները: Եվ եթե աշխարհաքաղաքական կենտրոններին պետք եղավ, զուգահեռները կանցկացվեն անկախ մեր կամքից` դրանից բխող հետևանքներով: 

Հետևաբար, վերոնշյալը չի նշանակում, թե Հայաստանը պարտադիր կերպով պետք է դեմ քվեարկեր ՄԱԿ-ում, և որ դա ամենաճիշտ որոշումն էր` անկախ դրա քաղաքական ու բարոյական իրավունքն ունենալու հանգամանքից: Իրական քաղաքականությունն ավելի դաժան է և բազմաշերտ, քան իրականությունը զուտ ճշտի և սխալի պրիզմայով գնահատելը: Եվ այս իմաստով լավագույն լուծումը պետք է լիներ ձեռնպահ քվեարկելը: Դրանով նախ Հայաստանը չէր հակադրվելու ինքնորոշման իրավունքը միանշանակ պաշտպանելու սկզբունքային մոտեցմանը: Երկրորդ` շեշտվելու էր, որ Հայաստանն ունակ է արտաքին քիչ թե շատ անկախ քաղաքականություն վարել: Եվ երրորդ` Երևանը կխուսափեր Արևմուտքի հետ կառուցողական հարաբերությունները զարգացնելու կամուրջներն այրելուց և  բռնատիրական երկրների հետ ասոցացվելու ամոթալի իրողությունից: Այս քվեարկությամբ Հայաստանը կարծես թե վերջնականապես ընտրեց իր արտաքին քաղաքական վեկտորը, որի ողջ իմաստը սեփական վեկտոր չունենալն է և հարմարավետ տեղավորվեց Ռուսաստանի նստատեղի տակ:     

 

Մեկնաբանություններ (3)

Ռուբինա Օհանյան
Հոդվածագիրը ինքն իրեն հակասում է այս գրությունում:
Արմինե Սիմոնյան
Հոդվածագիր Արմեն Առաքելյան, դուք սխալվում եք, ասելով, թե : Այս մասին հերքել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Իսկ ահա, թե ինձ հետ հարցազրույցում այդ մասին ինչ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը.: http://www.armar.am/?p=63842
Ararat Araksyan
hamamit em hodvatsi het. Hayastany petk e minimum dzernpah kvearker, baits vstahabar karogh er ev petk er nayev kvearker Ukrainai ogtin. Hents tsuyts tar vor Gharabaghi ev Krimi khnduinery tarber en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter