HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հակակարկտային ծառայությունը բյուջեից փող է ստանում, բայց չգիտի ինչ անել

«Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը» (հակակարկտային ծառայություն) պետական բյուջեից ավելորդ գումարներ է ստանում, որոնք ծախսվում են այլ նպատակներով: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության հաշվետվության մեջ:  

Ընդհանուր առմամբ՝ 2010-2012թթ. բյուջետային գումարներից չի ծախսվել 146 մլն դրամ, որից 122 մլն դրամն ուղղվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի հիմնանորոգմանը,  իսկ 24 մլն դրամը մնացել է այդ ՊՈԱԿ-ի հաշվարկային հաշվում:

Հիշեցնենք, որ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ենթակա է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և պատասխանատու է հակակարկտային կայանների գործարկման և աշխատանքի համար: Սակայն 2013 թ. գարնանային կարկտահարությունը ցույց տվեց, որ հակակարկտային  համակարգը թերի է, ի զորու չէ արդյունաավետ պայքարել մթնոլորտային ուժեղ երևույթների դեմ, իսկ կառավարությունը մոտ 600 մլն լրացուցիչ գումար հատկացրեց՝ նոր կայանների տեղակայման համար: Սակայն պարզվում է՝ այդ ծառայությունն իրականում փոդի կարիք չի ունեցել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և  ՊՈԱԿ-ի միջև կնքված  պայմանագրերով  սահմանվել է, որ ՊՈԱԿ-ը պարտավոր է պայմանագրի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցներն օգտագործել միայն «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ծրագրի աշխատանքների իրականացման համար, սակայն, անտեսելով նշված պահանջը, ՊՈԱԿ-ի կողմից 2010-2011թթ կատարվել են ծախսեր, որոնք կապ չունեն  իրենց անմիջական գործառույթների հետ: Մասնավորապես, 2010թ.-2011թթ. ընթացքում, որպես ուսման վարձ, տարբեր ուսումնական հաստատությունների 4 դեպքով փոխանցվել է  702 հազ. դրամ: 

Բացահայտվել են նաև գործուղման ծախսերի դիմաց ավել փոխհատուցումների փաստեր, անբավարար է հսկողությունը ապրանքանյութական արժեքների պահպանման նկատմամբ: Ընտրանքային կարգով միայն երկու նյութական պատասխանատու անձանց մոտ կատարված  շինանյութերի գույքագրումներով արձանագրվել է  218.9 հազ. դրամի պակասորդ  և  67.3 հազ. դրամի ավելցուկ:

Այս եզրակացությունից հետո զարմանալի չի թվում, թե ինչու Հայաստանում կարկուտն այդպես անարգել ծեծում է գյուղացիական բերքը՝  գյուղացուն զրկելով 1 տարվա ապրուստից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter