HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանում ձեթի արտադրության բում է

Հայաստանում 2013թ. արտադրվել է 4.5 հազ. տոննա ձեթ (բուսական յուղ): Սա կրկնակի գերազանցում է 2012թ. մակարդակը ու 7.5 անգամ՝ 2011թ. մակարդակը: Կարելի է ասել, որ Հայաստանում ձեթի արտադրության բում է, թեև տեղում արտադրվող ձեթն առայժմ բավարարում է ներքին շուկայի պահանջարկի ընդամենը 15%-ը (ձեթի ներքին տարեկան պահանջարկը մոտ 30 հազ. տոննա է):

Ձեթի արտադրությամբ Հայաստանում զբաղվում են 4-5 ընկերություններ, սակայն միայն «Շող» ընկերությունն է արտադրությունը հասցրել գործարանային պատշաճ մակարդակի: Այս ընկերությունն արտադրում է հիմնականում արևածաղկի ձեթ: Վերջերս ակտիվացել է նաև Ստեփանակերտում «Ռայփսիդ» ընկերության գործարանը: Բացի դրանցից՝ կան կտավատի ձեթի արտադրությամբ զբաղվող 2 ընկերություններ ու բազմաթիվ տնայնագործական արտադրություններ (հիմնականում՝ Շիրակի և Լոռու մարզերում): Կտավատի ձեթ արտադրում են «Թության» (Լոռու մարզում) և «Արտուշ Սանոսյան եւ որդիներ» (Շիրակի մարզում) ընկերությունները: Ընդ որում՝ վերջինս կտավատի ձեթն արտադրում է սառը ճզմման միջոցով, ինչն արհեստականորեն բարձրացնում է ինքնարժեքը, սակայն թույլ է տալիս պահել կտավատի ձեթի բուժական հատկությունները:

Հայաստանից մի քանի անգամ փորձ է արվել կտավատի ձեթ արտահանել, սակայն այն կայուն ընթացք չի ունեցել, հիմնականում` արտադրության փոքր ծավալների պատճառով:

Հայաստանը ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից (մոտ 14 հազ. տոննա) ու Ուկրաինայից (մոտ 8 հազ. տոննա), որոնց բաժին է ընկնում ներկրվող ձեթի մոտ 80%-ը: Ընդ որում՝ 2013 թ. զգալիորեն ընդլայնվել է Ռուսաստանից ներկրումը, իսկ Ուկրաինայից ներկրումը նվազել է մոտ 20%-ով:  Ձեթի որոշ խմբաքանակ (3-4 հազ. տոննա) ներկրվում է նաև Բելառուսից: Իտալիան, որ աշխարհում ձեթի խոշորագույն արտադրողներից է, տարեկան Հայաստան է առաքում 50-60 տոննա ձեթ:

Ձեթի շուկայում վերջին տարիներին հաստատվել են գերիշխող դիրք գրավողներ: Մասնավորապես, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ավելի վաղ կատարած ուսումնասիրության` արևածաղկի ու եգիպտացորենի շուկայում գերիշխում է «Ալեքս գրիգ» ընկերությունը (մասնաբաժինը շուկայում՝ 37.5%), ձիթապտղի շուկայում՝ «Վեգեքոմ» ընկերությունը (մասնաբաժինը՝ 66%): Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս շուկայում նոր ուսումնասիրություններ են կատարվել, ու հնարավոր է՝ որոշ ճշգրտումներ արվեն: Մի քանի այլ ընկերություններ փորձում են ընդլայնել իրենց տեղն այս շուկայում, սակայն` ոչ այնքան հաջող:

Մեկնաբանություններ (2)

Anna
Վերջերս Երեւան Սիթի-ից ձեթ գնեցի, Զատեյա պիտակով: Տապակելիս շատ տհաճ հոտ էր տարածվում. ակնհայտորեն սա մաքուր յուղ չէր, ուրիշ յուղեր էին խառնված: Մերոնց հավաստմամբ նախկինում Ավեդոֆ ու այլ յուղեր այս կերպ կորցրին որակը ու հիմա հերթը սրանն էր: Շատ են խոսում որ Լֆիկը ներկրվող ձեթի մշակման արտադրամասեր ունի որտեղ ինչ ասես կարող են խառնել շշալցումից առաջ: Որեւէ մեկը ստուգու՞մ է թե իրականում ինչ է լցվում այդ շշերում: Իհարկե ճիշտ կլիներ ետ տալ ձեթը ու պատասխան պահանջել բայց արդյո՞ք կկարողանայի որեւէ բան ապացուցել ու կարեւորը՝ ստիպել որ այլեւս խարդախություններ չանեին ու մաքուր ապրանք վաճառեին..
Նարինե
Զատեան լավ ձեթ չի, խորհուրդ չեմ տալիս: Իսկ Ավեդոֆից դժգոհ չեմ, գին/որակ էլի նորմալ ա: Բաց ճիշտը՝ իտալական ձեթերն են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter