HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչպես է իշխանությունը ճանաչում իր կադրային սնանկությունը

Իշխանությունը կադրային վերադասավորումների ակտիվ փուլում է: Միաժամանակ ձևավորվում է թե նոր կառավարության կաբինետը, թե խորհրդարանի ղեկավար կազմը: Մոտ 15 տարվա ընդմիջումից հետո իշխանության թևերի ձևավորման և կադրային քաղաքականության ամբողջական պատասխանատվությունը կրում է մեկ կուսակցություն, տվյալ դեպքում` իշխող Հանրապետականը: Թվում է, թե այս հանգամանքը պետք է շատ ավելի հեշտացներ ու արագացներ կառավարության անդամների նշանակման, ինչպես նաև ԱԺ նախագահի ընտրության գործընթացը, մանավանդ եթե հաշվի առնենք ՀՀԿ-ի անդամների թիվը: Իրականում, սակայն, այն, ինչ տեղի է ունենում հիմա, այլ կերպ, քան կադրային քաղաքականության ճգնաժամ, հնարավոր չէ անվանել:

ԱԺ նախագահի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական «ադաբրյամսի» լավագույն ավանդույթների համաձայն, առաջադրեց ՀՀԿ խմբացկության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Մարդ, ով կերպարանավորում է իշխանության` ցինիզմի հասնող ինքնավստահությունն ու անփոխարինելիության սինդրոմը, իբրև այդպիսին, առաջացնում ողջ իշխանական համակարգի նկատմամբ հանրային հիասթափությունը, ում համար օպոնենտների նկատմամբ քաղաքական կոռեկտության չափանիշը նրանց պախարակումը, նվատացումն ու սուր հեգնանքն է, ում արտահայտած մտքերը երբեմն վերծանման, լեզվաբանական փորձաքննության անհրաժեշտությունն են առաջացնում:

ԱԺ նախագահի ներքին` հասարակական, և արտաքին` դիվանագիտական, ներկայանալիության չափորոշիչները, որոնք կազմում են առհասարակ երկրի ներկայանալիության կարևոր բաղադրիչներից մեկը, այս պարագայում հաշվի չեն առնվել ընդհանրապես:

Սահակյանի թեկնածության առաջադրումը հաստատում է, որ ներկա իշխանական կոնյուկտուրայի համար այդ չափորոշիչները լրիվ անիմաստ, անպետք, հետևաբար աղբանոց նետելու ենթակա կատեգորիաներ են: Եվ դա բնական է, որովհետև պետական կառավարման համակարգում խորհրդարանին վերապահված ածանցյալ դերակատարման պարագայում այլ տիպի ու որակի ԱԺ նախագահ հնարավոր չէ պատկերացնել:

Եվ այս իմաստով ամեն ինչ ավելի պարզունակ է, քան կարելի էր սպասել: ԱԺ նոր նախագահից իշխանությունն ընդամենը երկու բան է պահանջում. ապահովել ներկուսակցական բոլոր խմբավորումների համակեցությունն ու հանդուրժողականությունը, և երկրորդ` չկորցնել քաղաքական մեծամասնության կառավարելիությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո ՀՀԿ-ի որակական մեծամասնությունը պահպանելու լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:

Թե առաջինի և թե երկրորդի առումով Սահակյանն ուղղակի անփոխարինելի է: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ ունենալու ենք ոչ թե Ազգային ժողովի նախագահ, այլ դե ֆակտո այդ պաշտոնն իբրև քաղաքական մեծամասնության նկատմամբ մտրակ կիրառելու լայն լիազորություններով օժտված ՀՀԿ խմբակցության ղեկավար:

Որքան Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ դարձնելու դրդապատճառներն են պարզունակ, նույնքան էլ տրիվյալ է կառավարության ձևավորման տրամաբանությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսել են կադրային յուրօրինակ կառուսել. կաբինետ են վերադարձնում նախկին` քոչարյանական կառավարությունների անդամներին: Կոնյուկտուրայի ներկայիս կառուցվածքն ու նկարագիրը հաշվի առնելով` այդ կոնտիգենտն, իհարկե, հնի ու նորի, քոչարյանականի ու սերժականի բաժանելը խիստ հարաբերական է` այն պարզ պատճառով, որ բոլոր ներկաներն ու նախկինները մեկ ընդհանուր` իշխանական կադրային բանկի պրոդուկտն են: Սակայն խնդիրը այդ բանկի նախկին ու ներկա նախագահներին պատկանելիության մեջ չէ, այլ նրանց կառավարման մեթոդաբանության, առաջնահերթությունների ակնհայտ տարբերությունների:

Մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականը իշխանությունը զարգացնում էր այն միտքը, թե նախկին, քոչարյանական կառավարությունը, հատկապես տնտեսական ոլորտում, վարել է այսպես կոչված «փուչիկի քաղաքականություն», որի պայթյունից հետո առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն էլ, իբր, ուղղված է եղել նոր Կառավարության  գործունեությունը:

Այս գաղափարը, սեփական ձախողումներն արդրացնելու տիգրանսարգսյանական կառավարության այս արդարացումները մինչև վերջ թաքուն խրախուսվում էին գործող նախագահի կողմից: Սակայն պարզվում է, որ կարելի է այդ նույն փուչիկային քաղաքականության երկու առանցքային ճարտարապետներին` էկոնոմիկայի և տնտեսական զարգացման ոլորտը համակարգող նախկին նախարար Կարեն Ճշմարտյանին և Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին նախարարական պորտֆելներ տրամադրել:

Կարելի՞ է սրանից արդյոք եզրակացնել, թե ներկայիս իշխանությունը վերադառնում է իրենց կողմից մերժված հին, քոչարյանական քաղաքական կուրսին: Եթե այդպես է, ապա առնազվն զարմանալի է, թե ինչու ներկայիս իշխանությունը չի խոստովանում, որ 6 տարի շարունակ ձախողման դատապարտված քաղաքականություն է խրախուսել և ներողություն չի խնդրում սխալված լինելու համար: Եթե այդպես չէ, ապա ինչու են, ի վերջո, այդ կադրերին նորից տեղափոխում կառավարություն: Որևէ բացատրություն այս տարօրինակության մասով չի տրվում:

Այս ամենում տրամաբանություն, իհարկե կա, բայց դա ոչ թե պետք է փնտրել կառավարության արդյունավետությունը բարձրացնելու, սխալները սրբագրելու և իրական բարեփոխումներ սկսելու ինչ-որ «անհետաքրքիր» նպատակադրումներում, այլ ընդամենը ներիշխանական կայունությունն ապահովելու, ապագա իշխանության գծագրման հարցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ընդհանուր լեզու գտնելու ցանկության մեջ: Հին կադրերը, փաստորեն, վերադարձվում են` կառավարության նկատմամբ Քոչարյանի և ԲՀԿ-ի լոյալությունը շահելու նպատակով:

Սա է ներկայիս կադրային քաղաքականության ամբողջ իմաստն ու պատմությունը: Սակայն որքան էլ այս ամենը հասկանալի թվա, ամեն ինչից զատ, թե խորհրդարանում և թե կառավարությունում կադրային այս վայրիվերումները մատնում են մի պարզ իրողություն. սա կադրային ռեսուրսի սնանկության արտահայտություն է:

Իշխանությունը կամ նոր պոտենցիալ կադրեր չունի և դրանով է պայմանավորված ռոտացիոն այս կարուսելը, կամ էլ ունի, բայց չունի թարմացումների գնալու ոչ ցանկություն ու ոչ էլ համարձակություն: Շեշտը դրվում է բացառապես պաշտոնավարման փորձառության վրա. կադրային առաջխաղացումը որպես կառավարիչների բանակի ձևավորման, պետական կառավարման համակարգի անընդհատ թարմացման մեխանիզմ, չի գործում:

Իսկ սա նույնիսկ ճգնաժամ չէ, որովհեև ցանկացած ճգնաժամ ինքնաբերաբար հարուցում է դրանից դուրս գալու ելքերի ու միջոցների փնտրտուք: Սա արդեն անհույս կադրային ճահճացում է: 

Մեկնաբանություններ (1)

Կարեն
«Սա արդեն անհույս կադրային ճահճացում է » Այս ճահճի մեջ էլ կխեղդվի հայ պետականությունը, եթե սրանցից անհապաղ չազատվեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter