HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Խառնաշփոթ ՏՏ ոլորտի վիճակագրությունում

Երբ 2001թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակվեց որպես զարգացման գերակա ուղղություն, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում ստեղծվեց այդ ոլորտի վիճակագրության համար պատասխանատու առանձին ստորաբաժանում: Չէ՞ որ վիճակագրական տվյալները շատ կարևոր են ոլորտի զարգացման ծրագրեր մշակելու և առկա վիճակը գնահատելու համար: Սակայն անցնող տարիների ընթացքում ԱՎԾ-ն այդպես էլ չկարողացավ շատ թե քիչ հստակություն մտցնել ՏՏ ոլորտի վիճակագրական տվյալներում: Պատճառն այն է, որ ԱՎԾ-ն այդպես էլ չմշակեց ՏՏ ընկերությունների հաշվառման առանձին կոդ՝ ՏՏ ընկերությունների մի մասին դասակարգելով «այլ գործունեություն» դասիչով:

2003թ. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը սկսեց իրականացնել ՏՏ ոլորտի հասույթների, աշխատանքների, արդյունավետության գնահատման սեփական հետազոտություններ՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Այդ հետազոտությունները շարունակվում են մինչ այսօր, սակայն արդյունքներն էապես տարբերվում են ԱՎԾ պաշտոնական տվյալներից:

Այսպես՝ ըստ ԱՎԾ տվյալների՝  2012թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 60 մլրդ դրամ, որը մոտավորապես համարժեք է 140 մլն դոլարին: Իսկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետազոտություններով՝ 2013թ. ՏՏ հասույթը կազմել է մոտ 300 մլն դոլար: Այդ մասին տեղեկացանք հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանից (հետազոտության արդյունքները կհրապարակվեն շուտով): Ստացվում է՝ վիճակագրական տվյալների ու անկախ հետազոտական տվյալների միջև կրկնակի տարբերություն կա: Ըստ Բ. Ենգիբարյանի՝ վիճակագրական ծառայությունն իրենց տվյալները չի հերքում և ընդունում է, որ ոլորտի լիարժեք հաշվառում ի զորու չէ իրականացնել: Այդ նպատակով որոշվել է ՏՏ ոլորտի բիզնես-ռեգիստրը տեղափոխել ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարույթ, ու այդտեղից տվյալները կուղարկվեն ԱՎԾ: Ընդ որում՝ հարցին տրվել է օրենսդրական լուծում, ու շուտով այն կքննարկվի Ազգային Ժողովում՝ ՏՏ սկսնակ ընկերություններին արտոնություն տրամադրելու հարցի հետ մեկտեղ: Դա հնարավորություն կտա ՏՏ ոլորտի վերաբերյալ միասնական վիճակագրական տվյալներ հրապարակել:

Հետաքրքիր է, որ ԱՎԾ-ն, ներկայացնելով ՏՏ ոլորտի վիճակագրությունը, հատուկ նշում է արել այն մասին, որ դա հիմնված է ՄԱԿ-ի ուղեցույցների ու մեթոդական ստանդարտների վրա: Միաժամանակ նշվում են այդ ստանդարտներին համապատասխանող մի շարք կոդեր՝ համակարգիչների, կապի սարքավորումների արտադրություն, առևտուր և այլն: Սակայն «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը հաշվարկում է ծրագրային ապահովումն ընդհանրապես, ինչն ԱՎԾ-ն ապահովել չի կարողանում: Այսինքն՝ դա ապահովելու համար պետք է ուսումնասիրություն կատարի «այլ գործունեություն» դասում, սակայն չի անում: Այդտեղից էլ առաջանում է վիճակագրական շիլաշփոթը: Այս հարցը, պարզվում է, վաղուց է քննարկվել ու առաջարկվել է լուծման տարբերակ, սակայն միայն վերջերս կառավարությունը որոշեց օրենքի փոփոխման միջոցով կարգավորել խնդիրը:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter