HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հայկական երգեր երգելիս ինձ հայ կզգամ». արգենտինահայ երգչուհի

Արգենտինահայ երգչուհի Վալերիա Չերեկյանի երգացանկը ներառում է իսպանական տանգոներ ու հին հայկական երգեր: Եթե տանգոյի միջոցով բացահայտվում է նրա բուռն, ինչ-որ տեղ տաքարյուն բնավորությունը, որը նա փոթորիկի պես ներկայացնում է բեմի վրա, ապա հայկական երգերը նրան տանում են դեպի իր արմատներն ու ծագումը:  

«Այդ երկու երաժշտությունն է, որ ես կհուզվեմ, երբ կլսեմ, կհասկանամ, որ սրտի և հոգու մեջ եմ, որովհետև մեզ հետ ապրում են այդ երգերը: Եվ ոչ միայն ինձ հետ, այլև ապրում են մեծ հայրիկիս, իր հայրիկի հետ, - ասում է Վալերիան: - Ոչ թե սովորելով եմ ասում, թե ինչ լավ մշակույթ ունենք, այլ զգալով»:

Արգենտինահայ երգչուհին կրթությամբ իրավաբան է, բայց մասնագիտությամբ աշխատելու փոխարեն նախընտրել է երգարվեստը: «Երբ ես ծնվել եմ, անմիջապես հայկական երաժշտություն լսեցի», - ասում է Վալերիան: Նա ծնվել և մեծացել է Արգենտինայում, որտեղ Ցեղասպանությունից առաջ տեղափոխվել էին իր պապիկն ու տատիկը: Հայաստանում Վալերիան եղել է երեք անգամ, բայց այժմ էլ փափագում է այստեղ գալ: Ասում է՝ այստեղ ինքը և օտար է, որովհետև այստեղ չի ապրում, բայց և օտար չէ, որովհետև արմատներով հայ է:    

«Երբ գալիս եմ Հայաստան, կարծես թե տուն վերադառնամ և չեմ ուզում հետ գնամ, բայց ստիպված եմ», - ասում է սփյուռքահայ երգչուհին:

Առաջին անգամ Վալերիան հայկական երաժշտություն լսել է հորական պապից եւ տատից, ովքեր մշտապես երգում էին: Նա հիշում է, որ տատն իր համար հաճախ էր երգում «Օրորը»:  

«Այդ «Օրորը» իմ ամենասիրած երգն է, իմս է այդ երգը, - ասում է Վալերիան: - Հիմա էլ ես կերգեմ այդ «Օրորը», երբ համերգ կտամ»:

Նա համոզված է, որ երգչուհու ուղին է ընտրել, որովհետև մանկությունն անցկացրել  է պապի ու տատի հետ: Ընտանիքում նրան նմանեցնում են նաեւ հորեղբորը, ով նույնպես երգել է: Հենց նրա կատարմամբ է Վալերիան լսել իսպանական այն տանգոները, որոնք նա այժմ երգում է: Հայկական երգերից երգչուհին սիրում է գուսանական և աշուղական երգերը: Ասում է, որ հայկական երգերն անբացատրելի ազդեցություն ունեն իր վրա: Դրանք ունեն պարզ բառեր և երաժշտություն, ներկայացնում են հասարակ գյուղական, դաշտային աշխատանքների մասին պատմություններ, բայց իրենց էությամբ հզոր են: Այդ երգերից շատերի մեջ կա նաև մեծ ցավ ու խոր ապրումներ: Բառերն անգամ դժվար է թարգմանել այլ լեզվով: Վալերիան զարմանքով ասում է, թե չգիտի՝ ինչպես կարելի է թարգմանել օրինակ՝ «մատաղ լինեմ քեզ»:

«Իմաստը հասկանում եմ, բայց թարգամանելիս իմաստը կորում է: Հասկանալու համար պետք է հայերենով զգալ և մտածել», - ասում է նա:

Այդպիսին են նաև Կոմիտասի երգերը, որոնք «պարզ եղանակով մեծ եղանակ մը ունին»: Վալերիան ասում է, որ դրանք հանգիստ և մաքուր երգեր են, բայց և դժվար է լավ ներկայացնել Կոմիտասի երաժշտությունը:

«Հայկական երգերն ինձ համար ամենաբարձր մակարդակն են:  Հայկական երգեր երգելիս ես ինձ հայ կզգամ, - ասում է երգչուհին: - Մենք շատ հարուստ մշակույթի մաս ենք: Բայց դժվար է այդ մշակույթը պահել հատկապես սփյուռքահայերիս համար, ովքեր հեռու են հայրենիքից»:

Մոտ 5 ամիս առաջ Վալերիան համերգ է տվել Բուենոս-Այրեսի հայկական համայնքի համար: Ասում է, որ համերգը լավ անցավ, բայց իր համար դժվար է նման համերգների կազմակերպումը:

«Ես կընեմ, որովհետև պետք է անեմ: Մենք շատ ենք և շատ չենք, - բացատրում է երգչուհին: - Շատ ենք, որովհետև սփյուռքը շատ է այստեղ, բայց երբ մշակութային առիթ կա և պետք է գանք տեսնենք մեր մշակույթը, չենք գալիս: Ես կջանամ անել, որովհետև սիրում եմ հայկական մշակույթը: Կարևոր է, որ մենք՝ արվեստագետներս և մշակութային գործիչներս, ովքեր հեռու ենք հայրենիքեն, կարողանանք մշակույթն այստեղ պահել»:

Վալերիան ծիծաղելով ասում է, որ արվեստագետի կյանքը «նորմալ կյանք չէ»: Նա գրասենյակ չունի, որպեսզի ամեն օր գնա աշխատի և կոնկրետ ժամի գա տուն: Օրեր են լիում, երբ լարված աշխատում, պարապում է, բայց օրեր կան, երբ ժամանակավոր դադար է իր մոտ: Բայց երաժշտությունն է, որ ամեն անգամ նրան ուժ է տալիս առաջ շարժվել:

«Ամենադժվար պահերին մտածում եմ, որ կարևորը իմ ընտանիքն ինձ հետ է, և որ հնարավորություն ունիմ երգելու, որն իմ կյանքն է», - ասում է Վալերիան:

Այժմ Վալերիան երաժշտական ծրագիր է մշակում, որպեսզի համերգային ծրագրով գա Հայաստան:

Մեկնաբանություններ (1)

aram
Another jewel in the Diaspora. We are (still) alive and inspired by the Motherland

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter