HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում այսօր 101 ձայնով ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը հաղթեց մյուս թեկնածու՝ ինքնառաջադրված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին եւ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ: Հրանտ Բագրատյանի օգտին քվարկել էին Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյան և ինքը:

Ազգային ժողովի նորընտրիր նախագահը շնորհակալություն հայտնեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին իր թեկնածությունն առաջադրելու համար, ինչպես նաեւ ԲՀԿ և ՕԵԿ խմբակցություններին, որոնց պատգամավորները մասնակցեցին քվեարկությանը, ապա նշեց. «Գնահատում եմ իրավիճակը, կյանքս այդպես է անցել, ես սիրում եմ պայքարել, պայքարով եմ իմ հաջողությունները ձևավորել: Այն արդյունքները, որոնք պայքարի ձևով են ձևավորվում, ամուր եմ զգում ինձ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ամբողջ խորհրադարանին` կարծում եմ, որ սկսել ենք նոր մշակույթ ձևավորել, որը կշարունակվի` կապված պատգամավորների առաջարկների հետ»:

Հիշեցնենք, որ առաջադրված էր երկու թեկնածու՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Քվեարկությանը չեն մասնակցել «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունները, իսկ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ինչպես հայտնի դարձավ, որոշումը թողել են պատգամավորների հայեցողությանը:

Սակայն, ՀԱԿ խմբակցության երկու պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանն ու ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանը, չնայած խմբակցության որոշմանը, մասնակցեցին ընտրություններին: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ եք մասնակցում քվեարկությանը, երբ խմբակցությունը չմասնակցելու դիրքորոշում է որդեգրել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարգում է ՀԱԿ-ի որոշումը, բայց իր բարոյական պարտքն է համարում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, հակառակ խմբակցության որոշմանը, մասնակցեց ընտրություններին ու, ինչպես ինքը հայտնեց, քվեարկեց հօգուտ Հրանտ Բագրատյանի: «Քանի որ Հրանտ Բագրատյանը թեկնածությունը դրել է, ես իմ պարտքն եմ համարում իմ ձայնը տալ նրան: Սա իմ՝ Ալեքսանդր Արզումանյանի դիրքորոշումն է»,- ասաց նա: Ի դեպ, Ալեքսանդր Արզումանյանը բջջային հեռախոսով նկարեց իր քվեաթերթիկը և դա բնորոշեց որպես «ավելորդ ասեկոսեներից» խուսափելու փորձ: «Ես ինձ համար նկարել եմ, պատմական փաստ է, որ Հ. Բագրատյանը թեկնածու է»,- պարզաբանեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ իշխանական ուժերի քառյակը չուներ միասնական թեկնածու առաջադրելու որոշում, ուստի իրենք միասնական դիրքորոշմամբ հանդես գալու մասին հարցը չեն քննարկել և որոշել են պատգամավորներին ազատ թողնել: «Յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի իր խղճի մտոք: Ովքեր կցանկանան` կմասնակցեն, ովքեր չեն ցանկանա՝ չեն մասնակցի, և յուրաքանչյուրն ազատ է քվեարկելու թեկնածուներից նրա օգտին, ում ցանկանում է: Եթե առաջադրեինք միասնական թեկնածու, ապա կունենայինք միասնական դիրքորոշում»,- նշեց նա՝ պնդելով, որ որևէ ցուցում ԲՀԿ պատգամավորներին չի եղել:

ՕԵԿ խմբակցությունից էլ քվեարկելու եկան խմբակցության միայն երկու պատգամավոր՝ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ևս պատգամավորներին ազատ են թողել. «Մենք թողել ենք ազատ քվեարկեն, ով ինչպես ուզում է, կարող է քվեարկել: Մենք որևէ հարցում կաշկանդված չենք, ազատ է մեր քվեարկությունը: Մենք միշտ ունենք մեր շիտակ դիրքորոշումը և հրապարակավ ասում ենք, որևէ բան թաքուն չենք անում, հայտարարեցինք, որ ազատ ենք թողնում քվեարկության հարցում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter