HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ...

«Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով մերձիշխանական անանուն աղբյուրներին` երեկ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ հաջորդ վարչապետ է նշանակվելու ԱԺ ներկայիս նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ռուսական լրատվական գործակալության կողմից, որը հանդես է գալիս իբրև Կրեմլի ոչ պաշտոնական տեղեկատվական ռեսուրս, նման տեղեկատվության հրապարակումը կարող է նշանակել երկու բան. կամ Մոսկվան նման կերպ պարզորոշ ուղերձ է հղում Հայաստանի իշխանություններին և հասարակությանը, թե ում է ուզում տեսնել Հայաստանի գործադիր իշխանության ղեկին, կամ, որ շատ ավելի հավանական է, սա հայաստանյան իշխանական վերնախավից Մոսկվային ուղղված «տեղեկատվական խայծ» է` Հովիկ Աբրահամյանի հնարավոր նշանակման վերաբերյալ Կրեմլի վերաբերմունքը հասկանալու նպատակով: Անկախ այն բանից, թե սրանցից որի հետ գործ ունենք, կարելի է փաստել, որ գոնե այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել հենց Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա: Եվ եթե ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան կամ կուլիսային մակարդակում այլ հանգամանքներ չխանգարեն, Հայաստանի 13-րդ վարչապետ կարող է դառնալ հենց ԱԺ ներկայիս նախագահը:

Տիգրան Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը Կենտրոնական բանկում նախագահ Սերժ Սարգսյանը հպանցիկ անդրադաձավ նաև ապագա Կառավարությանը` կատարելով երկու հիմնական նկատառում: Առաջին` Կառավարությունում լինելու են լուրջ փոփոխություններ: Սա նշանակում է, որ նոր կաբինետը առնվազն 50 տոկոսով կազմվելու է նոր մարդկանցից: Երկրորդ` նոր կառավարության նվազագույն խնդիրը լինելու է  ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, և պետք է կարողանա վերականգնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ:

Ըստ ամենայնի` հենց հրապարակային մակարդակով այդ խնդիրներն են դրվելու Հովիկ Աբրահամյանի նոր կաբինետի առջև: Սակայն ողջ հարցն այն է` արդյոք Հովիկ Աբրայամյանը կարողություն ունի՞ ապահովելու այդ նվազագույն պահանջների կատարումը, և արդյո՞ք նրա առջև իրականում հենց այդ խնդիրներն են դրվել:

Անկախ` նրա մասին առկա հասարակական ընկալումներից` Աբրահամյանն աչքի է ընկնում կազմակերպչական լուրջ ներուժով, ունի կառավարման ոլորտի երկարամյա փորձառություն, գրեթե ամբողջությամբ տիրապետում է քաղաքական դաշտի բոլոր նյուանսներին և որ ամենակարևորն է` ի տարբերություն Տիգրան Սարգսյանի` ընդգծված քաղաքական ֆիգուր է, ով թե իշխանական նոմենկլատուրայում, թե դրա հենքը կազմող իշխող կուսակցությունում և թե գործարար-օլիգարխիկ շրջանակների նկատմամբ ունի հսկայական ազդեցություն:

Ցանկացած այլ պարագայում նման որակները, ժամանակի ընթացքում ձեռք բերած նման ձիրքը դրանք տիրապետող վարչապետին կօգնեին իրականացնելու իր առջև դրված ցանկացած խնդիր, ձեռնամուխ լինելու ամենահեղափոխական և ռիսկային նախաձեռնություններին ու բարեփոխումներին, կայացնելու ոչ ամբոխահաճո, ոչ պոպուլյար, բայց արդյունավետ որոշումներ:

Սակայն ունենալով հանդերձ այս ամբողջ պոտենցիալը` Հովիկ Աբրահամյանը նոր որակի վարչապետ դառնալու որևէ շանս չունի: Դրա հիմնական պատճառն այն է, որ այդ պոտենցիալը նա մշտապես ծառայեցրել է բացառապես կոնյուկտուրայի շահերին` ընդհուպ այն աստիճանի, որ ինքն իրենով մարմնավորում է ներկայիս իշխանական համակարգը` իր պրիմիտիվ մտածողությամբ, փիլիսոփայությամբ և բոլոր ախտերով: Հովիկ Աբրահամյանը ոչ միայն ինովացիոն մտածողության կրող չէ, այլև բնույթով խիստ կոնսերվատիվ է: Նման վարչապետը ճկուն մտածողություն չունի: Առավելագույնը, ինչին նա ընդունակ է, գործող համակարգի ընթացքը անխափան ապահովելն է` ճիշտ այն վարորդի նման, ով լավ հասկանում է իր մեքենայի մեխանիկական կառուցվածքը, բայց չգիտի որ ուղղությամբ ու ինչ արագությամբ վարել այն: Նա ի զորու է ոչ թե մշակել սոցիալ-տնտեսական ընդհանուր քաղաքականություն, այլ փորձել իրականացնել այն, ինչ կթելադրվի իրեն վերևից: Եթե Տիգրան Սարգսյանի ժամանակ գոնե գիտեինք, որ Կառավարությունն առաջնորդվում է համակարգի համար ցանկացած գնով փող հայթայթելու և այդ փողի շահութաբերությունն ապահովելու` տիպիկ բանկիրի հոգեբանությամբ, ապա ընդհանրապես անհասկանալի է լինելու, թե ինչ քաղաքական ու աշխարհայացքային ուղեգիծ է ունենալու Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, եթե նա նշանակվի վարչապետ:

Սակայն այս նշանակման դրամատիզմը ոչ այդքան «հինգ պակաս» վարչապետի անուղեգիծ լինելն է, որքան փաստը, որ այդ պաշտոնում նրա նշանակումը մարմնավորում է օլիգարխիայի բացարձակ հաղթանակը պետության նկատմամբ ու փաստացի Հայաստանում պլուտոկրատական կառավարման համակարգի հաստատումը:

Հովիկ Աբրահամյանը դասական օլիգարխ է,ունի բացահայտ և թաքնված բազմաթիվ բիզնեսներ, տիրապետում է հսկայական ֆինանսական և կապիտալ կարողությունների: Քանի դեռ նա օրենսդիր մարմնի ղեկավարն էր, թեկուզ ձևականորեն, գործադիր իշխանության նկատմամբ նրա ազդեցությունը սահմանափակ էր` հաշվի առնելով նաև նախկին վարչապետի հետ ունեցած հակամարտությունը և շահերի որոշակի բախումը: Հիմա այդ ազդեցությունը դառնում է բացահայտ և լիարժեք: Իբրև կլասիկ օլիգարխ, նա առաջնորդվելու է թե իր և թե իր դասակարգի շահերի անառարկելի պաշտպանությամբ, քանի որ այդ հնարավորությունները լիարժեքորեն նրան տալիս են գործադիր իշխանության լծակները: Այս նշանակմամբ ամբողջությամբ խախտվելու է շահերի բախման` պետական կառավարման արդյունավետության և կոռուպցիայի դեմ պայքարի համար անկյունաքարային նշանակության ինստիտուտը:

Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավարման նախնական շրջանում գոնե մի փոքր պայքարում էր օլիգոպոլիաների դեմ: Ի վերջո նա խոստովանեց, որ միայն իր ուժերից վեր է օլիգոպոլիաների դեմ պայքարելը և հանձնվելով հոսանքին` սկսեց դրանից իր համար շահաբաժիններ պոկել: Հովիկ Աբրահամյանը պայքարելու, նման ձևականությունների մեջ ընկնելու խնդիր չունի ի սկզբանե, որովհետև նա չի կարող պայքարել ինքն իր դեմ: Նրան այդ պաշտոնին նշանակում են ոչ թե պայքարելու, այլ օլիգարխիային կառավարելու համար` հաշվի առնելով նրա` ֆինանսական և քաղաքական շահերի բոլոր կենտրոնների համար ընդունելի ֆիգուր լինելու հանգամանքը և անհրաժեշտ պահին կոմպրոմիսներ գտնելու կարողությունը: Գալիք համապետական ընտրություններին ընդառաջ, որոնք գծագրելու են ապագա իշխանության սխեման առնվազն 10 տարվա հեռանկարով, գործող նախագահի համար օլիգարխիայի կենտրոնացված կառավարումը դառնում է կենսական նշանակության հարց, և Հովիկ Աբրահամյանը, նշանակվելու դեպքում, պետք է լուծի այդ խնդիրը:

Նման առաջնահերթությունների պարագայում բարեփոխումների և Կառավարության գործունեության նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու մասին խոսելը, ինչի «պատվերը» նոր Կառավարությանն իջեցնում է նախագահը,  պարզապես ծիծաղելի է: Հովիկ Աբրահամյանը Աժ նախագահի պաշտոնում ընտրվելիս իր գերնպատակն էր հռչակել խորհրդարանի հեղինակության բարձրացումը, սակայն բարեհաջող կերպով հասավ դրա գրեթե լիարժեք հեղինակազրկմանը, գործադիր իշխանությունից բացարձակ կախվածությանը, խորհրդարանում քաղաքական բևեռացվածության խորացմանը: Ինքն իր կերպարով նա արդեն խարխլում է Կառավարության և նրա գործունեության նկատմամբ հանրային վստահության հիմքերը: Եթե նախագահն իսկապես հետապնդում է այդ նպատակը, ապա առաջին մարդը, որին չպետք է առաջադրի այդ պաշտոնում, հենց Հովիկ Աբրահամյանն է: Սերժ Սարգսյանը պարզապես չէր կարող չհասկանալ այս հանգամանքը: Եվ այս իմաստով թերևս հարկ է մտածել, որ եթե իսկապես նա մտադիր է հենց Աբրահամյանին նշանակել վարչապետի պաշտոնում, ապա առաջնորդվում է բոլորովին այլ քաղաքական հաշվարկներով:

Մեկնաբանություններ (5)

Մկո
Վերլուծությունը հիմնականում ճիշտ է երեւում, սակայն գլխավորը Ս. Ս - ի (կամ այլ ազդեցիկ ուժերի) անձնական նկատառումներն են, որոնցով էլ կորոշվի՝ ժողովրդին մուկն է լավ թե կատուն: Իսկ որ սա եղավ, մյուսին երանի ենք տալու - էդ մեկը հաստատ!
barséghian
Pari louys !!! Xenaminér miyadzan !!! Pergevédzank, karakatsinérou bajban !!!
aram
The speaker of the House is wearing an interesting design (stripes?). Would you judge a book by its cover?
Artak
Հարգելի հեղինակ Մոռացել եք եւս մեկ կարեւոր հանգամանք. Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի խնամին է... Եթե նա լինի վարչապետ, ապա ՍՍ-ն այդ քայլով կփակի նաեւ ԲՀԿ-ի բերանը: Չեմ հավատում, որ Աբրահամյանի վարչապետ լինելու դեպքում Ծառուկյանը կամ նրա խոսնակների բանակը քննադատեն կառավարությանը
ԱՐՏԱՇԷՍ
Աւելի լաւ չէ՚ Սերժիկը մէկ անգամէն Արմենչիկը վարչապետ նշանակէ եւ ազատինք ,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter