HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ. Բադեյան. «Եթե ԱԺ նախագահը օպոզիցիայից դառնար, ամեն ինչ անելու էր, որ ՀՀԿ-ի համար ծաղկման շրջա՞ն գա»

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը խոստովանում է՝ Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելը ոչ իշխանական չորս խմբակցություններին որոշ առումով ճնշելու համար էր:

Պատասխանելով «Հետք»-ի հարցին, թե արդյոք Գալուստ Սահակյանը, ով շատերի կարծիքով կոմպրոմիսային ֆիգուր չէ, ԱԺ նախագահի պաշտոնում քառյակին ճնշելու քաղաքականություն է վարելու, Բադեյանը պատասխանեց.

«Ձեր կարծիքով՝ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջադրած որևէ թեկնածու պիտի ամեն ինչ աներ, որ ՀՀԿ-ն թուլանա՞ր, իսկ քառյակն ուժեղանա՞ր: Ամեն կուսակցություն իր շահերը պետք է պահի: Իհարկե, պետության շահերն ավելի բարձր են, քան կուսակցության շահերը, բայց կուսակցական շահերը պիտի պահվեն: Հիմա ձեր կարծիքով, եթե Գ. Սահակյանը չդառնար ԱԺ նախագահ, օպպոզիցիայից դառնար, նա ամեն ինչ անելու էր, որ ՀՀԿ-ի համար ծաղկման շրջա՞ն գա, իհարկե չէ»:  

Նա նշեց, թե ինքը դրական է վերաբերվում Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու հանգամանքին, ապա շեշտեց. «Կարծում եմ՝ ընտրությունը ճիշտ կատարվեց, որովհետև նա բազմափորձ պառլամենտական է, տիրապետում է բոլոր խնդիրներին, ունի մեծ հեղինակություն, հարգանք»:

Ըստ Մ. Բադեյանի՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և գործող նախագահ Գալուստ Սահակյանի ղեկավարած խորհրադարանները միմյանցից չեն տարբերվի: «Եթե կուսակցական տեսակետից նայենք, ՀՀԿ ցանկացած անդամ, ով ԱԺ նախագահ է, նույն գործելակերպով, ոճով է գործելու՝ թիմային աշխատանքով: Այդ տեսակետից տարբերություն չի լինի, թիմն է աշխատելու, ոչ թե մի մարդ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: 

Մեկնաբանություններ (1)

Svetlana
Դե իհարկե սրանցից եւ ոչ ոք չի մտածում ժողովրդի մասին, կարեորը հհկ-ն էլ ավելի ծաղկի: Գոնե ձեւականորեն չեն խոսում ժողովրդի անտանելի վիճակից: Չնայած ժողովրդին կհիշեն ընտրություններից առաջ՝ եթե մինչ այդ երկրում մարդ մնացած լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter