HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանը հրաժարվում է 7% տնտեսական աճից

Առաջիկա 12 տարում Հայաստանի տնտեսական աճը կլինի 5.5-6.5% շրջանակներում: Այդ կանխատեսումն է ընկած մարտի 27-ին ՀՀ կառավարության հաստատած «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում»:

Այս ծրագիրը փաստացի փոխարինում է 2008թ. հաստատված «Կայուն զարգացման ծրագրին», որը հաշվարկված էր մինչև 2021թ., սակայն ճգնաժամի պատճառով վերանայվում է: Նշենք, սակայն, որ Կայուն զարգացման ծրագրում ևս տնտեսական աճը 2011 թվականից հետո կանխատեսվում էր 6%-ի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարությունից առաջիկա տարիներին ակնկալել է առնվազն 7% տնտեսական աճ: Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ դա գործնականում անհնար է: Բացի այդ՝ կառավարությունը 2014թ. բյուջեի հիմքում դրել է 5.2% աճի կանխատեսումը, ինչը նույնիսկ կարելի է ռիսկային համարել ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Իհարկե, չի բացառվում, որ որոշ տարիների Հայաստանին հաջողի ապահովել 7% կամ ավելի բարձր աճ, սակայն դա ավելի շուտ կլինի բացառություն, քան օրինաչափություն:

Կառավարության ծրագրում նշվել է, որ տնտեսական աճը կապահովվի հիմնականում արդյունաբերության ու ծառայությունների հաշվին: Սա էապես տարբերվելու է մինչ ճգնաժամը դրսևորված աճից, որն ապահովվել է առավելապես շինարարության հաշվին: Արդյունաբերության աճի կանխատեսումները 2017 թվականից հետո բարձրացվել են մինչև տարեկան 8.2%, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Դրա հիմնական գրավականը լինելու է արտահանման աճը, թեև նշվել է, որ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքումից հրաժարումը կարող է որոշ խնդիրներ առաջացնել ԵՄ-ի հետ առևտրում, նույնիսկ հանքարդյունաաբերական արտադրանքի արտահանման մասով: Սակայն կառավարությունում հուսով են, որ դա միայն կարճաժամկետ ազդեցություն կունենա:

Ենթադրվում է, որ 2025թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի  9400 դոլար` ներկայիս 3400 դոլարի համեմատ:

Կառավարության նոր ծրագրի հիմնական առանցքներից մեկը զբաղվածության կտրուկ աճն է: Կառավարությունը խոստանում է առաջիկա 4 տարում 60 հազ. նոր աշխատատեղ ոչ գյուղատնտեսական սեկտորում, իսկ մինչև 2021թ.՝ մինչև 135 հազ. աշխատատեղ: Ընդ որում՝ խոսքը հիմնականում որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի մասին է: Սա բավական հավակնոտ ծրագիր է՝ նույնիսկ 2000-ական թվականներին չէր հաջողում տարեկան 15 հազ. աշխատատեղ ստեղծել, թեև շինարարությունում դա ավելի հեշտ է անել, քան արդյունաբերությունում: Ամենայն հավանականությամբ, կառավարության կանխատեսումներում կարևոր դեր է վերապահված հանքարդյունաբերական խոշոր ծրագրերին՝ Թեղուտ և Ամուլսար, քանի որ նման ծրագրերը նաև համակարգաստեղծ ազդեցություն են գործում:

Նախորդ ռազմավարական ու երկարաժամկետ ծրագրերում հիմնական շեշտը դրվում էր աղքատության կրճատման վրա, դրա շուրջ էլ կառուցվում էին տնտեսական ու սոցիական քաղաքականության հիմնական դրույթները: Նոր ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շեշտադրումը կատարվել է զբաղվածության աճի վրա, ինչն ինքնըստինքյան պետք է հանգեցնի աղքատության կրճատման: Սակայն, այս ծրագրերին կարող են խանգարել աշխարհաքաղաքական նոր իրողությունները, թեև Ուկրաինայի շուրջ կարծես թե սուր զարգացումներ, բարեբախտաբար, տեղի չեն ունենում:

 

Լուսանկարը` www.president.am-ի

Մեկնաբանություններ (1)

rita
mer karavarutyun@ gnalov nmanvum e mi anbaro knoj,ov vatnum e mi jarangutyun vor iren 4i patkanel ev luma el 4uni nerdrac ir vox4 kyanqum,miayn erexanerin shaharkelov pox e muracel u erexanerin el toxel anter,hima erexaner@ irenc ujerov votqi en kangnel, erexaneri poxern e tnorinum.Bayc giteq 4e nman erexaner@ in4 patasxan en talis nman cnoxin...................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter