HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիում ջրամատակարարումից թերեւս դժգոհ չէ միայն ջրօգտագործողների միության գործադիր տնօրենը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի որոշմամբ` 2013թ. մայիսի 23-ին հաստատվել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում 30 մլն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին: Այդ միջոցներով նախատեսվում էր ավելի քիչ էներգիա սպառելու եւ ջուրը սպառողներին ժամանակին հասցնելու միջոցով նաեւ Մեղրիում արդյունավետ, ոչ ծախսատար եւ կայուն ոռոգում ապահովել: Նախատեսվում էր իրազեկման աշխատանքներ իրականացնել ջրօգտագործողների ընկերությունների գործունեության թափանցիկության մեծացման, կարողությունների զարգացման համար:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 2-ի թիվ 987 որոշումով վերանորոգվել են Մեղրիի 16 պոմպակայանները եւ 2 խորքային հորերը, նորոգվել եւ փոխարինվել են շարքից դուրս եկած ու ֆիզիկապես մաշված էլեկտրական եւ հիդրոմեխանիկական սարքավորումները։

Ավելի վաղ, 2007թ.-ին, Սյունիքի մարզպետարանի միջոցներով հիմնանորոգվել է Մեղրու տարածաշրջանի 18 պոմպակայան, որի համար ներդրվել է 26,7 մլն դրամ: Նշված նախաձեռնությունները, սակայն, ըստ էության բավարար չեն Մեղրիի տարածաշրջանում ոռոգման հարցը լուծելու համար, քանի որ մարդիկ այսօր էլ  շարունակում են դժգոհել ջրօգտագործողների աշխատանքից: 

«Եթե հանցագործ դարձա, պատճառը ջուրը կլինի, մեկ էլ տեսար, համբերությունս հատավ, տվի, փշրեցի, մեզ ձեռ են առնում էս ջուր տվողները, ոնց որ մանկապարտեզ լինի, էսքան սուտ կասե՞ն, որ սրանք են ասում: Գնում ես դիմում, ասում են` հարց չկա, գալիս ես ժամերով սպասում, ջուրը չկա ու չկա, լավագույն դեպքում էլ էնքան քիչ է լինում, որ հողը հազիվ խոնավանում է: Սրանք մեզ ջրի գող են դարձրել, ստիպված պիտի գնաս ուրիշների ջրից փախցնես»,- ասում է Սաքո Քառյանը, նկատի ունենալով ոռոգման ջրամատակարարման խնդիրը:

Նախկին փոխգնդապետը թոշակի անցնելուց հետո մայրաքաղաքից վերադարձել է ծննդավայր` Մեղրիի Ալվանք գյուղ, հեղեղատարի տեղում այգի հիմնադրել, բայց ոռոգման ջրի պատճառով չի կարողանում իրականացնել իր նպատակը: Նա նախատեսում է այգուց այնքան եկամուտ ստանալ, որով կկարողանար նաեւ բարեգործություն իրականացնել: «17 նռնենի ունեմ, որից ստացված բերքը  հատկացնելու եմ բանակին»,- ասում է նա:

Անցյալ  տարի տնկած նռան 440 տնկիները ջուր չլինելու պատճառով են չորացել, այս անգամ նոր տնկիներ է բերել, ստիպված դրանց տակ փոքր փոսեր է բացել, կնոջ հետ  միասին1000-ից ավելի «կանեստր» ջուր կրել, որ կարողանա պահպանել տնկիները: Նրա կարծիքով պատճառը ոռոգման ջրի մատակարարումը սխալ կազմակերպելն է: «Ամբողջ ձմեռ ոչինչ չեն անում, հենց գարունը գալիս ա, նոր սկսում են մտածել, որ էդ պոմպերը պիտի ռեմոնտ անեն, ինչքան էլ բացատրում ես, որ վաղ գարնանը պիտի այգին ջրես, գլուխները չի մտնում, իրանք իրանց հավեսով շարժվում են»,- դժգոհում է Սաքոն:

Վերջինիս մտահոգությունը կիսում է նաեւ Վրեժ Սեւումյանը, ասելով, թե «ջուր բաշխող մարդը» հավասար չի նայում մարդկանց, մեկին ջուր են տալիս` որքան ցանկանում է, մյուսն էլ` օրերով պիտի բանակցի, որ կարողանա անհրաժեշտ ջրի չափաքանակի գոնե կեսը ստանա: Բացի այդ, աշխատանքներն արդյունավետ չեն կազմակերպվում, չկա ջրի բաշխման գրաֆիկ, համապատասխան գրասենյակ, որտեղ մարդիկ կարող են իրենց դիմումները ներկայացնել: «Ով պատահի` կարա իրա համար մի վինտիլ բացի, որովհետեւ մի մարդ ա աշխատում, իրա քեֆով` հա'մ  նասոսչիկ ա, հա'մ փողերը հավաքող ա, հա'մ մեխանիկ ա….»,- ասում է Սաքոն:

Դեռեւս տարեսկզբին Մեղրիի ջրօգտագործողների ընկերությունը պայմանագրեր է կնքել ջրօգտագործողների հետ, սակայն, ինչպես վերջիններս են ասում` պայմանագրի միայն այն կետն է կատարվում, որ իրենք պետք է վճարումներ կատարեն: Մարդիկ դրանից չեն դժգոհում, տարեկան 70-80 հազար դրամ ոռոգման ջրի վարձ են վճարում, բայց պատրաստ են ավելին տալ, եթե կանոնավոր ջուր ստանան:

«Այգու նուռը քաղում եմ նոյեմբերի 5-10-ին, բայց հոկտեմբերի վերջին նասոսները հավաքում են, տանում, եթե ես քաղելուց հետո էլ ջրեմ, այգուս եկող տարվա բերքը 40%-ով ավելացնելու շանս կունենամ: Դիմում ես, ասում են` հարց չկա, աղաչում ես, իմ երեխայիս բերանից կտրում եմ, պարարտանյութ եմ առնում, բայց չեմ կարացել ջրեմ, նասոսը պայթել, ջրերը կողքերց թափվում են»,- շարունակում է Սաքոն: Այս խնդրով նա դիմել է նաեւ Ալվանքի համայնքապետին: Վերջինս պատասխանել է, որ հարցն իր իրավասությունների շրջանակում չէ, պատասխանատուն Մեղրիի ջրօգտագործողների միությունն է:

Խնդրի մասին բարձրաձայնողները չեն ժխտում, որ եղած պոմպերի տեխնիկական մաշվածությունը մեծ է, նաեւ նշում են, թե ընթացիկ նորոգումներ էլ են կատարում, սակայն արդյունքում, միեւնույն է, ջրօգտագործողները բավարար քանակով ջուր չեն ստանում: Նրանց կարծիքով` պատկերը նույնը չէ Ագարակում, որտեղ ջրամատակարարումը դարձյալ նույն ընկերությունն է իրականացնում, որովհետեւ, ըստ նրանց, եթե էնտեղ իրենց ժամանակին ջուր չտան, «ջրի մարդու գլուխը կջարդեն»:

Բացի տեխնիկական մաշվածությունից, այգեգործները նշում են, որ մասնագետներ եւս չկան, ասելով, թե օրինակ, Նռնաձորում էլեկտրիկ չեն գտել ջրի բաշխիչ կայանում աշխատելու համար, սկզբից Ագարակից են մասնագետ բերել, հետո էլ ստիպված համայնքի ղեկավարն ինքն է այդ գործը ստանձնել: Այս խնդիրներով հանդերձ, այգեգործները գտնում են, որ հիմնական պատճառն աշխատանքի վատ կազմակերպումն է, հաշվի չեն առնում մարդկանց կարիքներն այն առումով, որ իրենց ընտանիքներին կերակրող միակ միջոցն այգիներից ստացվող պտուղն է, եւ ոռոգման ջրի ոչ բավարար ապահովման պատճառով բերքի զգալի կորուստ են կրում:

«էս տարածքում 300-ից ավելի այգի կա, մենք որեւէ դժգոհություն չունենք ոռոգման ջրի գնից, որովհետեւ պայմաններ կան բարձր եկամուտ ստանալու համար, եթե ժամանակին, ագրոտեխնիկական կանոնների համաձայն ջրենք: Իմ այգու նռան բերքի մեծ մասի կանխավճարը ես արդեն ստացել եմ: Երեւանի սուպերմարկետներից եկել են եւ ես իմ անվամբ, հեռախոսահամարով նշում արած արկղերով բերքն առաքում եմ ու իրացնողներին էլ պատվիրում, որ այդ արկղերից վաճառքը կազմակերպեն, բայց ջրի պատճառով երբեմն չեմ կարողանում պահանջված  քանակն ապահովել: Ինչո՞ւ, եթե ջրի պաշարները բավարար են, բայց մարդիկ իրենց պարտականությունները չեն կատարում»,- զրույցը եզրափակում է Սաքո Քառյանը, հավելելով, որ ոռոգման ջրի հարցը լուծված չէ նաեւ Նռնաձորում:

Խնդրի պարզաբանման համար փորձեցի դիմել Մեղրիի ջրօգտագործողների միության գործադիր տնօրեն Դավիթ Ալեքսանյանին, սակայն նրա հեռախոսահամարը մշտապես անհասանելի էր: Սակայն, դատելով նրա այգու մոտ տեղադրված ոռոգման փականներից, խողովակներից (առաջին լուսանկարում), նա ոռոգման ջրի խնդիր չուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter