HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Մեր դիվանագիտությունն ունի պոտենցիալ մի քանի տասնյակ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնելու»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անվտանգության դեպարտամենտի երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլիի այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի «արդար կողմը պաշտպանելու փոխարեն համագործակցում է Հայաստանի հետ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը որակեց որպես «դիվանագիտական մեծ սխալ»:

Ադրբեջանն անընդհատ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով, թե երկար սպասել չի կարող և պատրաստվում է պատերազմի: Այդ սպառնալիքները դատապարտվում էին անգամ միջազգային հանրության կողմից: Սակայն Ադրբեջանում հստակ հասկացան, որ իրենց ուժերից վեր է իրականացնել իրենց խոստումները՝ սկսել պատերազմ և այն հաղթել:

Մյուս կողմից` խնդիր է առաջանում իրենց քարզոչության պատճառով. պետք է պատասխան տալ իրենց ժողովրդին, թե ինչու նման հայտարարություններին չեն հաջորդում գործնական քայլեր: Տվյալ դեպքում Ադրբեջանի համար լավագույն միջոցն ամբողջ մեղքը Հայաստանի վրա բարդելն է` մեղադրելով, որ հայերն ունեն ավելի շատ զորք, քան թույլատարվում է միջազգային օրենքների համաձայն, գնում են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և այլն:

Իրականում վերջին ամսվա ընաթցքում Ադրբեջանի` Հայստանի դեմ մեղադրանքների պատճառը, քաղաքագետի կարծիքով, սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթն էր և դրա արդյունքում առաջացած տեղեկատվական մեծ հոսքը:

Անդրադառնալով Ադրբեջանի` սահմանին պատ կառուցելու խնդրին, որը նրանք համեմատում են չինական պատի հետ, քաղաքագետը նշեց, որ այն լինելու է «քարոզչական պատ Ադրբեջանի համար և ոչ ավելին»: Այն չի ունենա պաշտպանական նշանակություն:  Բացի այդ` Ադրբեջանը «սկսել է կաշառել Ուրուգվայի պաշտոնատար անձանց»: Սակայն Մելիք-Շահնազարյանի կարծիքով` կարևորն այն է, որ եկել է «ինչ-որ ստատուս Արցախին տալու ժամանակը»:

Նա նշեց, որ Ռուսաստանում հասկանում են, որ Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացում իրական արդյունքներ չեն լնելու: Այդ պատճառով այնտեղ շատերը քննադատում են Մեդվեդևին, որ նա չունի այնքան քաղաքական պոտենցիալ, որպեսզի լուծի նման փոքր երկրների հաշտեցման խնդիրը: Ռուսական կողմն արդեն հայտարարել է, որ մինչև ՌԴ նախագահական ընտրությունները, որպես միջնորդ, երկիր հանդիպում չի կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի միջը: Այսինքն` Դ. Մեդվեդևը չի շարունակի բանակցային գործընթացը, իսկ նրա հավանական փոխարինող Վ. Պուտինն այժմ ավելի կարևոր խնդիրներ ունի, մասնավորապես` Ուկրաինայի և Աֆղանստանի հետ կապված:

Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստանի նոր ղեկավարության կողմից ճնշում չի լինելու ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի վրա: Միակ նպատակը Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելն է:  Մյուս կողմից` հավանական է, որ հերթական միջնորդ երկրի դերը ստանձնի և հետագա հանդիպումը կազմակերպի Ֆրանսիան:

Սակայն Մելիք-Շահանզարյանի կարծիքով` Ֆրանսիան նույնպես մեծ հաջողություն չի ունենա: Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը դեռ կձգձգվի մի քանի տարի: Նրա կարծիքով` պարզապես այդ ընթացքում եղած ժամանակը պետք է օգտագործել ունեցած հաջողություններն ամրագրելու համար:

Նրա կարծիքով` տվյալ դեպքում Հայաստանի առաջնային խնդիրն ազատագրված տարածքների վերաբնակեցումն է: Քաղաքագետի խոսքերով` Հայաստանը կորցրել է վերջին 20 տարիները, երբ կար հնարավորություն խաղաղ պայմաններում դա անել: Եվ չնայած վերաբնակեցման համար կան մեծ տնտեսական խնդիրներ, վախեր` սահամանում ապրելու և այլ գորոծոնների հետ կապված, այնուամենայնիվ, իրավիճակի փոփոխության միակ տարբերակն այդ տարածքների վերաբնակեցումն է:

Իսկ Ֆրանսիայի և Արևմուտքի շահագրգռվածությունը տարածաշրջանում, քաղաքագետի խոսքերով, կապված է Թուրքիայի ակտիվացման հետ, որը նրանք փորձելու են զսպել:

Նա նաև նշեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդ առաքելություն ունեցող խմբից վերածվել է կոնսուլտատիվ բնույթ ունեցող խմբի», որի համար կարևոր չէ՝ տվյալ տարածքն ում կպատկանի, այլ կարևորը տարածաշրջանում խաղաղություն ապահովելն է: Շարունակելու են վարվել «դեկորատիվ քաղաքականություն»` առանց կոկնկրետ լուծումների:

Մելիք-Շահնազարյանի խոսքերով` ձևաչափի միակ փոփոխությունը կարող է կապված լինել բանակցային գործընթացին Արցախի ներգրավմամբ: Նրա կարծիքով` եթե Հայաստանը և Արցախը սկսեն ԼՂՀ ճանաչման գործընթացը, ապա ավելի մեծ հաջողություններ կունենան, քան Ռուսաստանը` Աբխազիայի և Օսեթիայի ճանաչման դեպքում: Սակայն Արցախի ճանաչման գործընթացը չի սկսվում ռազմաճակատում իրավիճակը չսրելու համար:

«Մեր դիվանագիտությունն այսօր ունի այդ պոտենցիալը մի քանի տասնյակ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնելու և այնտեղ հաջողության հասնելու»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter