HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեհրանում կայացաւ համահաւաք`ի զօրակցութիւն քեսաբահայութեան

Երէկ երեկոյեան ժամը 7-ին Թեհրանի Սասուն քաղաքամասի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ համահաւաք` ի պաշտպանութիւն Սիրիայում գտնւող հայաբնակ Քեսաբ քաղաքի հայութեան` քեսաբահայութեան:

Համահաւաքը տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի հովանաւորութեամբ, ուր մասնակից էին եւ իրենց զօրակցութիւնն էին բերել թեմի իւրաքանչիւր միութիւն, հասարակական մարմին եւ միաւոր: Նշենք նաեւ, որ միջոցառումները՝ նւիրւած քեսաբահայութեան, շարունակական են լինելու, քանի դեռ կայ ցեղասպանութեան շարունակականութեան հարցն ու խնդիրը:

Ի պաշտպանութիւն քեսաբահայութեան՝ ելոյթով հանդէս եկաւ Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ընթերցւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի պատգամը, որն այս օրերին աշխատանքային այցով Սիրիայում է գտնւում, պատգամում մասնաւորապէս ասւում է. «Այսօր ամբողջ հայութիւնը մի մարդու նման ոտքի է կանգնած եւ փորձում է օգնութեան հասնել սիրիահայութեան եւ հասնում է ու միւս կողմից էլ աւելի հաստատակամ ու վճռորոշ կառչած է մնում իր հոգեւոր ու ազգային արժէքներին եւ գործում ու պայքարում է միշտ տեսիլքով իր ամբողջական հայրենիքի ու ժողովրդի: 

Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի` Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամէտ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ յատկապէս Սիրիայի տագնապին յարաբերաբար:

Հաւատանք ու հաւատքով գործենք ու շարունակենք մէկ ազգ, մէկ ժողովուրդ, մէկ եկեղեցի ու հայրենիք տեսլականով ու վստահ եղէք, որ մի օր հասնելու ենք մեր երազին ու տեսիլքին» մէջբերման աւարտը:

Արտայայտւեցին նաեւ Կազմակերպիչ յանձնախմբի կողմից ներկայացուցիչներ, որոնց խօսքը, բնականօրէն, ուղղւած էր ի պաշտպանութիւն քեսաբահայերի անվտանգութեան: Ցուցադրւեցին նաեւ քեսաբահայութեան կացութեան մասին պատմող տեսասահիկներ:

Իրանահայ համայնքը նաեւ բողոքի գրութիւն է յղել Իրանում դիւանագիտական օտարերկրեայ ներկայացուցչութիւններին՝ դեսպանատներին, ի մասնաւորի Եւրոպական միութեան անդամ երկրների՝ Ռուսաստանի Դաշնութեան, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կանադայի դեսպանատներին, ինչպէս նաեւ Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչութեանը: Յղւած գրութեան մէջ նկարագրելով Քեսաբի վերջին դէպքերը՝ ներկայացւել են այդ կապակցութեամբ հայութեան պահանջները:

Նամակում մասնաւորապէս նշւած է. «Համաշխարհային հանրութիւնը պէտք է երաշխաւորի, որ վերջ կը դրւի բռնութեանը եւ քաղաքացիների ու փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարմանը եւ որ Թուրքիան կը պատժւի ու կը նախազգուշացւի ահաբեկչական խմբերի հետ շարունակական համագործակցութեան համար:

Մենք դատապարտում ենք ահաբեկիչներին տրւող որեւէ օգնութիւն եւ մարդու իրաւունքների պաշտպանի անունից հանդէս եկողների երեսպաշտութիւնը»:   

Համահաւաքին ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, ՀՀ հիւպատոսը եւ խորհրդականը, ԻԻՀ Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի թեմի օրէնսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ ինչպէս նաեւ «Ալիք» հաստատութեան եւ «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչներ ու հոծ թեհրանահայութիւն:

Լուսանկարը՝ Արտեմ Ղարիբյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter