HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրանժի» մրցույթի ժյուրիի մոդերատորի նամակը «Հետքին»

Այսօր «Հետքի» ֆեյսբուքյան էջին նամակ է գրել Մկրտիչ Մաթևոսյանը` ներկայանալով որպես «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի մոդերատոր: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ՀԵՏՔ-ի խմբագրակազմ

Ուզում եմ պարզաբանում մտցնել Օրանժի մրցույթի աղմկահարույց հրապարակման շուրջ՝ որպես ժյուրիի մոդերատոր /առանց ձայնի իրավունքի/ եւ մրցույթի համակազմակերպիչ որպես Հայ գրքի կենտրոն ՀԿ-ի նախագահ.

Ներկա վիճակը ծուռ հայելու արտացոլանք է հիշեցնում... Այո, եղել է Orange-ի կողմից որոշակի մտահոգություն, որին հետեւել է քննարկում: Կարծիքների փոխանակումից հետո անցավ իմ առաջարկը, այն է՝ ստեղծագործությունները դիտարկել զուտ գեղարվեստական արժանիքներից ելնելով, հաշվի չառնելով հեղինակների անձը կամ կարգավիճակը: Ժյուրիի անդամներից ոմանք խոստովանեցին անգամ, որ Մհերի գործը գնահատելիս, նրա ներկայիս կարգավիճակը իրենց որոշման վրա ազդել է, այլապես պատմվածքը կարող էր եւ չընդգրկվել լավագույն եռյակում:

Բոլորն հանգեցին այն մտքին, որ մրցույթը գրական է, այլ ոչ մարդասիրական, եւ կողմնորոշիչ պետք է լինի հենց այդ հանգամանքը եւ ոչ հասարակական-քաղաքացիական դիրքորոշումը: Իմ առաջարկը որեւէ առարկության չի հանդիպել, որին եւ հետեւել է ժյուրիի քվեարկությունը, ինչը եղել է ազատ եւ անկաշկանդ: Քվերակության արդյունքում «Ցեցի դեղը» ստեղծագործությունը հաղթել է միաձայն:

Ես նաեւ առաջարկեցի (ինչպես հայտարարել էի Գրքի մրցանակի մեկնարկային ասուլիսի ժամանակ) հրատարակել մրցույթին ներկայացված լավագույն գործերից պատկերապատման (կոմիքսների) ժողովածու, որտեղ կներառենք մեր ընտրությամբ մի քանի գործեր, եւ առաջարկեցի, ի թիվս այլ գործերի, հրատարակել նաեւ Մհեր Ենոքյանի գործը»:

Նշենք, որ «Օրանժ» գրքի մրցանակի պատմվածքի ժանրում այս տարի ներկայացված էր նաեւ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» ստեղծագործությունը, որը հայտնվել էր լավագույն եռյակում, սակայն մրցանակի չի արժանացել:

Մրցանակաբաշխությանն առնչվող «Հետքի» աղբյուրը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ մրցույթի վերջին փուլում, երբ ավարտվել է օնլայն քվեարկությունը, եւ ժյուրին պետք է վերջնական որոշում կայացներ, «Orange Armenia» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը հանդիպել է ժյուրիի անդամներին եւ պահանջել Մհեր Ենոքյանի գործը «բաց թողնել» եւ քվեարկությունը կազմակերպել առանց այդ ստեղծագործության:

Աղբյուրը պատմում է, որ ժյուրիի անդամներն ընդդիմացել են՝ նշելով, որ դա միակ գործն է, որի օգտին բոլորը միահամուռ պատրաստվում էին քվեարկել: «Orange Armenia»-ի մարքեթինգի տնօրենը ի պատասխան նշել է, թե անձնապես ինքն էլ ոչինչ չունի այդ ստեղծագործության դեմ, բայց բոլորը գիտեն թե իշխանության եւ թե հասարակության վերաբերմունքը այդ մարդու հանդեպ:

«Միգուցե անձնապես բոլորս էլ հավանում ենք նրա գործը, բայց կազմակերպության հեղինակությունն ընկնում է, երբ այդ կազմակերպությունը մրցանակ է տալիս մի մարդու, ով մարդասպան է ընկալվում»,- մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Արամ Մկրտչյանը:

Իսկ երեկ Hayeli.am-ի հետ զրույցում ժյուրիի անդամ Արծվի Բախչինյանը հաստատել էր, որ ընկերության ներկայացուցչի կողմից ճնշում է եղել, և ժյուրին չի քննարկել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատատություն» պատմվածքը: «Այո՛, ճնշում եղել է: Մենք չենք քննարկել և չենք քվեարկել  Մհեր Ենոքյանի գիրքը»,- ասել է Արծվի Բախչինյանը:

Լուսանկարում` «Orange Armenia» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը և նամակի հեղինակ Մկրտիչ Մաթևոսյանը

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Ժյուրիի առանց ձայնի իրավունքի մոդերատորի ձայնը այնուամենայնիվ իր ուղղորդող դերակատարությունը ունեցել է, ճիշտ այնպես ինչպես մարդ դատելիս դատավորների վրա ներգործում է ոչ թե օրենքը, այլ ինչ որ տեղից հեղինակավոր հեռախոսազանգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter