HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Մեծամոր. պեղումների սպասող բնակավայր

Մի քանի տարի տեւած պեղումների ընթացքում հնագետներն այնքան կահ-կարասի, աշխատանքային գործիք, զարդեղեն եւ դամբարաններ են հայտնաբերում, որ թանգարան բացելու անհրաժեշտություն է առաջանում: Այդպես 1970 թվականին բացվում է Կորյուն Մկրտչյանի (հնագետների արշավախմբի ղեկավար) անվան «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանը:

Այս թանգարանը գրեթե ներառված չէ զբոսաշրջիկների համար կազմակերպված այցելությունների ցանկում, թեպետ թանգարանում պահվում են ավելի քան 27 հազար նմուշներ: 

Հայտնաբերված հին քաղաքի անունը հայտնի չէ: Թանգարանի տնօրեն Ազատ Հարությունյանը հույս ունի, որ դեռեւս կգտնվի քաղաքի անունը բացահայտող արձանագրություն, թեպետ պեղումները դադարեցվել են 2006 թվականին: Առայժմ հին քաղաքը պայմանականորեն անվանում են Մեծամոր գետի անունով: 

«Քաղաքի շատ չնչին մասն է պեղվել: Մի հնագետի կյանքը բավարար չէ այս տեղանքն ուսումնասիրելու համար, այնպես որ դեռ շատերը կարող են այստեղ հնագույն «գանձեր» հայտնաբերել»,- ասում է տնօրենը: 

Պարզվել է, որ Մեծամորը եղել է մետաղաձուլական եւ մետաղամշակման հնագույն կենտրոն: Լավ պահպանվել է ձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը եւ հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Եղել է երկու տիպի ձուլարան` աղյուսակերտ եւ կավակերտ` 1.0մ տրամագծով եւ 0.7 մ բարձրությամբ: Հողի շերտերում հայտնաբերվել են անագի, պղնձի, ցինկի, ֆոսֆորի, սնդիկի հանքանյութեր: Քաղաքում հանքահանություն չի եղել, իսկ ձուլարանն այդտեղ է կառուցվել այն պատճառով, որ մոտակայքում գետ է հոսել: 

Ձուլարանների կողքին հայտնաբերվել են սպիտակ գույնի աղյուսների կույտեր: Ուսումնասիրելով այդ աղյուսների բաղադրությունը` երկրաբանները պարզել են, որ դրանք մարդիկ են պատրաստել եւ օգտագործել են մետաղները ձուլելու համար: 

«Փայտի այրումից ստացված ջերմությունը բավարար չէր մետաղները ձուլելու համար,- բացատրում է թանգարանի աշխատակից Աշոտ Հակոբյանը,- եւ որպեսզի կրակից ավելի շատ ջերմություն ստանան, մարդիկ խառնում էին անասունների մանրված ոսկորն ու կավը, լուծում ջրի մեջ եւ զտված մածուցիկից պատրաստում աղյուսներ: Ֆոսֆորի եւ կրի մեծ պարունակության շնորհիվ այդ աղյուսներն արագ այրվել են` արտադրելով մետաղները ձուլելու համար անհրաժեշտ ջերմություն»: 

Քաղաքի միջնաբերդից 0.5 կմ հյուսիս-արեւելք տարածվող դամբարանադաշտում պեղումներով հայտնաբերվել են քարակերտ հսկայածավալ դամբարաններ` օղակված կարմիր սալերով: Այդտեղ թաղվել են առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել եւ թաղվել են նաեւ նժույգներ, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ, շներ եւ նույնիսկ ծառաներ, ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, զարդաքանդակված փայտե զարդատուփերը` ոսկուց, արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: 

«Մահացած իշխանավորի կամ քրմապետի հետ թաղում էին գլխատված մարդկանց գանգեր: Դրանք նրանց ծառաներն էին:Դամբարանի աջ կողմում թաղված կմախքը ազնվականինն է, իսկ գանգերը` նրա ծառաներինը»,- պատմում է Ա. Հակոբյանը: 

Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորն ագաթից պատրաստված բաբելոնյան թագավորի Ուլամ Վուարիշի գորտ-կշռաքարն է (մ.թ.ա 16-րդ դար): Գորտի վրայի արձանագրությունը վկայում է, որ այն օգտագործվել է որպես կշռաքար: Գորտի փորի վրա նշվում է նրա կշռի չափը` 1 սիկղ (բաբելական կշռամիավոր), որը հավասար է մոտավորապես 8.5 գրամի: 

Մեծամորում գորտ-կշռաքարը կորցրել է նշանակությունը եւ օգտագործվել որպես հմայիլ: Հավանաբար այդ պատճառով է, որ գորտի փորի վրա անցք է արված` թել անցկացնելու համար: 

Թանգարանի ոսկե ֆոնդի շարքից է նաեւ բաբելոնյան մյուս թագավորին` Կուրիգալզուին պատկանող եգիպտական արձանագրություններով սարդիոնի կնիքը (մ.թ.ա 15-րդ դար): Գլանաձեւ կնիքը թաթախվել է հալած մոմի կամ գունավոր նյութի մեջ, այնուհետեւ գլորվել թղթի վրա, որի արդյունքում արտատպվել է կնիքի վրայի պատկերը` թագավորը եւ քրմուհին, որը գինի կամ նեկտար է մատուցում արքային: 

Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առեւտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով եւ միմյանց կապել Ասիան եւ Հյուսիսային Կովկասը: 

Հայտնաբերված կարասների մեջ պահվել է գինի, ցորեն եւ ջուր: «Մենք գիտենք, թե որ կարասի մեջ ինչ է պահվել: Օրինակ՝ ցորենի կավե կարասի վրա փորագրված են ցորենի հասկեր եւ օձեր, որոնք ցորենը պահպանում են առնետներից: Ջրի կարասի վրա փորագրված են այծեր եւ եղնիկներ, որոնք առնչվում են ջրի պաշտամունքի հետ: Իսկ գինու կարասի վրա` խաղողի ողկույզներ»,- պատմում է թանգարանի աշխատակից Ա. Հակոբյանը: 

Մեծամորի հայերը նաեւ սարդիոն քարից պատրաստված ուլունքներ են կրել: «Հողի տակ հազարամյակներ մնալուց հետո էլ այս ուլունքներն այնքան լավ են պահպանել իրենց փայլն ու գույնը, որ կարծես նոր են գնվել Վերնիսաժից: Որքան նկատում եմ՝ գրեթե նույնատիպ ուլունքներ հիմա կանայք են կրում, թեպետ այն ժամանակ տղամարդիկ էլ են կրել այս զարդերը, որոնք ոչ միայն գեղեցկության խորհրդանիշ էին, այլ նաեւ հարստության եւ նաեւ ունեին մոգական, պաշտպանիչ եւ բուժիչ նշանակություն»,- բացատրում է Հակոբյանը:

Թանգարանին տարբեր հարցերով աջակցում են հիմնադիր Կորյուն Մկրտչյանի որդիները՝ Վահրամ եւ Հակոբ Մկրտչյանները: Նրանց օժանդակությամբ վերանորոգվել է թանգարանի տանիքը, տեղադրվել են օդափոխիչներ, վերանորոգվել են խմելու եւ ոռոգման ջրի խողովակները: Տնօրենի ասելով՝ ոչ բարվոք վիճակում է միայն թանգարան տանող ճանապարհը: 

Մի քանի օր առաջ Կորյուն Մկրտչյանի 80-ամյակի առիթով նրա որդիների նախաձեռնությամբ թանգարանի պատին բացվեց նրա հուշաքարը: 

Թանգարանում 27 հազար հնագիտական արժեքներ կան, որոնցից միայն 1000-ն է ցուցադրված: Մնացածը պահվում է պահեստներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter