HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ մեկս ապահովագրված չենք, որ մի օր չենք հայտնվի դատապարտյալի կարգավիճակում»

ԱՆ ՔԿՎ պետի թույլտվությամբ «Հետքը» եղավ Հայաստանի միակ բժշկական ուղղիչ հիմնարկում՝ «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ մեր այցելության պահին 200 դատապարտյալ էր բուժում ստանում: Նրանցից 37-ը տարբեր կարգի հաշմանդամներ են: Սակայն առողջական խնդիրները թողած՝ դատապարտյալները դժգոհում էին իրենց քրեական գործերի քննությունից, նաև պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի անկատարությունից: Հիվանդանոցը համապատասխանում է ՔԿՀ-ների կիսաբաց ռեժիմին, որտեղ առավոտյան դռները բացվում են, երեկոյան` փակվում: Զրուցեցինք նաև հիմնարկի պետ, քրեակատարողական համակարգում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող Արամ Խաչատրյանի և հիմնարկի բժշկական մասով տեղակալ, գլխավոր բժիշկ Ռաֆայել Միքայելյանի հետ:

«Հիմնականում ի՞նչ խավի մարդիկ են դատապարտյալների հիվանդանոցում» հարցին Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Խավերի բաժանել այստեղ գտնվող մարդկանց, կարծում եմ, ճիշտ չէ: Մեծ մասը կրթական ցենզը շատ ցածր մարդիկ են, մոտ 70 տոկոսը նախկին կամ ներկա թմրամոլ է: Սակայն, ոչ մեկս ապահովագրված չենք, որ մի օր չենք հայտնվի դատապարտյալի կարգավիճակում: Ասենք՝ փորձանք է, դժբախտ դեպք, կան նաև անզգույշ հանցագործության համար դատապարտվածներ: Եթե խավերի բաժանենք, մարդկանց կվիրավորենք: Հիվանդներ ունենք, որ մոտ օրերս ազատվելու են, մեզ մոտ եկել են այլ հիվանդությամբ, բուժվել են,  խնդրում են, որ վիրահատենք, նոր գնան, քանի որ այստեղ բուժումն ու վիրահատությունն անվճար է: Իսկ ունևորը դրսում էլ կանի իր վիրահատությունը: Շատ կան դատապարտյալներ անապահով, կիսատ ընտանիքներից»: Մեր հարցին, թե հիվանդանոցում կա՞ն, արդյոք, արտոնյալ, լյուքս խցեր, հիմնարկի պետը պատասխանեց. «Չկան արտոնյալ, լյուքս խցեր, պարզապես մենք թույլ ենք տալիս, որպեսզի այն դատապարտյալները, ովքեր ցանկանում են վերանորոգել իրենց սենյակները, կարողանան դա անել: 2002թ.-ից հետո մոտ 70 տոկոսը հիմնանորոգված սենյակներ են: Ե՛վ մենք ենք նորոգում, և՛ դատապարտյալների հարազատները»:

Ռաֆայել Միքայելյանն ասում է, որ քրեակատարողական համակարգի կարևորագույն ձեռքբերումներից է թոքախտավոր դատապարտյալների թվի նվազումը: 1990-ականներին թոքախտով հիվանդ դատապարտյալների թիվը հասել է 250-ի: Հիմա թոքախտով հիվանդ 26 դատապարտյալ է բուժում ստանում «Դատապարտյալների հիվանդանոցում»: Սա գաղութային բոլոր հիմնարկների թոքախտով հիվանդների թիվն է:

«Գաղութներում նախկինում կային բաժիններ, որոնք կոչում էին տուբերի բարակներ, հիվանդանոցում բուժում ստանալուց հետո դատապարտյալները դարձյալ վերադարձվում էին գաղութներ ու պահպանողական բուժումն այնտեղ էին անցնում: Սա էֆեկտիվ չէր կարող լինել: Հիվանդանոցում լրիվ առանձնացվեց թոքախտի բաժինը: Անցանք ֆրանսիական MSF՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներդրած ժամանակակից մեթոդին, և թոքախտը գաղութներում խիստ նվազեց: Այս ծրագրով 8 ամիս պարտադիր բուժում են ստանում մեզ մոտ՝ որպես առաջին փուլ, այնուհետև փուլերը շարունակվում են: Հիվանդ ունենք, որ 3 տարի բուժում է ստանում»,- պատմեց «Դատապարտյալների հիվանդանոցի» գլխավոր բժիշկը՝ նշելով, որ տարեկան մեկ թոքախտավոր հիվանդի բուժումը 10.000-12.000 եվրո արժե, և մարդիկ կան, ովքեր երեք տարի բուժում են ստանում: Այդ բոլոր ծախսերը հոգում է ֆրանսիական կազմակերպությունը: Հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղեկացմամբ, տարեկան երկու անգամ բոլոր դատապարտյալները անցնում են «սքրինինգ»` պրոֆիլակտիկ ստուգում: «Անցյալում նման «սքրինիգից» հետո շատ էին գալիս մեզ մոտ: Հիմա թոքախտը բանտերում անհամեմատ նահանջել է»,- ասաց գլխավոր բժիշկը:

Էականորեն նվազել են նաև դատապարտյալների մահացության դեպքերը: «1990-ականներին անգամ տարեկան մինչև 100 հիվանդ դատապարտյալ է մահացել, իսկ վերջին տարիներին մահացության անկում ենք գրանցում: Օրինակ՝ անցյալ տարի 12 հիվանդ դատապարտյալ է մահացել, որոնցից 4-ը մահացել են քաղաքացիական հիվանդանոցում»,- ասաց Ռաֆայել Միքայելյանը՝ տեղեկացնելով, որ 2013-ին 4 անձ ազատվել է պատժի կրումից պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների՝ Կառավարության հաստատած կարգի համաձայն, և 2-ը հոգեբուժական հարկադիր բուժման են ուղարկվել: «Ծանր ու ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող դատապարտյալների ցանկը մենք ամեն ամիս ներկայացնում ենք ՔԿ վարչության բժշկական բաժին ու վերահսկող դատախազին, իսկ ԲԱՀ-ն արդեն տալիս է եզրակացություն՝ այդ անձինք ենթակա՞ են հետագա պատիժը կրելու, թե՞ ոչ»,- նշեց գլխավոր բժիշկը:

Հիվանդանոցում աշխատում է 1 հոգեբան, մեկն էլ՝ թոքախտի բաժնում, ում ֆինանսավորում է MSF-ը: «Հետքի» հարցին, թե քիչ չէ՞ մեկ հոգեբանը 200 հիվանդ դատապարտյալի համար, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Նույն տրամաբանությամբ բավարար չէ նաև 2 վիրաբույժը՝ հաշվի առնելով նաև այն, որ մեր վիրաբույժները ստանում են ֆիքսված աշխատավարձ՝ անկախ նրանից` 10 հիվանդի կվիրահատեն, թե երեք»: Հայաստանի միակ բժշկական քրեակատարողական հիմնարկում կատարվում է ցանկացած վիրահատություն, բացի գլխուղեղի, կրծքավանդակի ու ողնաշարի վիրահատություններից: «Քաղաքացիական գրեթե բոլոր հիվանդանոցների հետ համագործակցում ենք, մեր գործընկերները պատրաստակամորեն մեզ աջակցում են»,- ընդգծեց հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը:

Խնդրեցի առանձնացնել «Դատապարտյալների հիվանդանոցի» հրատապ խնդիրները: Արամ Խաչատրյանն ասաց, որ հրատապ խնդիր չունեն, ունեին 4 տարի առաջ` «նարկոզի» ապարատը չէր աշխատում: Արդարադատության նախարարության հետ համատեղ նորն է տրամադրել քրեակատարողական վարչությունը: «Հիմա նոր թվային ռենտգեն սարքավորում ենք տեղադրում «Գլոբալ ֆոնդ»-ի աջակցությամբ: Մեր ունեցածը շատ հին էր՝ նախորդ դարի 60-70-ականներից»,- ներկայացրեց Արամ Խաչատրյանը:

Հիվանդանոցում գործում են նաև դատապարտյալների տույժերի ու խրախուսանքի մեթոդները: Անցյալ տարի, օրինակ, նրանք 101 տույժ են ստացել, 28 խրախուսանք: «Հիմնականում խրախուսանքները վարչակազմը տալիս է տոների առթիվ: Դրանք առավելապես լինում են կարճատև ու երկարատև տեսակցությունների տեսքով»,- ասաց հիմնարկի պետը:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter