HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար ցածր տնտեսական աճ է կանխատեսում

Ասիական զարգացման բանկը ապրիլի 1-ին հրապարակել է ասիական տարածաշրջանի երկրների տնտեսական աճի կանխատեսումները առաջիկա երկու տարվա համար: Հայաստանի համար ԱԶԲ-ն 2014 թ. կանխատեսել է 4.6% տնտեսական աճ, իսկ 2015 թ.՝ 5%:

Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զիջում են ոչ միայն ՀՀ կառավարության սպասումներին, այլև ցածր են մեր տարածաշրջանի մյուս երկրների ցուցանիշներից: Այսպես՝ ՀՀ պետական բյուջեում 2014 թ. համար հիմք է ընդունվել ՀՆԱ-ի 5.2% աճը:

ԱԶԲ-ն Ադրբեջանի համար 2014 թ. կախատեսել է 5%, Վրաստանի՝ համար՝ 5.5% աճ: Ասիական տարածաշրջանի համար միջին աճը կանխատեսվել է 6.2%:

Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները հաշվի չեն առնում ոչ ուկրաինական ճգնաժամից եկող ռիսկերը, ոչ էլ վերջին ցրտահարությունը:

ԱԶԲ տնտեսագետ Գրիգոր Գյուրջյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց, որ դժվարանում են գնահատել, թե Մաքսային միությանն անդամակցությունը կարճաժամկետ հեռանկարում դրական, թե բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Որպես դրական ազդեցություն` նշվեց ներդրումների հոսքը Ռուսաստանից, մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, իսկ որպես բացասական ազդեցություն՝ մաքսատուրքերի բարձրացումը: Սակայն, ըստ Գ. Գյուրջյանի, երկարաժամկետ կտրվածքով օգուտները կգերազանցեն վնասներին:

ԱԶԲ գնահատականներով՝ առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը կշարունակի բիզնես միջավայրի բարեփոխումները, կաջակցի արտահանմանը, հանրային հատվածում աշխատավարձերը կբարձրանան, պետական պարտքը կկայունանա, իսկ դրամավարկային քաղաքականությունը միտված կլինի տնտեսական ակտիվության խթանմանը: Սակայն նման լավատեսական հեռանկարների պարագայում անգամ կանխատեսվել է տնտեսական աճի համեմատաբար ցածր տեմպ:

Նշենք, որ ԱԶԲ-ն Հայաստանում ֆինանսավորում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը: Առաջին վարկային գիծը կազմել է 60 մլն դոլար, ինչը թույլ է տվել սկսել աշխատանքները: Հաստատվել է նաև երկրորդ վարկային գիծը՝ 170 մլն դոլարի չափով, այն կհատկացվի 2014 թ.: Բացի այդ, սկսած 2005 թվականից ԱԶԲ-ն  Հայաստանում 133 մլն դոլար արժողությամբ ծրագրեր է իրականացրել մասնավոր սեկտորի հետ:

Մասնավորապես՝ ԱԶԲ-ն վարկավորում է Արփա-Սևան թունելի շինարարությունը, ու այդ նպատակով 2013 թ. հատկացրել է 25 մլն դոլար: Բանկը նաև վարկային ռեսուրսներ է տրամադրել 4 առևտրային բանկերի, մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի շինարարության ֆինանսավորմանը, համատեղ ծրագրեր է իրականացրել նաև Վերակառուցման և զարգացմաան եվրոպական բանկի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter