HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրավադրված ամուսնական մատանիների պատմությունը

Քրիստինե Աղալարյան 
Գրիշա Բալասանյան

Գնել Գևորգյանը հավաքված կանանց ասում է՝ ամուսնական մատանիները ցույց տալ լրագրողներիս. միայն մեկի մատին է այն «հայտնաբերվում»: Պարզվում է` վերջերս է հանվել գրավից, մնացածներինը վարկի դիմաց գրավադրված են բանկերում: 

Արմավիր քաղաքից 12 կմ հեռու գտնվող Ղամշլուն 1978թ. վերանվանվեց Զարթոնք և իսկապես զարթոնք ապրեց: Սակայն վերջին տարիներին գյուղը հազիվ գոյություն է պահպանում: Գյուղացիները բարձր տոկոսներով վերցրած վարկերը չեն հասցնում մարել: Հարսները նվեր ստացած ոսկեղենը դեռ չվայելած` գրավադրում են բանկերում կամ վարկային կազմակերպություններում: «Ես 10 տարի է հարս եմ բերել, հլը ոսկին չի տեսել` ինչ բան է, որովհետև սաղ դրված է բանկերում: Գիտի՝ կա, բայց տեսած չկա»,- ասում է Սալվի Հակոբյանը:

60-ամյա Սալվի Հակոբյանը ապառիկով համակարգիչ է գնել ու ինտերնետ միացրել, որպեսզի կարողանա Skype-ով խոսել թոռների ու որդիների հետ: Երկու որդի ունի, երկուսն էլ իրենց ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն: Սալվի Հակոբյանը պատրաստ է տուն ու տեղը թողնել և մեկնել որդիների մոտ, եթե այսպես շարունակվի: Թոռների կարոտը «Սկայպը» չի փարատում, վարկերն ու հոգսերն էլ կողքից են խեղդում:

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում արտագաղթն ու արտագնա աշխատանքը տարածված երևույթներ են: Գյուղից շատերն են արտագաղթել, մի մասն էլ պարբերաբար արտագնա աշխատանքի է գնում, որ «տունը պահի»:

Գյուղի դպրոցի խաչմերուկում նստած գյուղացիները քննարկում էին իրենց անելիքները: Այդ փողոցում ապրող տղամարդկանց մեծ մասը երկու օրից Ռուսաստանի Դաշնություն՝ Սիբիր էր մեկնելու` արտագնա աշխատանքի: Գարուն Գևորգյանն ասում է, որ հենց իրենց փողոցում ապրիլի 21-ից տղամարդ չի մնա, բոլորը մեկնում են: Նույնիսկ երիտասարդություն չի մնում գյուղում: Այս տարի Գարուն Գևորգյանն իր 23-ամյա որդուն ևս ուղարկում է Ռուսաստան` աշխատելու:  Գարունի կինն այդ խոսքերից հետո մյուս կողմ է թեքվում և սրբում արցունքները:

«Մինչեւ ձեր գալը դա էինք խոսում, որ մենք էլ գնանք: Եթե հանկարծ դեպք պատահի, որ երեխուն պիտի հասցնեն հիվանդանոց, տղամարդ էլ չկա, ի՞նչ պիտի լինի»,-մտահոգվում է Գարունը:

Սոցիալական խնդիրները հաղթահարելու համար Զարթոնքից արտագնա աշխատանքի մեկնում են նաև կանայք: Այդ նույն փողոցից 2 կին վերջին տարիներին մեկնել են Ռուսաստան, երկուսն էլ՝ թոշակային տարիքի:

«Գիտե՞ս ուր ենք գնում, Սիբիր: Գնում ենք ընդեղ, որ տուն ստանանք, ընտանիքին էլ վերցնենք քոչենք գնանք, ա́յ դրա համար ենք գնում: Իրանք (իշխանությունները-հեղ.) թող մնան, իրանք էլ թող այս երկիրը պահեն»,- ասում է Գարուն Գևորգյանը:

Գարունը փորձել է Հայաստանում աշխատանք անել: Երկու ամիս տաքսի է վարել՝ ամսական 60 հազար դրամ աշխատավարձով: Բայց այդ աշխատավարձը ընտանիքում անախորժությունների պատճառ է դարձել:

«60 հազար դրամով տուն են պահու՞մ: Դրանով ես բանկի տոկոսները տա՞մ, հող մշակե՞մ, պարարտանյութ առնե՞մ, հող ու ջրի վարձ տա՞մ, թե՞ երեխա պահեմ. ո՞րը անեմ»,- հարցնում է Գ. Գևորգյանը:

Գյուղատնտեսությամբ չեն կարող ընտանիք պահել, քանի որ չեն համարձակվում հողի վրա գումար ծախսել. սածիլը դնում են հողը, ու երբ գալիս է ջրելու ժամանակը, օրերով ջուր չեն ունենում, ամբողջ բերքը չորանում է: Բացի այդ, եղած ջուրն էլ Մեծամորի ատոմակայանի և կոյուղաջրերի խառնուրդն է, ինչը մեկ անգամ համաճարակի պատճառ է դարձել:

Ակնալիճ գյուղից Զարթոնք տանող ճանապարհի ամբողջ երկայնքով գարշահոտություն է տարածված: Ճանապարհի երկայնքով գետակ է հոսում: Ողջ ճանապարհին զբաղված էինք գուշակությամբ՝ ճահճի՞ հոտ է, թե՞ այլ: Գարշահոտությունից խուսափելու համար հնարավոր չէ նույնիսկ ավտոմեքենայով արագ անցնել, այդ ճանապարհահատվածը քարուքանդ է:

Արդեն Զարթոնքում պարզվեց, որ գետակով հոսում են Մեծամոր համայնքի կոյուղաջրերը, որով էլ գյուղացիները ոռոգում են իրենց հողամասերը: 1999թ. գյուղում խոլերա է տարածվել, գլուխ են բարձրացրել աղիքային հիվանդությունները: Այն ժամանակ կոյուղաջրերը խառնվել են խմելաջրին: Դեպքից հետո խմելաջրի խողովակները փոխել են, սակայն վարակի աղբյուրն այս անգամ տեղափոխվել է ոռոգման համակարգ:

Արտագնա աշխատանքի մեկնող Գնել Գևորգյանը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից: Ասում է՝ համայնքապետից մինչեւ հանրապետության նախագահ` իրենց շահի համար են աշխատում եւ սովորական քաղաքացիների մասին մտածող չկա: Դա է պատճառը, որ մարդիկ իրենց ավելորդ են զգում եւ ցանկանում են օր առաջ լքել երկիրը: Նոր ձևավորվող կառավարությունից սպասելիքներ չունեն. «Էնի լավ էր, փառք էր, ցավդ տանեմ, էս վարչապետին ո՞վ չի ճանաչում: Գնացողին երանի ենք տալու»:

Գնել Գեւորգյանը չի հավատում պաշտոնյաների՝ հեռուստաէկրաններից հնչեցրած խոստումներին, թե իբր կառավարությունը շրջվել է գյուղացու կողմը եւ նրան օգնում է. «Էդ որ ասում են` գյուղացուն օգնում են, նման բան չենք տեսել: Բերում են հունվարին պարարտանյութ են տալիս 6000 դրամով ու կանխիկ փողերը հավաքում են: Այդ ամիսներին ու՞մ ձեռքին փող կա, որ կանխիկ վերցնեն: Մենք էլ չենք վերցնում ու գնում 10 հազար դրամով նիսյա ենք վերցնում: Սա չի՞ իրենց օգնությունը»:

Գյուղացիների զայրույթն ուղղված էր նաև համայնքի հանրապետական ղեկավարին, ով, ըստ նրանց, միայն կատարում է իշխանությունների պատվերը, իսկ գյուղի կարևոր խնդիրներն այդպես էլ չեն լուծվում: Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը մեր այցելության ժամանակ տեղում չէր: Չնայած աշխատանքային ժամին, գյուղապետարանում միայն հաշվապահն էր, և որևէ մեկը չկար, ում հետ գյուղի խնդիրների մասին կկարողանայինք զրուցել: Գյուղապետ Սարգսյանի հետ հեռախոսով էլ զրուցել չկարողացանք: Առաջին հեռախոսազանգի ժամանակ ասաց՝ մեքենայի ղեկին եմ, զանգահարեք 30 րոպե անց (չնայած գրասենյակային հեռախոսազանգի ձայնը լսվում էր կողքից): Հաջորդ զանգերի ժամանակ գյուղապետը կամ չէր պատասխանում կամ հեռախոսն անջատում էր: