HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հյուրանոցները շատանում են, սակայն հարկեր քիչ են վճարում

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների միայն 15 %-ն է 2013 թ. հանգրվանել հյուրանոցներում: Մնացածն իջևանում են բարեկամների տանը կամ նախընտրում են վարձով բնակարանները: Սա հիմնականում բացատրվում է նրանով, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասն այլ երկրների քաղաքացի մեր հայրենակիցներն են: Սակայն նույնիսկ այս պարագայում ակնհայտ է, որ հյուրանոցային տնտեսությունը Հայաստանում աճի մեծ պոտենցիալ ունի:

Պատահական չէ, որ վերջին 7 տարում հյուրանոցների թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ վերջին 3 տարում կրկնապատկվել է միջազգային զբոսաշրջիկներ ընդունող հյուրանոցների թիվը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ այսօր Հայաստանում մոտ 175 հյուրանոց կա, որից 63-ը Երևանում, 112-ը՝ մարզերում: Ընդհանուր առմամբ՝ հյուրանոցներն ունեն 6000 համար ու 11 հազ. ննջատեղ: Ննջատեղերի նման քանակը զբոսաշրջային պիկ շրջանում ակնհայտ անբավարար է, սակայն հյուրանոցների մեծ մասի ծանրաբեռնվածությունը ձմռան ամիսներին 20-25%-ի շրջանակներում է: Հյուրանոցների անհամաչափ ծանրաբեռնվածությունն այդ համակարգի զարգացումը խոչընդոտող հիմնական գործոնն է:

Հայաստանյան հյուրանոցների 80%-ը փոքր, էկոնոմ դասի են: Նրանցից շատերն իրենց կենսունակությունը պահպանում են սիրային կարճաժամկետ հանդիպումների համար համարներ տրամադրելով: Հյուրանոցներից 77-ը (ընդհանուրի 45%-ը) 2013 թ. ընդունել են նաև միջազգային զբոսաշրջիկներ, ինչը զգալի առաջընթաց է նախորդ տարիների համեմատ (օրինակ՝ 2012 թ. այդպիսի հյուրանոցների թիվը 54 էր);

Վերջին տարիներին հյուրանոցային տնտեսություններում նկատվում է որակական աճ, ի հայտ են եկել մրցակցության տարրեր: Ընդլայնվել է նաև մատուցվող ծառայությունների տեսականին, գին/որակ համադրության մեջ ընտրության հնարավորությունն ակնհայտ մեծ է: Ավելին՝ եվրոպացի զբոսաշրջիկներ կան, որոնց գնահատականով՝ երևանյան հյուրանոցներից մի քանիսը գին-պայմաններ-սպասարկման որակ համատեքստում գերազանցում են անգամ Իտալիայի զբոսաշրջային կենտրոնների հյուրանոցներին:

Բարձրակարգ հյուրանոցներ են կառուցվել նաև զբոսաշրջային կենտրոններում՝ Ծաղկաձոր, Աղվերան, Ջերմուկ; Տաթևի զբոսաշրջային ծրագրի իրականացումը նպաստեց Գորիսում հյուրանոցային պայմանների բարելավմանն ու աճին: Սակայն մարզկենտրոնների ու ոչ մեծ քաղաքների մեծ մասը զուրկ է նորմալ հյուրանոցից: Մի քանի միջազգային հայտնի հյուրանոցային ընկերություններ Հայաստանում կառուցել կամ կառուցում են հյուրանոցներ (Hyatt, Kempinski, Wyndham Hotel Group, InterContinental Hotels):

Հարկ է նշել, որ հյուրանոցային տնտեսությունը չի սահմանափակվում միայն հյուրանոցներով: Հայաստանում կան մոտ 150 հանգստյան տներ, մոթելներ, հոսթելներ, առողջարաններ, որոնք նույնպես կարող են զբոսաշրջիկներ ընդունել: Դրանք մոտ 3000 համար ու 7000 ննջատեղ ունեն: Բացի այդ՝ հանրապետությունում գործում են մոտ 200 զբոսաշրջային տներ:

Հաաստանյան հյույրանոցներից միայն 4-ն են տեղ զբաղեցրել 1000 խոշոր հարկատուների ցանկում: 2013 թ. արդյունքներով՝ այդ հյուրանոցներն են՝ «Արմենիա հյուրանոցային համալիրը» (1.4 մլրդ դրամ և 84-րդ տեղ), «Երևան» հյուրանոցը (521 մլն դրամ և 216-րդ տեղ), «Ավիատրաանս» հյուրանոցը (120 մլն դրամ և 844-րդ տեղ), «Եվրոպա» հյուրանոցը (110 մլն դրամ և 901-րդ տեղ): Հյուրանոցները ներկայում հարկվում են հարկման ընդհանուր կարգով՝ նախկին հաստատագրված վճարների փոխարեն;

Հյուրանոցային տնտեսության ընդհանուր շրջանառությունը 2013 թ. կազմել է 17.8 մլրդ դրամ (մոտ 44 մլն դոլվար), ինչը, կարծում ենք, արհեստականորեն նվազեցված թիվ է: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 10.7% աճ: Հյուրանոցային տնտեսությունն ապահովում է ծառայությունների ոլորտի 1.8%-ը ու ՀՆԱ-ի մոտ 0.4%-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter