HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

12-րդ գիշերն առանց կանանց

Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում երեկ ներկայացվեց Շեքսպիրի «12-րդ գիշեր» ներկայացումը` Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի և Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի համատեղ բեմադրությամբ: Այդ ներկայացմամբ բացվեց Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Ներկայացման մեջ խաղում են Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ Իգոր Յասուլովիչը: Ռուս դերասանները ներկայացումը խաղալու են նաեւ այսօր:

Շեքսպիրի «12-րդ գիշեր» հանրահայտ ներկայացումն անգլիացի աշխարահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանն իրականցրել է Մոսկվայում՝ ռուսաստանյան հանրաճանաչ դերասանների մասնակցությամբ։ 

Շեքսպիրի ամենաուրախ կատակերգությունը`«12-րդ գիշերը»  բեմադրել է եվրոպացի ամենասրամիտ եւ յուրօրինակ ռեժիսորներից մեկը: Որպես սկզբունք` նա ընտրել է շեքսպիրյան ժամանակաշրջանի թատրոնների որդեգրած ավանդույթը: Բեմադրության մեջ խաղում են միայն տղամարդիկ: Սակայն կանանց դերերում, որոնք մարմնավորում են ռուս դերասանները, չկա ոչ մի ավելորդ խաղ, անգամ դա չի ազդել հագուստների զսպված ոճի վրա: Անգլիացի ռեժիսորի բեմադրության մեջ չկան կատակերգության համար սպասված վառ գույները, տոնական տրամադրությունը, այստեղ անգամ նկատելի է որոշակի տխրություն, որն առաջ է քաշել Դոնելանը: Ռեժիսորն իր ձեռագիրը հստակ է պահպանում: Դոնելանին հաճախ թատերական ջենտլմեն են անվանում` իրեն հատուկ հարմոնիայի, ազնվական զսպվածության եւ առհասարակ այն մեթոդների համար, որոնք նա օգտագործում է բեմադրությունից բեմադրություն: Այնուամենայնիվ, որոշ արտասահմանյան թատերագետների կարծիքով այս բեմադրությունը չի կարելի համարել Դոնելլանի գլուխգործոց, այն ռեժիսորի համար միջին աշխատանք է, որտեղ, սակայն, նա չի կորցրել ոչ իր վարպետի ոճը, ոչ ճաշակը:

«Շեքսպիրյան փառատոներ կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում: Հայկական շեքսպիրյան փառատոնը ուշագրավ է նրանով, որ առաջին հերթին ներկայացնում է հայկական թատրոնների բեմադրություններ, Շեքսպիրը հայերի ընկալմամբ, հայերի ընթերցմամբ: Եվ երկրորդ` սա այն եզակի փառատոներից է, որ մեծ ներկայացումներին զուգադրվում է նաեւ մոնոներկայացումները: Սա այս փառատոնի յուրահատկություններից մեկն է: Յուրաքանչյուր անգամ վերադառնալով Շեքսպիրին, անելով Շեքսպիրյան փառատոներ, մենք ոչ միայն առիթ ենք ունենում ճանաչելու այդ մեծ մտածողի, մեծ բանաստեղծի ստեղծագործության առանձնահատկությունները, այլեւ մշտապես գնում ենք դեպի նորը, գտնել նորարարականը, դեպի որոնումները, ինչի համար Շեքսպիրը մեզ հրաշալի հնարավորություններ է տալիս»,- ասում է թատերագետ Լեւոն Մութաֆյանը:

Վարամ Փափազյանի անվան շեքսպիրյան 9-րդ փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այս օրերին Հայաստանում են լինելու նաեւ իրանական, վրացական, թուրքմենական այլ թատերախմբեր իրենց շեքսպիրյան բեմադրություններով: Փառատոնի փակումը տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային բեմադրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter