HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Տիգրան Սարգսյան. վարչապետության 6 տարին

Հայաստանի նման երկրներում 6 տարին շատ է վարչապետության համար: Ձևավորված քաղաքական մշակույթի պայմաններում վարչապետը քավության նոխազ է բոլոր տեսակի սոցիալ-տնտեսական ձախողումների պարագայում, սակայն դափնիները պետք է կիսի նախագահի ու իշխող կոալիցիայի հետ: Հետևաբար, ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ձևավորվում է տվյալ անձի դեմ ուղղված բացասական ազդակների կրիտիկական զանգված, ու ինչ-որ պահի այդ էմոցիաներն անկառավարելի են դառնում: Փորձենք, անուամենանիվ, գնահատել Տիգրան Սարգսյանի վարչապետությունը՝ զերծ մնալով բոլոր այդ էմոցիաներից:

Սկիզբը

Տ. Սարգսյանը վարչապետ է նշանակվել 2008 թ. ապրիլին, երբ տնտեսությունը դեռևս գտնվում էր երկնիշ աճի տիրույթում, ու Հայաստանում որևէ մեկը մտահոգված չէր համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Տ. Սարգսյանի հիմնական խնդիրն էր պահպանել ու արագացնել տնտեսական աճը՝ բարելավելով տնտեսության կառուցվածքը: Կառավարություն գալով կենտրոնական բանկից՝ Տ. Սարգսյանը մի որոշ ժամանակ գտնվում էր ԿԲ փորձագիտական գնահատականների ու կանխատեսումների ազդեցության ներքո, ինչն էլ թույլ տվեց նրան 2008 թ. հոկտեմբերին «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում հայտարարել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա էապես չի ազդել ու չի ազդի: Այդ հայտարարության հիմքում այն էր, որ մեր կապիտալի շուկան կայացած չէ ու ինտեգրված չէ համաշխարհային շուկաներին, որոնցում արդեն ցնցումներ կային: Վաչապետի այդ հայտարարության ժամանակ, ճակատագրի հեգնանք էր, իհարկե, բայց ցուցահանդեսի դահլիճում էլեկտրականությունն անջատվեց: Այնուամենայնիվ, արդեն դեկտեմբերին Տ. Սարգսյանը բյուջեի հաստաման հետ մեկտեղ ստիպված էր ներկայացնել նաև հակաճգնաժամային ծրագիր: Բայց դա ավելի շատ քաղաքական ակցիա էր՝ պատգամավորներին հանգստացնելու համար:

Ճգնաժամի ընթացքում

2009 թ. սկզբներին պարզ դարձավ, որ Հայաստանը ավելի խորն է ընկղմվում ճգնաժամի ճահիճը, քան ենթադրվում էր: Պետական բյուջեի եկամուտները շեշտակի նվազեցին, մետաղների գները անկում ապրեցին, երկիրը սկսեց արտարժույթի պակաս զգալ: Տնտեսվարողներից շատերը չէին կարողանում վերակնքել պայմանագրերն այլ երկրների գործընկերների հետ, ինչն ազդեց տնտեսական ակտիվության վրա: Այս պայմաններում անսպասելիորեն կենտրոնական բանկն անցավ դրամի ֆիքսման քաղաքականության, սա նման էր նրան, որ ընկածին ոտքով հարվածես: ԿԲ այդ որոշման հետ Տ. Սարգսյանը որևէ առնչություն չուներ, ու կարծում եմ՝ հավանություն չի տվել: Դա ավելի շուտ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարական էր ԿԲ-ին՝ որպես լիբանանյան հաջողված փորձի ընդօրինակում: Փոխարժեքի ֆիքսման փորձերը հանգեցրին ֆինանսական համակարգի կաթվածի. պետական պահուստներն անիմաստ մսխվում էին, իսկ բանկերը փետրվար-ապրիլին գործնականում դադարեցրին վարկավորել տնտեսությանը, մի բան, որ տեղի չէր ունենում աշխարհի ոչ մի այլ երկրում:

Տնտեսությունը հայտնվեց կատաստրոֆիկ վիճակում, քանի որ գործնականում կանգ առավ նաև նրա շարժիչ ուժը՝ շինարարությունը: Սակայն այս ամենի մեջ Տ. Սարգսյանի մեղքի բաժինն ամենաքիչն էր, թեև բոլորը սկսեցին նրան մեղադրել: Տ. Սարգսյանին ընդամենը հաջողվեց Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածության հասնել. ստանալ վարկ, փոխարժեքի ֆիքսման քաղաքականությունից հրաժարելու պայմանով: Վարկային ռեսուրսները տեղ հասան ապրիլին, ու բանկային համակարգը վերջապես սկսեց կենդանության նշաններ ցույց տալ: Այնուհետ Սերժ Սարգսյանը կարևոր համաձայնություն կնքեց Ռուսաստանի հետ՝ 500 մլն դոլար վարկ ստանալով: Դրանից հետո նախագահ-վարչապետ համագործակցությունը իդեալական ընթացք ստացավ: Տ. Սարգսյանին հաջողվեց բավարար կազմակերպչական ու տնտեսագիտական ունակություններ ցուցաբերել՝ վարկային ռեսուրսները արդյունավետ ու ճիշտ բաշխելու առումով, բայց խուսափել 14.1% անկումից հնարավոր չեղավ: Սակայն 2010-11 թթ. իրավիճակն արդեն զգալի մեղմվել էր: Հավանաբար այդ ժամանակ էլ Տ. Սարգսյանը նախագահից ավելի մեծ լիազորություններ ստացավ՝ ներտնտեսական հարցերն ինքնուրույն կարգավորելու:

Բարեփոխումներ

Ֆինանսական ռեսուրսները միշտ էլ սահմանափակ են, հարկավոր էին նաև այլ միջոցներ տնտեսությունն ակտիվացնելու: Մոտավորապես 2010 թվականի կեսերից Տ. Սարգսյանը ձեռնամուխ եղավ մի քանի ոլորտներում արմատական բարեփոխումների, որոնք ակնհայտորեն հաջողվեցին: Խոսքը վերաբերում է անձնագրային համակարգին, վարորդական իրավունքներին, ավտոմեքենաների տեխզննման իրավունքին, բժշկական անիմաստ տեղեկանքները չեղյալ հայտարարելուն: Բիզնեսը ստացավ լիցենզավորման, գրանցման, լուծարման, թույլտվությունների ավելի պարզ ընթացակարգեր: Այս ամենի արդյունքում Հայաստանն առաջընթաց գրանցեց Համաշխարհային բանկի doing bussines վարկանիշում: Սակայն հակասական էին որոշումները հարկային քաղաքականության ոլորտում: Այստեղ ևս դրական տեղաշարժեր եղան՝ հաշվետվությունների թվի նվազում, հարկային վարչարարության ավելի խիստ կանոնակարգում: Սակայն հարկային օրենքները փոխվում էին սրընթաց արագությամբ, գրեթե ամեն տարի խորհրդարան էր ներկայացվում արմատական փոփոխությունների փաթեթ, որը միշտ չէ, որ դրական էր ընկալվում բիզնեսի կողմից: Բազմաթիվ դժգոհություններ եղան, ու դրանց մի մասն իրապես արդարացված էր:

Տ. Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը գրեթե եռապատկեց արտաքին պետական պարտքը՝ դրա դիմաց պահպանելով ֆինանսական համեմատական կայունություն: Հայաստանի արտաքին պետական պարտքը 2008 թ. 1.5 մլրդ դոլարից ներկայում հասել է մոտ 4 մլրդ դոլարի (ՀՆԱ-ի 13.6%-ից մինչը մոտ 40%): Սա անշուշտ Տ. Սարգսյանի ամենածանր ժառանգությունն է հաջորդ կառավարություններին: Տ. Սարգսյանի կառավարությունն առաջինն էր, որ միջազգային շուկայում թողարկեց եվրաբոնդեր՝ 700 մլն դոլարի չափով: Ընդհանուր առմամբ՝ Տ. Սարգսյանը որպես վարչապետ էլ հավատարիմ է եղել ֆինանսական կայունության գերակայության պահպանման սկզբունքին, ինչը բանկային համակարգում երկար ժամանակ աշխատելու հետևանք է: Սակայն նրա օրոք առաջին անգամ է կառավարությունը մշակել արդյունաբերությանն աջակցելու ծրագրեր:

Տ. Սարգսյանի անձնական ամենամեծ ձեռքբերումներից մեկը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն էր: Նրան հաջողվեց կառավարության թղթաբանական համակարգը կարճ ժամանակում փոխարինել էլեկտրոնային ժամանակակից համակարգով, ու մասամբ դրա շնորհիվ է, որ Հայաստանը ներկայում ի վիճակի է արագորեն ու անցավ ինտեգրվել ցանկացած միջազգային կառույցի, լինի դա եվրոպական ասոցացում, թե մաքսային միություն:

Քաղաքական նոր մշակույթ

Հայաստանի որևէ այլ վարչապետ այնքան հանդուրժողականություն չի ցուցաբերել իրեն քննադատողների նկատմամբ, ինչպես Տ. Սարգսյանը: Ըստ էության՝ Տ. Սարգսյանն առաջինն էր, որ կառավարության քննադատությունը երբեք չի դիտարկել որպես հակապետական գործունեություն, ինչը հատուկ է Հայաստանի բոլոր նախորդ վարչապետներին: Որոշ դեպքերում ընդդիմախոսներին երկխոսության հրավիրելու փորձերը տեղավորվել են քաղաքական փիարի շրջանակներում, ու վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մեջ վստահություն չէին ներշնչում: Սակայն այդ նույն քաղաքացիական ինստիտուտների ուժեղացման համար վարչապետի նման դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն: Դժվար է աասել՝ արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաջորդ վարչապետի կողմից նման լոյալ վերաբերմունքի կարժանան: Տ. Սարգսյանի անձնական հեղինակության անկման վրա մեծ ազդեցություն թողեց օֆշորային սկանդալը:

Կենսաթոշակային բարեփոխումներ

Տ. Սարգսյանի հեղինակության անկման հիմնական անկյունաքարն է, թեև նա այդ բարեփոխոխումների կնքահայրը չէ: Տ. Սարգսյանն ակնհայտորեն գերագնահատեց նման արմատական ու երկարաժամկետ փոփոխություն անցկացնելու իր հնարավորությունը, առավել ևս, որ դա դարձել էր բացառապես իր թիմի նախասիրությունը: Արդեն պարզ էր, որ իշխանական կոալիցիայում բոլորը չէ, որ կողմ են դրան, իսկ միջազգային իրավիճակն ընդհանրապես նպաստավոր չէ: Սահմանադրական դատարանի որոշումը կարելի է դիտարկել նաև որպես ներիշխանական սրված հակասությունների ենթատեքստում: Հասարակությանը պարտադրել մի բան, որ ինքը չի ցանկանում՝ 90-ական թվականների գործելաոճ է: 21-րդ դարում նման գործելաոճը վտանգավոր է ու անթույլատրելի: Հարկավոր էր ժամանակին կանգ առնել, սակայն Տ. Սարգսյանին չհաջողվեց որսալ պահը՝ խոցելի դառնալով ոչ միայն բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար, այլև քաղաքացիական ինստիտուտների համար, որոնք կարծես թե հենց նրա քաղաքական հենարանը պետք է լինեին:

Մեկնաբանություններ (1)

անհատ
Սարգսյանը կրթված մարդ է եւ կարծես հասկանում էր ժամանակի խնդիրներն ու հայկական ցեղա-կլանային ֆեոդալիզմի ավերիչ էությունը: Բայց նա հարկավոր կարողությունը, ազնվությունն ու տղամարդկությունը չունեցավ վճռական հարց դնելու, կոպիտ ասած՝ կամ մարդու նման ենք աշխատելու (եւ ոչ թե կենդանական բնազդներով, որոնք կարող են ուտելուց տրաքվել) կամ էլ, շատ կներեք՝ ես ձեզ հետ ճանփա չունեմ գնալու - ու աջ քաշվեր: Բայց նա գերադասեց դառնալ շայկայի գլխավոր անդամներից մեկը --- ահա եւ ամբողջը նրա հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter