HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գոշում չեն կարողանում գազիֆիկացման համար ներդրում ապահովել

Տավուշի մարզի Գոշ գյուղում գազիֆիկացման աշխատանքներ են կատարվում: Գազիֆիկացման համար համայնքը պարտավորվել է 10% ներդրում ապահովել՝ մոտ 13 մլն դրամ: Աշխատանքների կեսն արդեն արված է, սակայն համայնքը դեռևս ներդրումը չի կատարել: Համայնքի ղեկավարը փնտրտուքի մեջ է, որովհետեւ բյուջեում պահանջված գումարը չկա:

Համայնքապետ Գևորգ Ամիրխանյանն ասում է, որ համայնքապետարանում անհրաժեշտ գումարը հայթայթելու տարբերակներ են քննարկում: Դեռևս 2013թ. նոյեմբերին ավագանին որոշում էր ընդունել՝ համայնքի ունեցած 197 հա արոտվայրից օտարել շուրջ 15,183 հա-ը: Սակայն աճուրդ չի հայտարարվել, որովհետև, ըստ Գ. Ամիրխանյանի, այդ հողերը գյուղում պահանջարկ չունեն, աշխարհագրական դիրքն անբարենպաստ է մշակության համար, և գյուղացին այնտեղ ներդրում չի կատարի: Համայնքապետն ասում է, որ այստեղ արոտվայրերը գրեթե պահանջարկ չունեն՝  3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վարելահողեր են:

Գոշի համայնքապետ Գևորգ Ամիրխանյանը

Ապրիլի 29-ին Գոշի համայնքապետարանն աճուրդի էր դրել 3 լոտ հողատարածք՝ 1 արոտավայր` 813,285 դրամ արժեքով և 2 բնակելի տուն ու տնամերձ հողատարածք: Աճուրդի հայտարարված ժամին՝ 12:00-ին, արդեն համայնքապետարանում էինք, սակայն պարզվեց, որ ժամը 12:00-ին և 14:00-ին նշանակված աճուրդներն արդեն տեղի են ունեցել: Համայնքապետը պարզաբանում է, որ մասնակիցները քիչ էին, շուտ հավաքվել էին, իրենք էլ որոշեցին աճուրդն ավելի շուտ անցկացնել: Յուրաքանչյուր լոտի համար երկու դիմում են ունեցել: Գ· Ամիրխանյանի ասելով՝ մրցակցություն չի եղել, որովհետեւ գնորդներն իրենց հողամասերին կից հողատարածքներն են սեփականացրել:

Այս երեք լոտերի վաճառքից գոյացած գումարը, որը հազիվ հատել է 1 մլն 100 հազար դրամի սահմանագիծը, բնականաբար, չի ապահովում գազիֆիկացման համար պահանջվող ներդրումը:   Սակայն համայնքապետին ավելի մտահոգում է այն, որ չի կարողանում բավարարել նորաստեղծ ընտանիքների` հող հատկացնելու դիմում- խնդրանքները: Հողահատկացումը կարող են իրականացնել միայն աճուրդի միջոցով, այս դեպքում էլ, ըստ Գևորգ Ամիրխանյանի, հավանական է, որ շատերը դիմեն, եւ արդյունքում այդ նորաստեղծ ընտանիքը գուցե չկարողանա հողը ձեռք բերել նաեւ աճուրդով:

Գոշ գյուղի հիմնախնդիրներից ոչ մեկը լուծում չի ստացել. գյուղը ոռոգման ջուր չունի, որի պատճառով էլ բնակչությունը գյուղատնտեսությունն իր համար եկամտի աղբյուր չի համարում: Համայնքապետի ասելով ոռոգվում են միայն գետին մոտ գտնվող հաղակտորները, իսկ տնամերձ փոքր այգիները բնակիչները ոռոգում են խմելաջրով: Գյուղացիներն այստեղ հողագործությամբ գրեթե  չեն զբաղվում:

Խմելաջրի ցանցը նույնպես քայքայված է և հիմնովին պետք է փոխել: «Թեկուզ ջրագիծը շատ վատ վիճակում է, բայց մի կերպ պահում ենք, որ 24 ժամյա ջուր ապահովենք, որովհետև շատ լավ ջուր ունենք: Բոլորը բնական աղբյուրների ինքնահոս ջրեր են»,- ասում է Գ. Ամիրխանյանը:

Անասնապահությունը նույնպես մեծ ծավալներ չունի Գոշում. գյուղն ունի մոտ 500 խոշոր եղջերավոր անասուն, այս տարվանից մի քանի ընտանիք նախատեսում է զբաղվել ոչխարաբուծությամբ: Փոխարենը տեղի բնակիչներն առատորեն օգտվում են անտառի բարիքներից: Գարնանը, եղանակի տաքանալուն պես, այստեղ կարելի է հավաքել տարբեր տեսակի բանջարեղեն, սունկ, ամռանը՝ նաև հատապտուղներ: Չնայած գյուղում վերամշակող ձեռնարկություններ չկան, որտեղ կմթերեին հավաքած բերքը, սակայն համայնքապետը հավաստիացնում է, որ բնակիչները բերքի իրացման խնդիր չունեն:

Գոշը Հայաստանի զբոսաշրջային հայտնի վայրերից մեկն է՝ շնորհիվ գյուղում գտնվող Գոշավանք վանական համալիրի, որը տեսնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այստեղ: Զբոսաշրջիկների պակաս չունեցող Գոշը, սակայն վերափոխվելու, ժամանակակից կենցաղավարությունն ընդօրինակելու հակվածություն չունի: Անտառի մեջ փռված գյուղն ավելի շատ լքված բնակավայր է հիշեցնում, տներից շատերը տանիք չունեն, պատերը կիսախարխուլ են, անպատուհան: Դրանց արտաքին տեսքը հեռվից դիտողին անգամ մատնում է, որ տերերը վաղուց են լքել այն:

Համայնքապետը գյուղի արտագաղթի մասին թվեր չի հայտնում, սակայն լքված տների վիճակագրությունն իր համար պարզելու նպատակով որոշակի հաշվարկներ կատարել է ու պարզել, որ Ռուսաստանի Ստավրոպոլի մարզում ավելի շատ գոշեցի կա, քան Գոշում: Նա հավաստիացնում է, որ վերջին տարիներին գյուղից հիմնական արտագաղթող չի եղել, ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում մոտ 60 հոգի ու վերադառնում:

Գյուղացիներին դեռեւս չի հաջողվում զբոսաշրջությունից եկամուտներ քաղել. վանական համալիրի շրջակայքում 2-3 վաճառակետ կա, որտեղ հուշանվերներ ու խոտաբույսեր են վաճառում: Նախկին համայնքապետը համալիրին հարող հրապարակում հյուրատներ ու հացատուն է կառուցել: Համայնքապետի ասելով՝ եւս  3-4 հոգի հյուրատուն են ծառայեցնում իրենց բնակարանները, մնացյալն իրենց տները ժամանակակից կենցաղավարությանը չեն հարմարեցրել, որի պատճառով էլ զրկվում են գումար վաստակելու հնարավորությունից:

Հարմարավետություն ապահովելու, մաքրակենցաղ ապրելակերպի անցնելու, նաև սպասարկման ծառայություններ հիմնելու դեպքում նրանք գումար վաստակելու մեծ հնարավորություն կունենան և շատերը գուցե հրաժարվեն արտագնա աշխատանքի մեկնելու մտքից: Սակայն, ինչպես համայնքի ղեկավարը գյուղն անհամեմատ բարեկարգ դարձնելու փորձեր չի ձեռնարկում, այնպես էլ գոշեցիները դեռևս չեն ընկալում, որ զբոսաշրջությունը կարող է հիմնովին վերափոխել իրենց կյանքը: 

Գոշ վանական համալիրին հարող հրապարակից դեպի Գոշի դամբարան տանող անբարեկարգ ճանապարհը տեղացիների աչքի համար անսովոր չէ, սակայն արտերկրից ժամանած զբոսաշրջիկները դժվարությամբ ու տհաճությամբ են քայլում երկու կողմից արահետը եզրող գոմաղբի կույտերի ու ցեխաջրի միջով: Նրանցից մեկն անգամ կատակով ասում է՝ այս ճանապարհներն այնպիսին են, ինչպես Գերմանիայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter