HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ընդգրկվել է ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի ծրագրում

Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) նախագահ Ռաջիվ Շահը Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով:

ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիան կսատարի բեկումնային լուծումներին ջրային ռեսուրսների, առողջապահության, սննդի անվտանգության և առողջ սնուցման, էներգետիկայի, կրթության և կլիմայի փոփոխության ոլորտներում` առաջիկա հինգ տարիներին աջակցելով 200 միլիոն մարդու: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է իր ներդրումները` հիմնվելով գիտության և նորարարության ապացուցված ազդեցության վրա: 2008 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել էր մոտ $127 միլիոն օժանդակություն հետազոտությունների և զարգացման ուղղությամբ: Այժմ Գործակալությունը ծախսում է $611 միլիոն հօգուտ ոչ միայն հետազոտությունների, այլ նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում նորարարության և կիրառական լուծումների իրականացման:

«Լաբորատորիան գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կներգրավի համաշխարհային հանրությանը, այդ թվում` գյուտարարների, գիտնականների, հետազոտողների, ձեռներեցների, ներդրողների և կորպորատիվ առաջնորդների` ներդրումներ կատարելու, առավել խոստումնալից և շահավետ լուծումները փորձարկելու և ընդարձակելու համար` օգնելով վերջ դնել ծայրահեղ աղքատությանը», – ասել է Շահը:

Հայաստանն աշխարհում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելություններից ընտրյալ քսան երկրներից մեկն է, որոնք առաջատար կհանդիսանան գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերային (ԳՏՆԳ) նախաձեռնությունների ասպարեզում:

ԱՄՆ ՄԶԳ նախագահ Շահի` զարգացման ոլորտում գիտության ու տեխնոլոգիաների դերը կարևորելու ջանքերը համապատասխան հիմքեր ունեն Հայաստանում, որը նախկին Խորհրդային Միության երբեմնի հիմնական հանգույցն էր էլեկտրոնային ծրագրերի մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, և կիսահաղորդիչների արտադրության բնագավառում: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրել է մոտ $45 միլիոն օժանդակություն ԳՏՆԳ-ին առնչվող հայաստանյան ծրագրերում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրի, կառավարման և առողջապահության ոլորտներում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն ասել է. «Գիտությունը, տեխնոլոգիաները, նորարարությունն ու գործընկերությունները Հայաստանի զարգացմանն ուղղված մեր մոտեցման անբաժանելի մասն են կազմում: Հիմնվելով երկրի համեմատական առավելության և մաթեմատիկայի ու գիտության ոլորտում աշխատուժի ուժեղ կարողությունների վրա, ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել Հայաստանի զարգացման մարտահրավերներն առճակատելու համար նոր տեխնոլոգիաներ կիրառելու և Հայաստանի անցումը դեպի մրցունակ, գիտելիքահեն տնտեսության աջակցելու նպատակով: Մոտակա տարիներին մենք մտադիր ենք շեշտադրել ջրային ռեսուրսների կառավարման և մաքուր էներգիային առնչվող նախագծերը»:  

Լաբորատորիայի հիմնադիր գործընկերների շարքում են բազմաոլորտ կորպորացիաներ, այդ թվում Cargill, Cisco, Citi, Coca-Cola, DuPont, GlaxoSmithKline, Intel, Johnson & Johnson, Microsoft, Nike, Syngenta, Unilever, և Walmart, հասարակականկազմակերպություններ և հիմնադրամներ, այդ թվում` Care, the Bill & Melinda Gates Foundation, Catholic Relief Services, Global Impact Investing Network, Plan, Save the Children, the Skoll Foundation, World Vision, Գիտությունների ազգային ակադեմիան, և Սմիթսոնյան ինստիտուտը, համալսարաններ, այդ թվում` Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ջոնս Հոփքինսի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը, Միչիգանի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլի ինստիտուտը, Տեխասի A&M համալսարանը, Ուիլյամի ու Մերիի Քոլեջը, ինչպես նաև երկկողմ դոնոր-պետություն` Շվեդիան:

Այս գործընկերները կներդնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, մեծ մասնագիտական փորձ, կատարելագործված հետազոտությունների և զարգացման մեթոդների կարողություններ, գնորդների, մատակարարների ու համայնքային կազմակերպությունների լայն ցանցեր, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերությունների միջոցով ավելի քան $30 միլիարդ անկախ ներդրումներ զարգացող շուկաներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter