HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հայաստանում մարդիկ հագնվում են բրազիլական սերիալների ճաշակով

« Եվրոպան բաց է` ընդունելու մեր նորաձեւությունը: Մերը ասելով` ես հասկանում եմ այն, ինչ մենք ենք ստեղծում: Ոչ մեկը չի ասում` կրեք տարազ, բայց բավական է հայկական ոճով մի փոքրիկ դետալ, ասեղնագործություն, գույն, ձեւվածք, այդ ժամանակ Եվրոպան պատրաստ է հետաքրքրվել մեզանով»,- ասում է «Ատեքս» նորաձեւության կենտրոնի ավագ դասախոս եւ նկարիչ, մոդելավորող Միքայել Դանիելյանը:

- Ինչպե՞ս են գլոբալացման երեւույթներն ազդում Հայաստանի նորաձեւության վրա: Ովքե՞ր են թելադրում հայ կանանց եւ տղամարդկանց հագնվելու ոճը:

- Տարբեր ժամանակներում նորաձեւության մեջ կանխորոշվում են որոշակի ուղղվածություններ եւ միտումներ: Վերջին շրջանում աշխարհում հայտնի մոդելյորներ իրենց հավաքածուները ստեղծում են Արեւելքի թեմաներով: Այդ մշակույթն, իսկապես, շատ հարուստ է ճոխ կտորների եւ զարդերի ընտրության համար:

Հայաստանում Արեւելքի պատկերացումները, եթե չասեմ աղավաղված, ապա կրկնօրինակված են ամենաանճաշակ ձեւեով եւ տեսքով: Ինձ համար ցավալի է, որ Հայաստանի նորաձեւությունը թելադրում են արեւելյան եւ բրազիլական մոտիվներով սերիալները: Մեր հայուհիներն այնքան են տարված այդ սերիալներով, որ ամեն մի սերիալից հետո ամբողջ Երեւանը լցվում է արեւելյան պարուհիներով եւ բրազիլական ծովափներից դուրս եկած աղջիկներով: Ես հիշում եմ, որ աղջիկները կապում էին շալեր եւ երազում դառնալ «ջեյդեր»: Ընդ որում, կրկնօրինակվում էր ոչ միայն հագուստը, այլեւ երաժշտությունը, ապրելաձեւը, ամեն ինչ:

2004 թվականին Ֆրանսիայի դիզայներներն իրենց աշխատանքներում ընդգծում էին վարդագույնը: Սակայն Փարիզում վարդագույն գույնով հագուստ կրում էր միայն հարյուրից մեկը: Ես հիշում եմ, որ այդ ժամանակ Երեւանը պարզապես հեղեղված էր վարդագույնով: Փողոցում քայլում էին աղջիկներ, որոնց ոչ միայն զգեստը, պայուսակն ու կոշիկներն էին վարդագույն, այլեւ դիմահարդարանքը եւ զարդի այլ պարագաները:

- Ինչո՞ւ է այդպես, մի՞թե չկա այլընտրանք:

- Պատճառն այն է, որ այստեղ մարդկանց մեծամասնությունն իր համար հագուստ ընտրում է հեռուստացույցի էկրանից եւ ձեռք բերում տոնավաճառների տաղավարներից: Մենք չունենք արտադրամաս, կարի գործարան: Ընդամենը գործում են ատելյեներ, որոնք աշխատում են անհատական պատվերների շրջանակներում: Ես տարեկան պատրաստում եմ 50-60 զգեստ, բայց դա շատ քիչ է: Նորաձեւության շաբաթներ կազմակերպելը նույնպես գումարներ է պահանջում:

Այս խառը ժամանակներում, երբ Արեւելքի եւ Արեւմուտքի ազդեցությունները ճնշում են` մատուցելով ահռելի քանակությամբ տեղեկատվություն, ոճ, կեցվածք եւ գույն, ես շատ կուզեի, որ մեր աղջիկները եւ տղաներն ունենան իրենց անհատականությունը, կուրորեն չկրկնօրինակեն այն, ինչ թելադրում են իրենց սերիալների, ֆիլմերի եւ երաժշտության միջոցով: Հիմարություն է մտածել, որ, կապելով այդ գույնզգույն շալերը մեջքներին, աղջիկներն իսկապես վերածվում են արեւելյան գեղեցկուհիների:

- Բացի հագուստ եւ ոճ սպառելուց, արդյոք կարո՞ղ ենք մենք որեւէ բան առաջարկել աշխարհին:

- Այսօր Եվրոպայում շատ մեծ ուշադրություն է դարձվում այն քաղաքներին եւ մշակույթներին, որոնք այնքան էլ զարգացած չեն նորաձեւության ոլորտում: Այսինքն` իրենց մեջ դեռեւս կրում են այն չբացահայտված գեղեցկությունները, որոնք կարող են նոր հավաքածուների հիմքը դառնալ:

Եվրոպան արդեն եփվել է այսքան երկար տարիների ընթացքում եւ ինչ-որ տեղ նաեւ սպառվել, նրանց նոր շունչ է պետք, նոր էներգիա, ոգի : Շատ հայտնի դիզայներներ ճամփորդում են Չինաստանում, Ստամբուլում, մեկնում են աշխարհի այնպիսի անկյուններ, որտեղ նորաձեւության նշույլ անգամ չկա, բայց նրանք փնտրում են նոր դետալներ, թեմաներ, որպեսզի ստեղծեն ինչ-որ նոր, յուրահատուկ բան:

Հայկական մշակույթը, մասնավորապես տարազի որոշակի դետալներ եւ զարդեր, նույնպես կարող է նոր հավաքածուների աղբյուր դառնալ: Եվրոպան բաց է` ընդունելու մեր նորաձեւությունը: Մերը ասելով` ես հասկանում եմ այն, ինչ մենք ենք ստեղծում: Ոչ մեկը չի ասում` կրեք տարազ, բայց բավական է հայկական ոճով մի փոքրիկ դետալ, ասեղնագործություն, գույն, ձեւվածք, այդ ժամանակ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունել:

- Հիմա Եվրոպայից բերված հագուստը համարվում է ամենալավը, համենայնդեպս այդ պատկերացումն արդեն ձեւավորվել է Հայաստանում: Ի՞նչ տեղ է գրավում Հայաստանում հայ մեդելյորների ստեղծած հագուստը այդ «եվրոպական բուտիկների» եւ խանութների կողքին:

- Նախ` պետք է հստակ գիտակցել, որ Հայաստան բերվում են այն հագուստները, որոնք արդեն մեկ սեզոն հնացել են: Եվրոպայում նախընտրում են հնացած զգեստն էժան վաճառել, քան կախել խանութում երկու շրջան շարունակ: Հայաստանում կան խանութներ, որոնք առաջարկում են ամենահայտնի նորաձեւության տների հագուստներ ընդամենը 200-300 դոլարով, բայց ես վստահեցնում եմ, որ շատ հայտնի մոդելյորների հագուստները սկսվում են 3000 դոլարից: Եթե, իհարկե, նրանք իրենց ապրանքանիշը չեն վաճառել որեւէ չինական կարի գործարանի: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել եւ վստահ լինել, որ կրում ենք նորաձեւության հայտնի տան հագուստը: Շատ հավանական է, որ այն կարել են Փարիզի նկուղներից մեկում աշխատող մի քանի վիետնամցիներ: Այնպես որ, աշխարհը պատրաստ է մեզ տալ ամեն բան, իսկ մե՞նք:

Հայաստանում կան մի քանի խանութներ, որտեղ վաճառվում են հայ դիզայներների զգեստները, բայց մի քանի վերապահումներով. կան զգեստներ, որոնք կրում են հայ դիզայների անունը, կան մարդիկ, ովքեր ուրիշ անվան տակ են վաճառում իրենց հագուստը: Պատճառը մեկն է. մենք կարծում ենք, որ եթե ինչ-որ բան բերված է դրսից, ապա այն շատ ավելի լավն է եւ նորաձեւ, հայերն ուզում են հագնել «Արմանի» եւ չեն ուզում հագնել ... «Արեւիկ», «Միքայել», «Նեկտար»:

Թեպետ նորաձեւությունը տասնյակ տարիների պատմություն ունի, բայց մինչեւ հիմա նորաձեւ հագուստի միակ չափանիշներն են ճիշտ կարված եւ հարմար հագուստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter