HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Եվրոպան կորցնում է հետաքրքրությունը հայկական խեցգետինների նկատմամբ

Հայաստանից ձկների և խեցգետնակերպերի արտահանումը 2013 թ. զգալի աճ է արձանագրել, սակայն դա ի հաշիվ բացառապես Ռուսաստանի: Եվրամիության երկրներ երբեք էլ ձուկ արտահանելու թույլտվություն չենք ունեցել, սակայն  հայկական վայրի կամ մշակված խեցգետինները եվրոպական մի շարք երկրներում, հատկապես՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում պահանջարկ ունեցել են:

Սակայն արտահանման ծավալները դեպի Եվրոպա նվազել են մոտ 50%-ով, իսկ դեպի Ֆրանսիա՝ 3 անգամ: Սա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում սկսել են նախապատվություն տալ եփված-սառեցված խեցգետիններին (հիգիենայի տեսանկյունից), իսկ որոշ երկրներ նույնիսկ օրենսդրորեն արգելել են կենդանի խեցգետինների ներկրումը (օրինակ՝ Շվեդիան):

Թեև Հայաստանում մոտ 22 ընկերություն զբաղվում է ձկների ու խեցգետինների վերամշակմամբ, դրանցից միայն 2-3-ն են ի վիճակի եվրոպական ստանդարտներին համապատասխանող խեցգետին մշակել: Ռուսաստանում, ընդհակառակը, կենդանի խեցգետինները համարվում են դելիկատես ու դրանց նկատմամբ պահանջարկը գնալով մեծանում է: Հայաստանին ձեռնտու է վայրի խեցգետինների արտահանումը, քանի որ վերջին տարիներին մեր գետերում ու լճերում նկատվում է խեցգետինների շատ բարձր բնական աճ, ինչը Սևանում, Արփի լճում, Սև լճում և այլուր ձկների կերի խնդիր է առաջացնում:

Create Infographics

Խեցգետինների որսի համար բավարար է պայմանագիր կնքել ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ 12 կգ-ի համար վճարելով 50 դրամ բնօգտագործման վճար: Առանց պայմանագրի խեցգետնի որսը առաջացնում է տուգանք 100 հազ. դրամ: Նախկինում խեցգետին արտահանելու համար նաև լիցենզիա էր պահանջվում, սակայն ներկայում պայմանագիրը բավարար է:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը 2013 թ. արտահանել է 2.2 հազ. տոննա ձուկ՝ մոտ 17 մլն դոլար ընդհանուր արժեքով, և 4.3 հազ. տոննա խեցգետին՝ 15.1 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ձուկն արտահանվում է միջինը 7.7 դոլար/կգ մաքսային արժեքով, իսկ խեցգետինը՝ 3.5 դոլար/կգ մաքսային արժեքով:

Create Infographics

Ձկան արտահանումը 2012 թ. համեմատ աճել է մեկ երրորդով, իսկ խեցգետիններինը՝ 2 անգամ: Ձկան 90%-ից ավելին և  խեցգետինների մոտ 88%-ն արտահանվել է Ռուսաստան: Նշենք սակայան, որ 2012 թ. խեցգետինների միայն 70%-ն էր բաժին ընկնում Ռուսաստանին: Ռուսական շուկայի գրավչությունը 2013 թ. աճել է այն պատճառով, որ հայկական 4 ընկերությունների վրա դրված ներմուծման սահմանափակումը հանվել է: Սակայն նման մեծ կախվածությունը ռուսական շուկայից այնքան էլ արդարացված չէ, քանի որ արգելքներ կարող են առաջանալ ցանկացած պահի:

Ոչ մեծ քանակությամբ ձուկ արտահանում ենք նաև Ուկրաինա (2013 թ.՝ մոտ 1 տոննա), Վրաստան (1.4 տոննա); Խեցգետիններ արտահանել ենք նաև Բելգիա (115 տոննա), Լյուքսեմբուրգ (67 տոննա), Գերմանիա (36 տոննա), Ֆրանսիա (7 տոննա), Ավստրիա (3.6 տոննա): Ոչ մեծ խմբաքանակներ առաքվել են ԱՄՆ և Չեխիա:

Նշենք, որ ձկան արտահանման բիզնեսը Հայաստանում շատ թե քիչ նշանակալի դերակատարում է ձեռք բերել 2010 թվականից, իսկ 2011 թվականից կարելի է խոսել նաև արդյունաբերական նշանակության աարտահանման մասին: Դրան նպաստել է Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների բուռն աճը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter