HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայկական կոշիկի ստվերոտ կողմը

Ժամանակին Հայաստանը համարվում էր կոշիկի արտադրության կենտրոններից մեկը: ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանում արտադրվել է տարեկան մոտ 20 մլն զույգ կոշիկ, իսկ «Լյուքս», «Նաիրի», «Մասիս» բրենդները հայտնի էին ամբողջ Խորհրդային Միությունում: Հայկական կոշիկներն իրենց որակով զիջում էին նույնիսկ արևելաեվրոպական բրենդներին, սակայն շատերը համարում էին, որ անկախացումից հետո կոշիկի արտադրությունը կդառնա տնտեսության առանցքային ճյուղերից մեկը:

Այդ հույսերը շուտով ի դիրև ելան՝ կոշիկի արտադրությամբ զբաղվող գիգանտ ֆաբրիկաներն ի վիճակի չեղան դիմանալ շուկայական մրցակցությանը, իսկ փոքր արտադրություններն աստիճանաբար կազմաքանդվեցին: 90-ական թվականների կեսերին Հայաստանում արտադրվում էր տարեկան ընդամենը 80-100 հազ. զույգ կոշիկ: Լավագույն կոշկագործները հեռացան հիմնականում Ռուսաստան, ոմանք՝ Թուրքիա, Հայաստանից հանվեցին նաև արտադրության միջոցները:

2000-ական թվականներին կոշիկի արտադրությունը որոշ չափով կրկին աշխուժացավ՝ բացառապես ի հաշիվ փոքր արտադրությունների: Կոշիկի արտադրության տարեկան ծավալները հասան մոտ 200-300 հազարի, թեև ոլորտն աչքի է ընկնում ստվերի մեծ ծավալով: Վերջին տասնամյակում այս ոլորտում միակ լուրջ ներդրումն իրականացրել է միայն «Փիրալյան» ընկերությունը («Ռոբերտո» ապրանքանիշ)՝ կառուցելով կոշիկի արտադրության նոր գործարան՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով:

Վերսկսվել է Հայաստանից կոշիկի արտահանումը՝ տարեկան 70-100 հազ. զույգի սահմաններում: Դա հիմնականում տեղի է ունեցել ռուսական շուկայի հաշվին, ուր արտահանվում է հայկական կոշիկների 80%-ից ավելին:

Այսպես՝ 2013թ. Հայաստանից արտահանվել է 71 հազ. զույգ կաշվե կոշիկ, որից 65 հազ. զույգը՝ Ռուսաստան: Վրաստան է առաքվել 3.5 հազ. զույգ, Ավստրալիա՝ 1.4 հազ. զույգ: Սրանով հայկական կոշիկի արտահանման աշխարհագրությունը գործնականում սպառվում է:

Հայկական կոշիկներն արտահանվում են միջինը զույգը 23 դոլարով, ինչը միանգամայն մրցունակ գին է չինական կամ թուրքական կոշիկների համեմատ:

Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 300 հազ. զույգ կաշվե կոշիկ՝ 3 անգամ ավելի, քան արտահանվում է: Յուրաքանչյուր երրորդ կոշիկ ներկրվում է Չինաստանից (տարեկան մոտ 100 հազ. զույգ), 1 զույգը` 28.2 դոլարով: 2013թ. տվյալներով՝ երկրորդ տեղում Իտալիան է՝ 32.6 հազ. զույգ, այնուհետ՝ Հնդկաստանը՝ 28.2 հազ. զույգ: Թուրքիայից ներկրել ենք 14.8 հազ. զույգ, հազարավոր զույգ կոշիկներ ներկրում ենք նաև Վիետնամից, Կամբոջայից, Թունիսից: Եվրոպական երկրներից, Իտալիայից հետո, նախընտրում ենք իսպանական կոշիկները:

Եթե ընդունենք, որ յուրաքանչյուրը գոնե երկու տարին մեկ անգամ գոնե 1 զույգ կոշիկ է գնում, կոշիկի տարեկան սպառումը Հայաստանում կկազմի մոտ 1.5 մլն զույգ: Սակայն որևէ պաշտոնական վիճակագրությամբ այդքան կոշիկի առկայությունը շուկայում չի հաստատվում: Վաճառվող երեք կոշիկից առնվազն երկուսը ստվերում է: Կոշիկի շուկան Հայաստանում ամենաստվերայիններից մեկն է՝ պայմանավորված այս շուկայում բազմաթիվ փոքր արտադրությունների առկայությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ արտադրությունները կարիք ունեն զարգանալու, իսկ հարկային վարչարարությունը դրա լավագույն գործընկերը չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter