HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչյա Հարությունյան. «Դիսթրիբյուշն Արմենիա ընկերությունը եղել է թյուրիմացություն»

Կիմա Խաչատրյան

Երեք օր առաջ գրել էինք «բարեգործական ակցիաների» անվան տակ կոմերցիոն գործունեությամբ զբաղվող ամսագրերի մասին: Մասնավորապես, պատմել էինք դրանցից մեկի` «Դիլ Մասթեր» ընկերության մասին: Բայց այն միակը չէ: «Հետքի» խմբագրությունը նման առաջարկով հեռախոսազանգ ստացավ «Դիսթրիբյուշն Արմենիա» կազմակերպությունից: Հեռախոսավարուհին նշեց, որ հեքիաթի գրքեր են վաճառում բարեգործական նպատակներով, և որ դա այդ կազմակերպության առաջին ակցիան էր:  Հեռախոսավարուհին մեզ չփոխանցեց ընկերության տնօրենի հեռախոսահամարը, չփոխանցեց նաև այն երեխայի կոնտակները, ում պատրաստվում էին օգնել: Ցանկացանք կապ հաստատել նաև ընկերության մենեջերի  հետ, ով այդ պահին տեղում չէր, մեզ խոստացան զանգահարել, սակայն մինչ օրս ընկերությունից զանգ չենք ստացել:

Այդ կազմակերպությունը, ինչպես պարզեցինք հեռախոսազանգից հետո, ընկերությունների գրանցման պետական ռեգիստրում չկա, այսինքն` գրանցված չէ Հայաստանում: Այժմ Հրաչյա Հարությունյանը` տնօրենը, նշում է, որ դա թյուրիմացություն է եղել:

«Դիսթրիբյուշն Արմենիա» ընկերությունը թյուրիմացություն էր: Այն բացվել է ԱՁ-Ի տեսքով, որպեսզի զբաղվեր բեռնափոխադրումներով, սակայն հետագայում դրա անվան տակ վաճառվել են «Սեդի Դիզայն» և «Ես ու Դու» բարեգործական ամսագրերը: Իմ բոլոր ամսագրերը եղել են բարեգործական: Օգնել ենք ինչպես անհատների, այնպես էլ մանկատների: Այդ ամենը դուք կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև You Tube-ում՝ տեսանյութի տեսքով: Ամսագիրը բացվել է անցյալ տարի օգոստոս ամսին: Այդ ընթացքում եղել են նախապատրաստական աշխատանքներ, դրանից հետո ամսագիրը չի գործել և իմ ԱՁ-ի հետ միասին փակվել է: «Սեդի Դիզայնը» կոնկրետ գործել է երկու-երեք ամիս, առաջին համարում բարեգործություն չի կատարվել: Արդեն հաջորդ համարում օգնել ենք մեկ հոգու: Այնպես որ, չգրանցված լինելու մասին խոսք լինել չի կարող»,-պատասխանեց ընկերության հիմնադիր Հրաչյա Հարությունյանը:

«Դիլ Մասթեր» ընկերության «Գիտունիկ» ամսագիրը «Ես ու Դու» բարեգործական ամսագրի հետ միասին կատարել է նաև բարեգործություն 300 հազար դրամի չափով:

«Ես ու Դու»  բարեգործական ամսագիրը ևս հանդես է եկել «Դիսթրիբյուշն Արմենիա» ընկերության անվան տակ և պատկանել է Հրաչյա Հարությունյանին:
Այն հարցին, թե ի՞նչ կապ կա «Դիլ Մասթեր» և «Դիսթրիբյուշն Արմենիա» ընկերությունների միջև, Հրաչյա Հարությունյանը պատասխանեց. «Կապը եղել է այն, որ մենք աշխատել ենք նույն շենքում: Իմացել ենք, որ «Դիլ Մասթերը» պատրաստվում է օգնել մանկատանը, մենք էլ միացել ենք իրենց ու օգնել ենք: Ես փոխանցել եմ 150 հազար դրամ այդ բարեգործական ակցիայի համար: Օգնել ենք «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին»,- ասաց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter