HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ես էս պետության հակամարդն եմ»

«Ես չեմ լացում, որ ինձ խղճաք: Իմ լացը կյանքի լաց ա»,- արտասվելով ասում է 43-ամյա Գեղամ Պետրոսյանը:

Նա ապրում է «քրջի բազարի» հարեւանությամբ, թիթեղյա կտորներից պատրաստած ձեռաշեն տնակում (եթե այն կարելի է տնակ անվանել):

Լավ չի լսում: Տարբեր նյութերից ինչ-որ հեղուկ է պատրաստում, իր ասելով՝ հեքիմական ձեւերով, տաքացնում է կրակի վրա ու լցնում ականջները: Պատմում է, որ տարիներ առաջ դիմել է բժիշկներին, բայց քանի որ անտեր է, չեն օգնել:

Արտաշատցի Գեղամի պատմելով՝ դեռ խորհրդային տարիներին տունը վաճառել է ու մեկնել Ռուսաստան: Շուտով, սակայն, հանգամանքների բերումով վերադարձել է հայրենիք ու Երեւանում ապրել վարձով:

«Մի քանի ամիս հետո ամուսնացա ինձանից 5 տարի մեծ ստեփանակերտցի մի աղջկա հետ: Մի տարուց տղա ունեցա: Կինս կաթի գործարանում էր աշխատում: Դավիթաշենում պիտի տուն ստանայինք. 3000 ռուբլի մաղարիչ էի արել: Էդտեղ էլ սովետը քանդվավ, ու ամեն ինչ կորավ»,- հիշում է Գեղամը:

«Թոխմախ պադվալային հարկում 11 տարի ապրեցինք: Մի օր էլ եկա տուն, տեսա՝ մարդ չկա: Կնոջս տնեցիք եկել, իրան ու էրեխուս տարել էին»,- պատմում է նա եւ ասում, որ ընտանիքին նորից միանալու համար մի քանի ապարդյուն փորձեր է արել:

«Ես արհամարհված մարդ եմ, մութ, թախծոտ, կորած ու մենավոր կյանքի մարդ եմ»,- ասում է Գեղամն ու ամեն ինչի համար մեղադրում «Սովետական Միությունը վերացրած» Գորբաչովին:

«Ես սովետական պետության մարդն եմ եղել: Ես էս պետության հակամարդն եմ: Էս պետությունն իմ կյանքի 17 տարին կործանեց, ինձ առողջությունից ու ընտանիքից զրկեց, հանճարեղ անելիքներիցս հեռացրեց...»,- ասում է նա եւ շեշտում, որ Հայաստանից ամեն գնով պետք է հեռանա:

«Եթե մի մարդ օրը բացվի կլոր տարիներով նույն բնում ինքն իրան փակվի, գիշերները դուրս գա զիբիլ, զիբիլից՝ բուն, ուրեմն էդ մարդը հասել ա փլուզման վերջնակետին, չէ՞ ...Էս պետությունն ինձ սարքել ա զենք, որ ես ինքս ինձի վերացնեմ»,- ասում է Գեղամ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter