HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

150-200 մլն դրամի օգնություն` ցրտահարությունից տուժած գյուղացիներին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով:

Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:

Պատճառված վնասը մեղմելու նպատակով կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:

Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:
Ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի: Այս մասին հայտնում է կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter