HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հովիկ Աբրահամյանի մեկնարկային արագությունը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թ. առաջին եռամսյակի տվյաներով կազմում է 3.3%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա:

Այս ցուցանիշը հետաքրքրական է նաև նրանով, որ համընկնում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման սկզբի հետ: Այսպիսով՝ նոր կառավարությունը տնտեսությունը վերցնում է 3.3% աճի մակարդակով: Հիշեցնենք, որ 2013թ. փակվել է 3.5% աճով, իսկ 2014թ. բյուջեի հիմքում դրված է 5.2% աճի կանխատեսումը:

Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պարտավոր է հասնել տնտեսական աճի արագացման: Դա միանգամայն հնարավոր է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության դեպքում, որն, ի դեպ, պլանավորվում էր նաև նախորդ կառավարության կողմից: Սակայն միջազգային շուկաներում իրավիճակն այնքան էլ բարվոք չէ: Նույնիսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն անցյալ շաբաթ խոստովանեց, որ բյուջեի հիմքում ընկած աճի տեմպին հասնելու հավանականությունն ավելի քիչ է, քան դրան չհասնելը:

Այս պահին Հայաստանն արդեն բախվել է մի քանի փոքր շոկերի՝ պղնձի միջազգային գնի էժանացում, հացահատիկի թանկացում, օտարերկրյա ներդրումների հետաձգում: Ներքին շուկայից դրան գումարվելու է գյուղատնտեսական ոչ այնքան հաջող տարին: Ռուսաստանը ենթարկվում է պատժամիջոցների, ու այդ երկրի տնտեսական աճի կանխատեսումներն անընդհատ նվազեցվում են: 

Այնուամենայնիվ, այս պահին Հայաստանն ունի բավարար ռեսուրս նման ոչ մեծ շոկերը հաղթահարելու համար: Այդ ռեսուրսն արդյունաբերությունն է, քանի որ այս տարվա առաջին ամիսներին հենց արդյունաբերությունում է գրանցվում անկումը (ապրիլի դրությամբ անկումը 2.8% է): Արդյունաբերության անկումը հիմնականում հետևանք է հանքարդյունաբերության, մսամթերքի արտադրության անկման, ինչպես նաև՝ Ախուրյանի շաքարի գործարանի պարապուրդի:

Պնդել, որ այս գործոնները հիմնական կլինեն ողջ տարվա ընթացքում՝ այնքան էլ համոզիչ չի: Շատ բան կախված է նաև նրանից, թե նոր կառավարությունը որքանո՞վ կշարունակի արտահանման խթանման քաղաքականությունը, որի հետ նախորդ կառավարությունը մեծ հույսեր էր կապում:Նոր կառավարությունը կարող է «աճի դոզա» ստանալ շինարարությունից, որտեղ երկար տարիների ընդմիջումից հետո վիճակագրությունն արձանագրում է ոչ մեծ աճ (0.7%):

Այս աճը կարագանա Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության թափ առնելուն զուգահեռ: Այս հարցում էական դեր կարող է խաղալ նաև բյուջետային ճկուն քաղաքականությունը: Այսպիսով՝ նոր կառավարությունը տնտեսական աճի արագացման կարող է հասնել արդյունաբերության ու շինարարության ճյուղերի հաշվին:

Եթե Ռուսաստանում գնողունակության էական անկում չարձանագրվի՝ կարելի է նաև հուսալ դեպի Ռուսաստան արտահանումների աճի մասին: Առայժմ խնդրահարույց են մնում օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերը, նունիսկ ռուսական ընկերությունների կողմից: Ներդրումների նվազումը և արտաքին ուժեղ շոկերը դիտվում են որպես աճին խանգարող հիմնական գործոններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter