HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Նոր անուններ` խոշոր հարկատուների ցանկում

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում մի շարք հետաքրքիր փոփոխություններ են կատարվել: Համենայնդեպս՝ այդ են վկայում ՊԵԿ-ի հրապարակած տվյալները 2014 թ. առաջին եռամսյակի արդյունքների մասին: Նախ՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակում առաջին անգամ հայտնվել է «Տրանսգազ» ընկերությունը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ձեռնարկությունն է և պատասխանատու է գազի տեղափոխման և պահեստավորման համար:

Այս ընկերությունը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (1.8 մլրդ դրամ)՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 16-րդի համեմատ: Իսկ «Գազպրոմ Արմենիան» գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը՝ 17.7 մլրդ դրամ ցուցանիշով:

«Գազային» ընկերությունների նման հաջողությունը պայմանավորված է ինչպես գազի սակագնի բարձրացմամբ, այնպես էլ 2014թ. առաջին եռամսյակում գազի ներկրման ու սպառման աճով:

Հետաքրքիր տեղաշարժ է կատարվել հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների միջև: «ԱրմենՏելը» շարունակում է պահպանել դիրքերը խոշոր հարկատուների մեջ՝ 4.2 մլրդ դրամով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Ընկերությունը նույնիսկ նախորդ տարվա համեմատ ավելացրել է հարկերի վճարը:

Սակայն, անսպասելիորեն, խոշոր հարկատուների առաջին տասնյակից դուրս է մղվել «Ղ-Տելեկոմը»՝ հայտնվելով 30-րդ հորիզոնականում: «Ղ-Տելեկոմի» համար սա աննախադեպ ցածր ցուցանիշ է, բավական է ասել, որ անցյալ տարվա համեմատ հարկերի վճարումը նվազել է ավելի քան 4.5 անգամ՝ կազմելով ընդամենը 810 մլն դրամ: Փոխարենն առաջընթաց է գրանցել «Օրանժ Արմենիան»՝ 1.5 մլրդ դրամ ցուցանիշով զբաղեցնելով 10-րդ պատվավոր հորիզոնականը: Անցյալ տարվա համեմատ «Օրանժ Արմենիա»-ն 2.5 անգամ ավելի հարկ է վճարել:

Խոշոր հարկատուների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է «Օնիրա Քլաբ» ընկերությունը, որը ներկայացնում է ժամանցի և խաղային բիզնեսը ու փոխկապակցված է Գագիկ Ծառուկյանի հետ: Այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի 999-րդ տեղից բարձրացել է մինչև 18-րդ տեղ` վճարելով մոտ 1.2 մլրդ դրամ (60 անգամ ավելի):

Զգալի առաջընթաց է գրանցել նաև «Էրիքսոն ԱԲ» շվեդական ընկերության հայաստանյան մասնաճյուղը, որն իրականացնում է շինարարական աշխատանքներ: Այս ընկերությունը նախորդ տարվա 179-րդ հորիզոնականից բարձրացել է մինչև 31-րդ հորիզոնական ու, փաստորեն, հանդիսանում է խոշորագույն շինարարական հարկատու կազմակերպությունը:

Նշենք, որ Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև «Ալեքս գրիգ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆլեշ», «ՍիՓիԷս օյլ կորպորեյշն», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գրանդ Տոբակո» ընկերությունները:

 

Լուսանկարը` civilnet.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter