HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Որոտանի ջրերը կէժանանան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անակնկալ է պատրաստել Որոտանի կասկադը գնած ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության համար: Մայիսի 16-ի նիստում Հանձնաժողովը նախատեսում է 25 տարվա լիցենզիա տրամադրել «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ»-ին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նպատակով: Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել են այդ կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները, որում էլ կայանում է անակնկալը:

Հանձնաժողովը ցանկանում է մոտ 3.5 անգամ նվազեցնել Որոտանի կասկադից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելով 1.9675 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2.361 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այնինչ 2013 թ. մարտից Որոտանի կասկադի համար սահմանված էին այլ սակագներ՝ առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.834 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 8.201 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը 180 մլն դոլարով Որոտանի կասկադը վաճառեց ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությանը: Այդ գումարի շրջանակներում ամերիկյան ընկերությունը պարտավորվեց 6 տարում 70 մլն դոլարի ներդրում իրականացնել: Կնքված պայմանագրի համաձայն՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադը» Որոտանի կասկադի շահագործումից առնվազն պետք է տարեկան 8% շահութաբերություն ունենա՝ 25 տարում իր ներդրումների վերադարձն ու շահույթն ապահովելու համար:

Այդ նպատակով պայմանագրին կից սահմանվել է սակագնային պլան, ըստ որի՝ Որոտանի կասկադից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը աստիճանաբար պետք է բարձրանա՝ 10 տարի հետո հասնելով 16-17 դրամի 1 կՎտժ-ի համար: Սակայն այն, որ մեկնարկային սակագինը կսահմանվի զգալիորեն ավելի ցածր ներկայում գործող սակագնի համեմատ՝ կարելի է անակնկալ համարել: Ցածր սակագինը հավանաբար պայմանավորված է նրանով, որ ամերիկյան ընկերությունն այս տարի դեռևս ներդրումներ չի իրականացնի:

Որոտանի հէկ-ի էլեկտրաէներգիան կտրուկ թանկացրել են 2011 թվականից սկսած: Մինչ այդ հէկ-ն իր էլեկտրաէներգիան առաքում էր 0.9 դրամով (առանց ԱԱՀ-ի): Սակայն 2011 թ. որոշվեց սակագինը միանգամից բարձրացնել մինչև 3.7 դրամ, 2012 թ. այն դարձավ 4.6 դրամ, իսկ 2013 թ.՝ 6.8 դրամ:

Այս ամենն արվում էր այն նպատակով, որ «Որոտանի hիդրոէլեկտրաէներգիայի համալիր» ընկերությունը ներդրումների համար միջոցներ ունենա: Սակայն անցած տարիների ընթացքում ընկերությունը որևէ լուրջ ներդրում չիրականացրեց, ու շարունակեց մնալ վնասով աշխատող: Վնասի չափը, ըստ ընկերության հաշվետվությունների, տարեկան կազմել է մոտ 2 մլրդ դրամ: Նման իրավիճակն անուղղակի վկայում է ընկերության անարդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին;

Հանձնաժողովը պատրաստվում է նաև կտրուկ բարձրացնել Որոտանի կասկադի հզորության ամսական վճարը՝ 1230.35 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1476.42 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սա մոտ 5 անգամ գերազանցում է ներկայիս գործող վճարի չափը, ինչը նշանակում է, որ ամերիկյան ընկերությունը պետք է 5 անգամ ավելացնի կասկադի շահագործման և պահպանման ծախսերը:

Կարծես թե Հանձնաժողովի որոշման նախագծում որոշ խտրականություն է նկատվում՝ ամերիկյան ընկերության համար բարձրացնել Որոտանի կասկադի շահագործման ծախսերի նորմը ու միաժամանակ իջեցնել առաքվող էլեկտրաէներգիաի սակագինը: Ընդ որում՝ երկու ուղղությամբ էլ փոփոխությունները կտրուկ են: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Հանձնաժողովի որոշման նախագիծը հնարավոր է՝ վերանայվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter