HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկայանա «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմի շնորհանդեսը

Այսօր` հոկտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմի շնորհանդեսը եւ «Ուրան եւ ընդերքի շահագործում» թեմայով կլոր սեղան:

«Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմը նվիրված է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանին, Ջերմուկ առողջարանային քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի ռիսկերին:

Ամուլսարի ոսկու հանքավայրի հանքային իրավունքը պատկանում է «Lydian International» ընկերությանը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ամուլսարի նախագծի ներդրողների թվում են երկու ազդեցիկ ֆինանսական ինստիտուտներ` Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):

Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ ներառվել են Գորայք, Կեչուտ, Սարավան, Սարալանջ, Գնդեվազ փոքր գյուղերը, իսկ  Ամուլսարի գագաթից ընդամենը12 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 6000 բնակչությամբ Ջերմուկ առողջարանային քաղաքը չի ընդգրկվել:  

Ընկերությունը մտադիր է արդյունահանել 70 տոննա ոսկի: Տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը` Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն: Հանքավայրի շահագործումից հետո մենք կունենանք լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք:

Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա: Մեկը Կեչուտի ջրամբարն է, իսկ մյուսը`Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ: Սպանդարյանի ջրամբարից Արփա-Որոտան թունելով ջուրը հոսում է Կեչուտի ջրամբար, Կեչուտից` Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ:    

Ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շրջակա միջավայրի վերաբերյալ հաշվետվությունում չի նշվում, որ հանքավայրի շահագործման հետեւանքով հնարավոր է`   շրջակա միջավայրի ջրային պաշարների աղտոտում:

Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ապրում են 60 տեսակի կաթնասուն կենդանիներ, 12 տեսակի սողուններ, 2 տեսակի երկկենցաղներ եւ 5 տեսակի ձկներ:

2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակվեց Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածը: Հոդվածում գրված է, որ «Ամուլսարի ուրանի երեւակումները գտնվում են Կեչուտ գյուղից 4կմ հարավ-արեւելք եւ նույնանուն լեռան գագաթից 5 կմ հյուսիս արեւմուտք: Ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչեւ 0,5 %: Ամուլսարի երեւակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում` ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա»:  Ընկերության ղեկավարներն ամբողջությամբ հերքում են հոդվածի գիտական արժեքը: Ավելին, ազգային անվտանգության մարմիններից պահանջում են պատասխանատվության ենթարկել  նրանց, ովքեր հրապարակել են խորհրդային գիտարշավի նախկինում փակ, իսկ այժմ բաց գիտական տվյալները:

«ԷկոԼուր»-ի հարցմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հակիրճ պատասխանեց` ընկերության փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել: Ընդ որում, նախարարությունը հղում կատարեց ոչ թե իր սեփական հետազոտությունների, այլ «Lydian International»-ի` այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտությունների վրա:

«Ամուլսարի տեղում չպետք է լցակույտերով լի մեռյալ գոտի լինի: Մենք կարծում ենք, որ որ հենց դա է էկոլոգիական անվտանգության իրական գինը»,- ասված է ֆիլմում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter