HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետի «Սև բերդ» ամրոցը մշակութային կենտրոն է դառնո՞ւմ, թե՞ հյուրանոց

Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում տեղակայված «Սեւ բերդի» վերակառուցման աշխատանքները մեկնակել էին դեռեւս անցած տարի՝ տեղիք տալով զանազան մեկնաբանությունների ու քննադատությունների: Լուրեր էին շրջանառվում, թե սեփականատերը`Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պատրաստվում է հնագույն ռազմական ամրոցը վերածել հյուրանոց-ռեստորանի: Այդ տեղեկատվությունը սկզբանական շրջանում քաղաքապետը ոչ հաստատում, ոչ էլ հերքում էր: Հետագայում շրջանառության մեջ դրվեց մի տեղեկատվություն, թե ամրոցը վերածվելու է համերգասրահի:

Առաջին ակնհայտ ու բավական տգեղ փոփոխությունը, որ նկատելի էր անգամ անզեն աչքով՝ հայտնվեց ամրոցի տանիքին մետաղական կոնստրուկցիայի տեսքով անցած տարի ամռանը: Թեպետ տարածքը խստորեն հսկվում էր եւ օտար մարդիկ մուտք չունեին ամրոցի տարածք, այնուամենայնիվ, որոշ «ճարպիկ» լուսանկարիչների` համացանցում տարածած լուսանկարներից ակնհայտ դարձավ, որ փոփոխությունների է ենթարկվել նաեւ ամրոցի ներսը: Սեփականտերը որքան էլ պնդեր, թե ամրոցը վերածվելու է համերգասրահի, պարզ էր, որ շինության ներսում եղած սենյակատիպ կառույցներում տեղի ունեցող նորոգչական աշխատանքները գիշերակացի եւ սնվելու վայրեր ստանալու նպատակ են հետապնդում:

Նախկին սեփականատերը ցանկանում էր տարածքը վերածել թանգարանի՝ այդպիսով զարկ տալով նաեւ զբոսաշրջությանը: Ներկա սեփականատիրոջը հավանաբար թանգարանի հեռանկարն այնքան էլ չէր հրապուրել՝ նկատի ունենալով, թե որքան անեկամտաբեր են հենց Գյումրու կենտրոնում գործող բավական հայտնի մշակութային օջախները:

«Հետքը» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից դեռեւս անցած տարի դեկտեմբերին էր հետաքրքրվել «Սեւ բերդում» կատարվող շինարարական աշխատանքների ծավալների, կատարվող ճարտարապետական փոփոխությունների եւ կառույցի վերջնական տեսքի վերաբերյալ:

«Էն, որ մի երկու շարք է ավելացվել ու ամրոցի պատերը բարձրացել են, արվել է ամրացման նպատակով,- բացատրեց քաղաքապետը,- մասնագետները եկել նայել են, մշակույթի նախարարությունից են եկել, որեւէ խնդիր չկա: Ինքը չի լինելու հյուրանոց, ինչպես որ խոսում են, այլ լինելու է փառատոնային կենտրոն, գեղեցիկ կառույց է լինելու եւ այդպիսի դահլիճ մենք չենք ունենալու Գյումրիում: Դա մոտավորապես 1500 տեղանոց դահլիճ է լինելու եւ չի կարող էնտեղ բնականաբար հյուրանոց լինել: Կարող է հանգստի սենյակ լինի կամ, չգիտեմ, ասենք ինչ որ սնվելու տեղ: Ինչ լավ կլիներ, եթե Սպիվակովի համերգն էդ դահլիճում անեինք, ոչ թե 700 տեղանոց թատրոնի դահլիճում, որտեղ 800 հոգու մի կերպ տեղավորեցինք, մարդիկ էլ նեղացան ինձանից»:

Լուսանկարը՝ wikimedia.org-ից

Սամվել Բալասանյանը նշեց, որ ամրոցը համերգասրահի վերածելու ծրագիրն իրենն է եւ բոլոր ճարտարապետական նշանակության փոփոխությունները կառույցում կատարվում են ըստ օրենքի: «Մենք, եթե ինչ որ մի բան էնպես արած չլինեինք, հիմա օ՜, գիտես ինչ աղմուկ էր բարձրացել»,- նկատեց Սամվել Բալասանյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հանրապետական նշանակության «Սեւ բերդում» կատարվող ճարտարապետական փոփոխությունների մասին հետեւյալը հայտնեց. «Ես Սամվել Բալասանյանի հետ անձնական զրույց ունեցել եմ «Սեւ բերդի» հետ կապված, որովհետեւ սեփականատերը նա է: Նա ցանկանում էր դա հյուրանոց դարձնել: Ես նրան բացատրում էի ամեն կերպ, որ հյուրանոցի տարբերակը ճիշտ չի, որովհետեւ կառույցի բնույթն է այդպիսին՝ ինչ էլ դարձնես, այն ի վերջո մնում է բերդ: Լավ կլինի, որ դառնա թանգարանային մի բլոկ: Նա ինձ ասում էր` հա, թող էլի դառնա, բայց տուրիստը թող մի գիշեր էլ էստեղ քնի: Ես ասում էի, որ չէ, եթե քնեց, դու պիտի տուալետ դնես, դուշ պիտի դնես, իսկ դա նշանակում է այլանդակել շինությունը: Նա մտադրություն ուներ նաեւ ծածկելու բակի հատվածը: Ես կարծում եմ, որ դա եւս պիտի արգելվի, քանի որ, եթե դա էլ անես, արդեն հուշարձան չի լինի ամրոցը, կդառնա սովորական մի օբյեկտ, ոնց որ «Ծածկած շուկան»: Տուրիստը պիտի գա ու զարմանա մեր անգրագիտության վրա»:

Գյումրու ներկա քաղաքապետն ընտրվելուց հետո, որպես առաջադիմական քայլ, որոշել էր ստեղծել ճարտարապետների խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու էին նաեւ  ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանն ու Սաշուր Քալաշյանը: Նրանք նախկինում եղել էին Լենինականի գլխավոր ճարտարապետներ եւ հրաշալի գիտեին քաղաքն ու առկա խնդիրները: Ճարտարապետական խորհրդի մյուս անդամները գյումրեցիներ էին՝ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բնապահպան եւ այլք:

Սաշուր Քալաշյանը (Գյումրու գլխավոր ճարտարապետն է եղել 1976-1994թթ.) առաջարկն ընդունել էր եւ հանձն առել պատրաստել իրավական այն բոլոր փաստաթղթերը, որոնք կօգնեին լուծելու Գյումրիում առկա մի շարք քաղաքաշինական եւ ճարտարապետական խնդիրները: Սակայն պայմանավորվածությունը բանավորից գրավորի չէր վերածվել: Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դժգոհել էր, որ բյուջեում գումար չկա եւ ինքն առայժմ չի կարող այդ հարցերը լուծել:

Սաշուր Քալաշյանը կազմել էր ճարտարապետական խորհրդի կանոնակարգը Երեւանի փորձով, սակայն այն իր օրոք չէր հաստատվել: «Այնտեղ մի մեծ բան չկար, պարզապես խորհուրդը պետք է պարբերաբար հավաքվեր եւ քննարկեր հարցեր: Մի երկու-երեք անգամ հավաք եղել է, բայց ըստ իս, այն ձեւական բնույթ էր կրում: Կանոնակարգը չհաստատվեց, ամեն դեպքում, իմ օրոք չի հաստատվել եւ ես ամեն քննարկումից հետո ասում էի,`ախր կանոնակարգ կա, էս նյութերը որ բերել եք, էսինչ պայմանն է խախտված, էն ինչ բանը չկա, մենք հանպատրաստից ենք նյութը նայելու, ինչպե՞ս պիտի քննարկենք: Հիմա չգիտեմ, թե ինչպես են ընթանում այդ քննարկումները, որովհետեւ 6 ամսից ավելի է ինչ ինձ որեւէ հարցով չեն դիմել»:

Ինչ վերաբերում է «Սեւ բերդում» ընթացող ճարտարապետական աղավաղումներին, ապա Սաշուր Քալաշյանը շատ բան չկարողացավ ասել, որովհետեւ տեղեկացված չէր, միայն նշեց, թե արտասահմանում բազմաթիվ նմանատիպ շինություններ կան եւ դրանցի ոչ մեկը հյուրանոց չի դարձել, պահպանվել են այն վիճակով, ինչպես նախկինում են եղել: «Անգամ հրացանն ու թնդանոթը դրված է այնպես, ինչպես այդ տարիներին եւ ցույց էին տալիս, թե ինչպես են կրակում: Այնտեղ այդ բոլոր կառույցները համարվում են ճարտարապետական արժեքներ եւ պահպանվում են իրենց նախկին տեսքով: Իսկ մեր մոտ, երբ գերիշխող է դառնում շահույթը եւ հոգեւոր արժեքն էլ մղվում է հետին պլան, լինում է այն, ինչ լինում է»,- նշեց Սաշուր Քալաշյանը:

Ապրիլի 23-ին Գյումրու «Ստիլ» պատկերասրահում «Սեւ բերդ» ամրոցը մշակութային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվող փոփոխությունների նախագծի հասարակական քննարկում էր անցկացվել, որին մասնակցել էին միայն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրադարանների աշխատակիցները, մեկ հասարակական կազմակերպության ղեկավար, ներկայացուցիչներ Գեղարվեստի ակադեմիայից եւ մեկ լրատվամիջոց: Քննարկմանը մասնակցելու եւ լուսաբանելու հրավեր չէին ստացել Գյումրիում գործող երկու հեռուստաընկերությունների, երկու շաբաթաթերթի, մեկ օրաթերթի, հանրապետական 3-4 լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Հասարակության տարբեր շերտերի ներկայացվածությունն եւս ապահովված չէր: Տարօրինակն այն է, որ քաղաքապետարանի կազմակերպած ցանկացած միջոցառում, քաղաքապետի՝ զանազան ձեւաչափով ընթացող տարատեսակ հանդիպումների մասին լրատվամիջոցները տեղեկանում են, թե' հեռախոսակապի, թե' համացանցի միջոցով, սակայն այս դեպքում կազմակերպիչները, չգիտես ինչու, որոշել էին լռել: Ինչու՞ չէր ապահովվել պատշաճ իրազեկում հանրության եւ լրատվամիջոցների համար: Քաղաքապետարանն այդ առումով փորձի պակաս չունի: Հիշենք թեկուզ անցած աշնանը Վարդանանց հրապարակի եղեւնիները կտրելու վերաբերյալ հանրային քննարկումը, որն անցկացվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում, որպեսզի շահագրգիռ բոլոր կողմերը կարողանան ներկա գտնվել:

Իսկ ահա «Սեւ բերդի» մասին քննարկման իրազեկվածության ցածր մակարդակից դժգոհողներին մատնացույց արվեց Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքը, որտեղ պարզվում է, տեղադրված է եղել հայտարարություն այդ մասին: Այն տեղադրվել էր ապրիլի 2-ին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր հետեւյալը. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշման համաձայն` Գյումրու քաղաքապետարանը կազմակերպում է Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանման գոտում գտնվող, պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող «Սև բերդ» («Հարավային») ամրոցը մշակութային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվող փոփոխությունների նախագծի հասարակական քննարկում»:

Ապրիլի 2-ին տարածած հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ քննարկումը տեղի է ունենալու ապրիլի 23-ին, ժամը 14-ին, Գյումրու «Ստիլ» պատկերասրահում: Այստեղ կարծես թե ամեն ինչ հասկանալի է, մնում է պարզապես զարմանալ, թե ինչպես էին գրադարանավարները, ակադեմիայի աշխատակիցներն ու միակ լրատվամիջոցի ներկայացուցիչն այդքան պարտաճանաչորեն ուսումնասիրել քաղաքապետարանի պաշտոնական կայքը, տեղեկացել քննարկման մասին ու ապրիլի 23-ին, ճիշտ նշված ժամին շտապել մասնակցելու:

 «Հետքի» ունեցած տեղեկություններով քննարկման մասնակիցները պարզապես ընտրվել էին, իսկ որոշները պատկերասրահ էին հրավիրվել քննարկումից 10 րոպե առաջ: Մի կողմից`  հանրային կոչված այս քննարկումն առնվազն «գալչկա» դնելու հայկական վատ սովորույթ կարելի է համարել, մյուս կողմից էլ ստիպված ես ենթադրել, որ սեփականատերը թեմայի հանրայնացման առումով բոլորովին էլ շահագրգիռ կողմ չէ, բայց սա արդեն այլ հոդվածի թեմա է:

Մեկնաբանություններ (3)

pol
Heriq a tuyn tapeq.mi bani el havatatseq,da kpoxi qarqqi demqy,kta qarqrin nor imidj,kkarorana hravirel ev antskatsnel tasnyak forumner,hamergner.hin berdi nor kyanqy,aveli aktiv u burn.
Armen
Հին Գյումրու բոլոր շենք-հուշարձանները ավերակված վիճակում են, առավել գեղեցիկ շինություններ կործանվում ու ոչնճանում են: ՆույնՍեվ ղուլի հետնամասում նման 3 ոչ պակաս բերֆեր շինաղբով են պատված ու ամեն օր քարերն են քանդում, բայց ոչ մեկի պետքը չէ....այս մի շինությունը գոնե քաղաքի համար վերականգնվում է: Իրոք նախանձությունը կործանելու է հայ ազգին...
Melo
When reading the article on Sev Ghoul proprietor Mr. Balasanian before I remembered the building to belong to Adamyan Hayk, rest in peace. Buisnessman from Moscow. It's sad to know his dream to see the fortress surrounded by a replica of a Tsar epoch village, on the slopes of the hill next to the museum of II World War in Mayr Hayastan as in Haghtanak Zbosaygi in Yerevan. This could be a lively idea.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter