HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Կուտակայինն առանց պարտադիրի՝ թաքնված խութեր

Եվ այսպես, կառավարությունը գտավ մի փոխզիջումային տարբերակ, որով կուտակային համակարգը չի վերացվում, իսկ  «Դեմ եմ» շարժումն առարկելու առիթ չունի: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որի.

  1. Ցանկացած ոք կարող է հրաժարվել պարտադիր կուտակային 5% վճարներից, եթե գրավոր դիմում գրի:
  2. Պետությունը կշարունակի պահել բոլոր աշխատողների անձնական ռեեստրը՝ պետական բյուջեից փոխանցելով 5%-ի չափով գումար (ոչ ավելի 25 հազ. դրամից):
  3. Գործատուն ազատվում է տույժերից ու տուգանքներից, եթե կուտակային վճարները մինչ այս օրենքի ընդունումը չի իրականացրել:

Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իդեալական որոշումներ հնարավոր չէ ընդունել: Ու այս փոխզիջումն ակնհայտ իդեալական չէ: Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը բազմաթիվ տարընթերցումների տեղիք տվեց՝ վեր հանելով նաև սահմանադրական ինստիտուտի թույլ կողմերը մեր երկրում՝ կապված հենց ՍԴ որոշումների մեկնաբանման իրավունքի հետ: Այս պայմաներում պարտադիր կուտակային համակարգը պահելու ցանկացած որոշում կարող է վիճարկվել:

Բայց նոր օրենքը ևս մի շարք ստորջրյա խութեր ունի: Եթե կառավարությունը պահում է կուտակային համակարգը, նշանակում է՝ կենսաթոշակները տրվելու են այդ համակարգով: Այսինքն՝ եթե քաղաքացին ներկա պահին հրաժարվում է 5% փոխանցել իր աշխատավարձից, ապա նրա կենսաթոշակը կհաշվարկվի միայն կառավարության փոխանցած 5%-ի հաշվին, իսկ դրանից հազիվ թե ծերության նորմալ թոշակ ստացվի: Ծերությունից ոչ ոք ապահովագրված չէ, ու ցածր թոշակը ծերության լավագույն ուղեկիցը չէ:

Երկրորդ՝ ամենայն հավանականությամբ ի հայտ կգան աշխատանքային նոր պայմանագրեր, ուր գործատուն պարզապես աշխատողին կպարտադրի մասնակցել կուտակային համակարգին: Միջազգային պրակտիկայում դա նույնիսկ ընդունված ձև է, երբ գործատուն աշխատանքի ընդունելիս որպես պայման նշում է կենսաթոշակային ֆոնդերին մուծումներ անելու պարտավորությունը: Դա հատկապես տարածված է խոշոր կորպորացիաներում: Կասկած չկա, որ հայաստանյան բազմաթիվ ընկերություններ ևս կգնան այդ ճանապարհով, հատկապես նոր աշխատանքի ընդունվողների պարագայում:

Իհարկե, շատ կարևոր է, որ կրքերը հիմա հանդարտվեն, ու այս որոշմամբ կառավարությունը կհասնի դրան: Սակայն պետք է խոստովանել, որ հիմնարար խնդիրը՝ կենսաթոշակային պատշաճ ապահովումը, այս որոշմամբ լուծում չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter