HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայկական կոնյակն ուղղվում է դեպի արևելք

Հայաստանից ավելի շատ կոնյակ է արտահանվում, քան մոլիբդեն կամ ոսկի: Կոնյակի արտահանման ծավալները զիջում են միայն պղնձի խտանյութին՝ 2013 թ. հասնելով մինչև 180 մլն դոլարի: Փաստորեն՝ կոնյակը Հայաստանի միակ ապրանքատեսակն է, որն իր ռազմավարական նշանակությունը պահպանել է տասնամյակներ շարունակ: Նշենք, որ Հայաստանում 3 անգամ ավելի շատ կոնյակ է արտադրվում, քան գինի, և 2 անգամ ավելի շատ՝ քան օղի:

Այնուամենայնիվ՝ կոնյակին ևս չի հաջողվել զերծ մնալ ճգնաժամերից: 2009 թ. կոնյակի արտադրությունը Հայաստանում նվազել է մոտ 37%-ով՝ 16 մլն լիտրից մինչև 9.9 մլն լիտր: Դրա հիմնական պատճառը Ռուսաստանում մի շարք խոշոր առևտրային ցանցերի կողմից վճարումների ժամանակավոր դադարեցումն էր: Միայն 2012 թ. Հայաստանին հաջողվեց վերականգնել կոնյակի արտադրության մինչճգնաժամային մակարդակը, իսկ 2013 թ. գրանցվեց կոնյակի արտադրության ռեկորդային մակարդակ՝ 20.3 մլն լիտր: Սա մոտ 2 անգամ գերազանցում է 1990-ական թվակաների վերջի ծավալները:

Create Infographics

Կոնյակի արտադրությամբ զբաղվում են 11 ընկերություններ, սակայն նրանցից որևէ մեկը գերիշխող դիրք չի գրավում: Խոշորագույնը Երևանի կոնյակի գործարանն է, որի արտադրության ծավալները վերջին տարիներին գերազանցում են 3 մլն լիտրը: Հիմնականում այս գործարանին էլ պարտական ենք հայկական կոնյակի բարձր հարգի պահպանման համար: Մյուս ընկերություններից թերևս որակի վրա մեծ ուշադրություն է դարձնում «Գրեյթ Վելլին»:

Հայկական կոնյակի մոտ 90%-ն արտահանվում է, ու այս առումով միանշանակ առաջնայինը ռուսական շուկան է (արտահանման մոտ 80%-ը): Սակայն վերջին տարիներին նկատվում է կոնյակի արտահանման աշխարհագրության ընդլայնում՝ հիմնականում ասիական շուկաների հաշվին: Օրինակ՝ մեծ քանակությամբ էժանագին կոնյակ է առաքվում դեպի Իրաք՝ մոտ 250 հազ լիտր: 2013 թ. Հայաստանին հաջողել է հաստատվել Արաբական Միացյալ Էմիրությունների շուկայում՝ մոտ 4 հազ. լիտրի ծավալով: Հայկական կոնյակի խոշոր ներկրողներ են միջինասիական պետությունները, ընդ որում՝ այստեղ նկատվում է արտահանման զգալի աճ: Առաջին տեղում Ղազախստանն է՝ մոտ 122 հազ. լիտր, որը 2012 թ. մակարդակը գերազանցում է 2.5 անգամ։
Create Infographics

Վերջապես հաջողել է ճեղքում կատարել չինական շուկայում, ուր արտահանման ծավալները 2013 թ. գերազանցել են 100 հազ. լիտրի մակարդակը: Այս շուկան կոնյակի համար ամենահեռանկարայինն է համարվում:

Եվրոպական երկրներից հայկական կոնյակի խոշոր ներկրող է միայն Գերմանիան՝ մոտ 50 հազ. լիտր: Հայաստանը 2013 թ. կարողացել է ընդլայնվել նաև Հունգարիայի և Չեխիաի շուկաներում: ԱՄՆ կայուն կերպով տարեկան առաքվում է 40-50 հազ. լիտր:
Հարևան Վրաստանը ևս խոշոր ներկրող է, ընդ որում՝ Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր ներկրողն է մոտ 700 հազ. լիտր ծավալով: Մեծ խմբաքանակներ են առաքվում նաև Ուկրաինա, Բելառուս, Մերձբալթյան երկրներ:

Լուս․՝ asrc.am-ից։

Մեկնաբանություններ (3)

Սամվել
Հայկ, դուք բարձրացնում եք ամենացավոտ հարցերից մեկը՝ կոնյակի որակը ու սպիրտի ծագումը: Այս հոդվածի նպատակը չի եղել այդ հարցերի քննարկումը, քանի որ որակ հասկացությունը սուբյեկտիվ է, ու կան նաև պետական մարմիններ, որոնց խնդիրն է հետևել արտադրությանն պատշաճ պայմաններին ու որակին; Ես ինքս Մասիսի կայարանում տեսել եմ պորտուգալական էժանագին կոնյակի սպիրտով լցված բազմաթիվ ցիստեռներ, ու անգամ այդ այցի ժամանակ Տիգրան Սարգսյանը գյուղնախարարից հետաքրքրվում էր, թե ինչու համար է այդքան սպիրտ ներկրվում; Հետո ընդեունվեց օրենք, որ հայկական կոնյակ չեն կարող կոչվել այն խմիչքները, որոնք տեղական սպիրտից չեն, բայց ես հիմա տեղեկություններ չունեմ, թե այդ օրենքն ինչպես է պաշտպանվում: Եթե ավելի կոնկրետ փաստեր ունեք՝ ճիշտ կլինի հրապարակեք, դա շատ կարևոր է հնետաքննությունների համար, սակայն նշեմ, որ կոնյակի բաղադրության լաբորատոր ստուգումը բավական թանկ է, ու ճիշտ կլինի դրանով զբաղվեն պետական մարմինները
Սամվել Ավագյան
Շնորհակալություն հարգելի Ստեփան, գրաֆիկի թվերում է անճշտությունը, հիմա կուղղվեն
Ստեփան Սարգսյան
Հարգելի Սամվել, Ձեր նշած թվերը չեն համընկնում պատկերում ցուցադրված թվերին։ 2013-ին արտադրությունը ռեկորդային 20.3 մլն լիտր է եղե՞լ, թե՞ 15-ից քիչ։ Միգուցե սխալ եմ մեկնաբանում։ Ի դեպ, շատ լավ հոդվածների շարք է տնտեսական հարցերով։ Շնորհակալություն և հաջող շարունակություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter