HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Իրան արտահանում ենք ոչխարներ, ներկրում` ավազ

Վերջին տարիներին նկատվում է Իրանի հետ ապրանքաշրջանառության ակտիվացում: 2011 թ. առաջին անգամ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցեց 300 մլն դոլարը, իսկ 2012 թ. գրանցվեց ռեկորդային՝ 328 մլն դոլար մակարդակ: 

Ճիշտ է՝ 2013 թ. նկատվում է որոշ անկում: Իրանի հետ ապրանքաշրջանառության աճում մեծ դերակատարում ունի արտահանումը՝ վերջին 5 տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է մոտ 3 ագամ և գտնվում է 100 մլն դոլարի մակարդակին մոտ: Սակայն դա տեղի է ունենում հիմնականում էլեկտրաէներգիայի հաշվին՝ «հոսանք գազի դիմաց» բանաձևի շրջանակներում: Բավական է ասել, որ Հայաստանից Իրան արտահանման կառուցվածքում 80-85%-ը էլեկտրաէներգիա է: 2013 թ. էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է մոտ 79 մլն դոլար՝ 1.5 մլրդ կվտ/ժ հաշվարկով: 

Արտահանման մյուս նշանակալի հոդվածը ոչխարներն են:  2013 թ. Իրան է արտահանվել 100 հազ. գլուխ ոչխար՝ 12.4 մլն դոլարով: Մյուս ապրանքներից շատ թե քիչ նշանակություն ունի մետաղի ջարդոնը՝ տարեկան 2-3 մլն դոլարի շրջանակներում: Սրանով, կարելի է ասել, իրանական շուկան գործնականում մեզ համար փակվում է, թեև կարելի է նշել նաև արտահանման ոչ մեծ հոդվածներ ևս՝ ավտոմեքենաներ (2013 թ.՝ 18 հատ), բժշկական սարքեր, մարտկոցի թափոններ և այլն: 

Create Infographics
Իսկ ահա Իրանից ներկրումն ավելի բազմազան է: Առաջին տեղում բիտումն է՝ տարեկան մոտ 35 հազ. տոննա (մոտ 15 մլն դոլար): Սկսել ենք ներկրել նաև մեծ քանակությամբ պարարտանյութեր, 2013 թ.՝ մոտ 8 հազ. տոննա (9 մլն դոլար): Հաջորդ կարևոր հոդվածը պոլիմերներներն են՝ 5.5 մլն դոլար: 

Իրանից ներկրվում է մեծ քանակությամբ շինանյութ՝ գիպս, կավիճ, անգամ՝ ցեմենտ: Սակայն ամենատարօրինակը ավազի ներկրման փաստն է: Պարզվում է՝ Հայաստանը տարեկան 43 հազ. տոննա ավազ է ներկրում, որից մոտ 4 հազ. տոննան՝ Իրանից (մյուս հիմնական մատակարարներն են Վրաստանն ու Եգիպտոսը): Նշենք, որ Սյունիքի շինարարական կազմակերպությունների ղեկավարները միանշանակ հերքում են, թե օգտագործում են իրանական ավազ: Դրա կարիքը չկա էլ, քանի որ ավազի հանքեր կան և Մեղրիում, և Կապանում, և Վայոց ձորում:  Ցավոք՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից պարզաբանում չստացվեց ներկրվող ավազի նպատակի ու որակի մասին: Հնարավոր է՝ դա հանքարդյունաբերության մեջ օգտագործվող շինանյութ է, կամ էլ՝ ավազի անվան տակ այլ ապրանք է ներկրվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter