HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեր ձիու պատմությունը

«Դպրոցական բլոգ» ծրագրի «Ուլիսես» պատմվածքի մրցույթի հատուկ մրցանակ

-Սելլի՛, ինչու՞ ես միայնակ նստել այստեղ, ե՛կ մեզ հետ խաղալու:

-Չեմ ուզում խաղալ, Սի՛րիուս: Մի՛ խանգարիր ինձ:

-Իսկ ի՞նչ ես անում:

-Երազում եմ...

-Սելեստիա նշանակում է՝ «եկել եմ աստղերից»: Զարմանալի չէ, որ այդքան երազկոտ ես:  Իսկ կասե՞ս, թե ինչի մասին ես երազում, եթե, իհարկե, գաղտնիք չէ:

-Գաղտնիք չէ, սակայն մի քիչ երկար պատմություն է, ուզու՞մ ես լսել:

-Ուզում եմ,- գրեթե միաձայն բղավեցին Սիրիուսն ու նրա խաղընկերները` տեղավորվելով Սելեստիայի կողքին:

Կար ժամանակ, երբ երկրագունդը ամբողջովին ծածկված էր ծովերով եւ կուսական բնությամբ: Իրենց համար հատկացված վայրերում ապրում էին առասպելական եւ սովորական կենդանիները: Սակայն Օլիմպոսի աստվածներին չէր գոհացնում այդ կենդանական աշխարհը, եւ նրանք որոշում են ստեղծել մեկ այլ ժողովուրդ` մարդկանց, որոնք իրենց տեսքով ու մտքով նման կլինեին աստվածներին: Օլիմպոսի բնակիչներից մեկը` Պեգասը, որոշում է ինքն էլ իր նմանությամբ ժողովուրդ ստեղծել: Ու քանի որ Պեգասը բոլոր աստվածների սիրելին էր, Պեգասի խնդրանքը չի մերժվում: Սակայն աստվածները մի պայման են դնում. քանի որ մարդիկ չեն կարողանում ճախրել աստվածների պես, Պեգասի ժողովուրդը նույնպես թեւեր չպիտի ունենար: Պեգասը, արարելով իր նման կենդանիների, չի գոհանում նրանց տեսքով եւ որոշում է նրանց մի զարդ նվիրել` ճակատին շողշողացող եղջյուրը:

Օլիմպոսի աստվածներին հիացնում է Պեգասի ստեղծագործությունը, եւ նրանք այս չքնաղ արարածներին անվանում են Միաեղջյուր` ի պատիվ նրանց բաշի եւ պոչի գույնին համապատասխանող չքնաղ եղջյուրի:

-Սելլի՛, բայց այս պատմությունը մեզ մեր տատիկներն ու պապիկներն էին պատմում,- զարմացած բացականչեց Էլլան` թափահարելով նազելի վարդագույն եղջյուրը:

-Իրոք, մենք մեր ուսուցիչներից ու ծնողներից լսել ենք, որ Պեգասը մեր արարիչն է, սակայն դա ի՞նչ կապ ունի քո երազանքի հետ,- շարունակեց մյուսը:

-Դե՛, Սելլին էլ երեւի սպասում է այստեղ, որ Պեգասին տեսնի: Սելլի՛, եթե իրոք ուզում ես հանդիպել Պեգասին, ապա մի՛ սպասիր Պիրենայի աղբյուրի մոտ, բարձրացի՛ր Հելիկոն լեռան գագաթ եւ սպասի՛ր Հիպպոկրենա աղբյուրի մոտ: Ըստ ավանդության, Պեգասը ծնվել է Հելիկոն լեռան գագաթին, իսկ աղբյուրն էլ գոյացել է, երբ նա գլխով քարին է հարվածել: Նույնիսկ մուսաներն են այդ աղբյուրից ջուր խմում: Այնպես որ, եթե Պեգասը հյուր չգա, ապա ինը մուսաներից գոնե մեկի հետ կհասցնես ծանոթանալ,- քմծիծաղով ավելացրեց Սիրիուսը:

-Սի՛ր, ես ոչ միայն կտեսնեմ Պեգասին, այլեւ նա կսիրի ինձ եւ իր հետ երկինք կտանի:

-Սելլի՛, վերջ տուր: Մենք նույնիսկ չգիտենք՝ Պեգասը գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ:

-Ես գիտեմ, որ Պեգասը գոյություն ունի,- Սելլիին օգնության եկավ վառ երկնագույն բաշով ու գեղեցիկ աչքերով մի փոքրիկ,-  պապիկս մի ընկեր ունի մարդկային ցեղից, ով  պատմել է, թե ինչպես իր պապը` Բելլերոֆոն անունով մի երիտասարդ, հենց այս աղբյուրի մոտ այնքան է սպասել Պեգասին, մինչ վերջինս ցած է իջել եւ միասին ճախրել են՝ չար վիշապին հաղթելու:

-Դե¯, ավելի հավանական է, որ Պեգասը  մարդուն կօգնի հաղթել չար վիշապին, քան սովորական միաեղջյուրին Օլիմպոս կտանի,- շարունակեց համառորեն Սելլիին ծաղրել Սիրիուսը:

Սելեստիան արդեն չէր լսում Սիրիուսի ձայնը. նա արցունքն աչքերին արշավում էր լեռն ի վեր` փախչելով Սիրիուսից եւ բոլոր-բոլոր միաեղջյուրներից:

***

Ինչ հեռացել էր իր ընկերներից, երբեք ցած չէր իջել: Խմում էր Հիպպոկրենա աղբյուրի անմահական ջուրը, ուտում երփներանգ ծաղիկները, վազվզում եւ ննջում զմրուխտյա խոտերում: Նրան հետ բերելու համար Հելիկոն էին բարձրացել եւ՛ հարազատները, եւ՛ ընկերները, սակայն Սելեստիան միշտ թաքնվում էր միայն իրեն հայտնի անձավներում: Իսկ անծանոթներից այնքան էլ չէր խորշում: Բազմաթիվ միաեղջյուրներ էին հաղթահարել Հելիկոնը, որպեսզի արժանանան լեռնային գեղեցկուհու սիրուն: Նույնիսկ հպարտ կենտավրոսներ ու ինքնագոհ գրիֆֆոններ էին եկել նրա եղջյուրը խնդրելու, սակայն Սելեստիան բոլորին մերժել էր` ասելով, թե այստեղ սպասելու է այնքան ժամանակ, մինչեւ կա՛մ ձյունաճերմակ Պեգասը, կա՛մ մահվան աստված, սաթի պես սեւ թեւավոր ֆեստրալը կգա իր հետեւից: Տեսնելով Սելեստիայի վերաբերմունքը՝ եւ՛ հարազատներն ու ընկերները, եւ՛ նրա եղջյուրը խնդրողները արդեն դադարում էին հաղթահարել Հելիկոնի բարձունքը եւ այցելել նրան:

Բայց Սելլին ամենեւին էլ դժգոհ չէր, ոչ էլ՝ միայնակ. Հիպպոկրենա աղբյուրի միջից միշտ իրեն էր հետեւում խոշոր սադափե աչքերով, կաթնագույն նրբիրան մարմնով, ոսկեթել բաշով եւ պոչով եւ... եւ, ցավոք սրտի, ոչ թե զույգ չքնաղ թեւերով, այլ լոկ մի հիասքանչ ոսկե եղջյուրով չքնաղ կերպարանքը: Գեղեցկուհի միաեղջյուրը միշտ հրճվում էր իր գեղեցիկ արտացոլմամբ եւ էլ ավելի համոզվում, որ եթե Պեգասն իրեն տեսնի, ապա անտարբեր չի անցնի:

Գիտե՞ս, առասպելական Նարցիսը հենց այս աղբյուրի մոտ սիրահարվեց ինքն իր արտացոլմանը: Մի՞թե մի բազմամյա մենությունը հպարտ Սելեստիային մոռացնել է տվել Պեգասին եւ դարձրել Նարցիս:

Իրենով զմայլվելով` Սելեստիան չէր նկատել, որ ինչ-որ մեկը մոտեցել է իրեն: Եթե հյուրը ադամանդափայլ եղջյուրի փոխարեն ճերմակ թեւեր ունենար, ապա կարելի էր կարծել, որ հենց ինքը` Պեգասն է եկել:

-Սիրիու՜ս... Ո՞ր քամիներն են քեզ այստեղ բերել:

-Ես արդեն Սիրիուս չեմ, այլ Կախարդական Անտառների Տիրակալ Նորին Մեծություն Ադամանդափայլ Սիրիուս Առաջին:

-Դու արդեն թագավո՞ր ես: Իսկ ու՞ր են ծնողներդ:

-Մի տարի առաջ հայրս մեկնեց վիշապների դեմ պատերազմելու եւ զոհվեց կռվում: Մի ամիս առաջ էլ վշտից մայրս վախճանվեց:

-Ցավակցում եմ, Սի՛ր, բայց ես ինչո՞վ կարող եմ օգնել:

-Դե՜, չափահաս դառնալուց հետո ես պետք է երեք լիալուսնի ընթացքում հարսնացու գտնեմ, որպեսզի օծվեմ թագավոր եւ ստանձնեմ հորս գահն ու տիտղոսները: Երկու օր արդեն անց եմ կացրել քեզ փնտրելով, այսօր արդեն երրորդ լիալուսինն է լինելու: Արի՛ գնանք, քանի դեռ ուշ չէ:

-Ես ճանաչում էի մանուկ Սիրիուսին` զվարթ, չարաճճի, խելացի, կամակոր արքայազնին, որը միշտ ծաղրում էր ինձ ու իմ զգացմունքները: Իսկ դու անծանո՛թ ես ինձ, արքա՛:

-Սելեստիա՛, իսկ դու ինձ համար ամենահարազատ էակն ես: Ես սիրել եմ առաջին հայացքից ու սիրում եմ մինչ այժմ: Արի՛ ինձ հետ եւ կդառնաս Կախարդական Անտառների եւ իմ թագուհին: Այստե՛ղ թող առասպելներն ու լեգենդները եւ արի ինձ հետ:

Պատասխան չկար... Սելեստիան ծնկի էր եկել աղբյուրի մոտ եւ լուռ արտասվում էր:

-Ինձ քեզ հետ տար, Սի՛ր, չեմ ուզում քո դժբախտության պատճառը լինել,- հեկեկալով հազիվհազ արտաբերեց Սելլին:

-Չէ՛, Սելլի՛, ես հույս ունեի, որ  այստեղ ապրելով՝ դու թեւաթափ կլինես ու մոռացության կմատնես Պեգասին: Սակայն հասկացա, որ դու իրոք սիրում ես առասպելական աստծուն, ուստի ես մենակ հետ կգնամ: Ինձ առաջին պատահած աղջկան հարսնացու կդարձնեմ, որպեսզի թագավորությունս չանցնի ուրիշի ձեռքը:

-Բարին ընդ քեզ, սիրելի՛ Սիրիուս: Դու հրաշալի երիտասարդ ես դարձել ու համոզված եմ, որ կդառնաս Կախարդական Անտառների ամենալավ թագավորը:

Այս խոսքերն ասելով՝ Սելեստիան խոնարհվեց արքայի առաջ եւ մեղմաքայլ հեռացավ:

-Ցտեսությու՜ն , Սելեստիա՜...

-Մնաս բարո՜վ, Սիրիո՜ւս...

Եվ Սիրիուսը գլխիկոր սկսեց իջնել սարն ի վար: Պետք էր շտապել, որպեսզի մինչ երեկո հարսնացու գտներ եւ հասներ կեսգիշերին տեղի ունեցող արարողությանը:

-Բարի օր, միաեղջյուրների՛ արքա:

-Բարեւ,- աչքերը բարձրացնելով՝ ասաց Սիրիուսը:

Նրա դիմաց կանգնած էր երկար եթերային զգեստ հագած մի կին: Նրա սեւ գանգուրները ջրվեժի պես թափվում էին մեջքին, իսկ գեղեցիկ կանաչ աչքերը ժպտում էին խիտ արտեւանունքների ներքո:

-Սիրիու՛ս, ես Ագանիպպեն եմ, այն մուսան, որը կյանք է տվել Պեգասին:

-Նմա՞ն եմ խեղկատակի:

-Ես լրիվ լուրջ եմ խոսում: Ես գիտեմ, որ ամբողջ կյանքիդ միակ սիրելին` Սելեստիան, սպասում է Պեգասին: Բայց տղաս հոգնել է ծառայությունից, անվերջ թռիչքներից եւ որոշել է այլեւս չլքել օլիմպոսյան խաղաղությունը: Իսկ ես, հալիկոնյան իմ ապաստարանից հետեւելով ձեզ, որոշեցի օգնել եւ՛ քեզ, եւ՛ Սելեստիային:

-Ինչպե՞ս կարող ես օգնել մեզ:

-Դու ինձ տալիս ես քո եղջյուրը, իսկ ես քեզ տալիս եմ թեւեր: Հետո դու դառնում ես «Պեգաս» եւ գրավում ես Սելլիի սիրտը: Դե՜, եթե ցանկանում եք, ես էլ դառնում եմ ձեր կնքամայրը: Ի՞նչ կասես:

-Հիանալի է, կարո՞ղ ենք հենց հիմա անել այդ ամենը:

-Իհարկե՛, ծնկի՛ արի ու փակի՛ր աչքերդ:

Ծնկաչոք արքան զգում էր մուսայի մեղմ հպումները եւ լսում նրա տարօրինակ կախարդանքները: Սիրտն ինչ-որ վատ բան էր կանխագուշակում, բայց մյուս կողմից էլ վստահ էր, որ ստանալով թեւերը՝ կարող է վերջապես ամուսնանալ Սելեստիայի հետ:

-Ա՜խ,- բացականչեց Սիրիուսը` սուր ցավ զգալով նախ գլխում, ապա սրտի մոտ:

-Դիմացի՛ր, միաեղջյուրների՛ արքա, ու ոչ մի դեպքում աչքերդ մի՛ բացիր: Հիշի՛ր, որ այս ամենը քո սիրո համար է եւ քեզ ավելի լավ կզգաս:

-Փաստորեն, սերը ոչ միայն կուրացնում է, այլեւ չի թողնում զգալ մարմնական ցավը: Սելեստիայի մասին մտածելիս ես միանգամից ինձ ավելի լավ եմ զգում:

-Աճիճի աճիճի հա հու հա..

-Աճիճի աճիճի զիմ պոմ պա...

-Հա հու հա, զիմ պոմ պա...

-Սիրիու՛ս, դե բացի՛ր աչքերդ հիմա:

-Ագանիպպե՛, ես պիտի հավերժ ծնկի գամ քո առաջ,- հիացած բացականչեց Սիրիուսը` զմայլվելով իր վեհ կերպարանքով: Ճերմակ թեւերը նրան անչափ գեղեցկացնում էին, ու չնայած իր ճերմակ ճակատին ադամանդե եղջյուրի փոխարեն մի արծաթագույն աստղաձեւ սպի էր մնացել, սակայն Սելեստիան, իր Սելեստիան թեւավոր Պեգասին էր սպասում, ոչ թե միաեղջյուրի:

-Ինչպե՞ս հատուցեմ քո բարությունը, ո՜վ մուսա:

-Ես կցանկանայի որպես նվեր վերցնել քո արքայական եղջյուրը:

-Իհարկե՛, վերցրու՛, թեւավոր Սիրիուսի ինչի՞ն է պետք եղջյուրը: Էլ ոչ մի նվեր չե՞ս ցանկանում:

-Դե, եթե դեմ չես, կարող եմ զբաղվել քո հարսանիքի հարցերով, մինչ դու բերես քո գեղեցկուհուն: Վստահ եղի՛ր, որ ժողովուրդդ ապահով ձեռքերում կլինի: Իսկ եթե ուշանաք եւ չհասցնեք մինչեւ լիալուսին, ես խորամանկ եմ, մի բան կմտածեմ:

-Դու ուղղակի հրաշք ես, բարի՛ Ագանիպպե: Գնա՛ թագավորություն, իսկ ես թռչեմ իմ ոսկեբաշ գեղեցկուհու մոտ:

-Ցտեսությու՜ն ,Սիրիու՛ս...

Սիրիուսը ճախրում էր դեպի Հելիկոնի գագաթը: Նրա գլուխը պտտվում էր, սակայն ավելի շատ սիրուց եւ երջանկությունից, քան թռիչքից ու կախարդանքներից:

-Սելեստիա՜, ես այստեղ եմ, սիրելի՛ս:

-Կրկին ինչ-որ հիպպոգրի՞ֆ կամ հարպիա՞ է այստեղ թռչում,- լսվեց Սելլիի քնքուշ, բայց դժգոհ ձայնը:

-Ոչ մի նման բան, անուշի՛կս: Եթե բարի գտնվես ու շրջվես, ապա կտեսնես, թե ով է:

-Ձայնդ շատ ծանոթ է, գիտե՞ս,- պատասխանեց Սելեստիան`  այդպես էլ չշրջվելով դեպի ձայնը:

-Դե՛ ինչ, եթե դու չես գալիս, ապա ինքս կգամ,- ասաց Սիրիուսը` վայրէջք կատարելով ուղիղ Սելեստիայի դիմաց:

-Ես չեմ հավատում իմ աչքերին: Սա երազ է, ես գիտեմ... Ամեն գիշեր դու գալիս ես աղբյուրի մոտ, սակայն երբ ես մոտենում եմ, անհետանում ես: Զարմանալի է, բայց առաջին անգամ եմ լսում քո ձայնը, բայց այն ինձ այնքա՜ն քաղցր ու հարազատ է թվում: Բայց ես չեմ մոտենա քեզ: Ուզում եմ քիչ ավելի զմայլվել: Գիտե՛մ, հենց մոտենամ, անէանալու ես, չքվելու...

-Սելլի՛, փոքրի՛կս, ես իրական եմ:

Սելեստիան մոտենում էր դանդաղորեն ու վախվորած, իսկ Սիրիուսը` զվարթորեն ոստոստալով: Երկուսն էլ դեռ մանկուց այս ակնթարթն էին փափագում. Սելեստիան իր Պեգասին էր սպասում, իսկ Սիրիուսը Սելեստիայի սիրո մասին էր երազում:

Փաստորեն, երազանքներն իրականանում են... Ընդամենը մի փոքրիկ խաբկանք, սակայն առանց դրա Սիրիուսը չէր կարող շոյել Սելեստիային, իսկ վերջինս չէր կարող այդքան երջանիկ լինել:

-Ես քեզ սիրում եմ, Պեգա՛ս: Ես հավատում էի, որ դու կգաս:

-Ես էլ քեզ եմ սիրում, Սելեստիա՛: Եվ ես եկա, որ հավերժ քեզ հետ լինեմ:

-Ինձ հետ լինե՞ս, իսկ ես հուսով էի, որ կտանես ինձ: Ես այլեւս չեմ կարողանում ապրել այստեղ: Ամեն քար, ամեն թուփ ու ծաղիկ ինձ ծանոթ է: Էլ չեմ կարողանում ապրել քո ծննդավայր Հելիկոնի գագաթին:

-Ավելի լավ, արի՛ իջնենք Միաեղջյուրների Թագավորություն եւ ապրենք այնտեղ: Նրանց արքան հեռացել է, եւ մենք կարող ենք թագավորել Միաեղջյուրների անտառում:

-Իսկ ու՞ր է Սիրիուսը:

-Գնացել է պանդխտության, բախտ որոնելու: Ասում են, որ իր սիրելիի մերժումից հետո չի ցանկանում լսել ո՛չ գահի, ո՛չ տիտղոսների մասին:

-Խե՜ղճ տղա, նա այնքա՜ն լավն էր: Գիտե՞ս, Պեգաս, դու մի քիչ նման ես Սիրիուսին:

-Սելլի՛, թագավորները համարվում են աստվածների շառավիղ, իսկ Սիրիուսը ազնվարյուն թագավոր էր: Դե ինչ, գնացի՞նք ներքեւ:

-Գնացինք... Սակայն ես այնպես էի ուզում գոնե մեկ անգամ լինել վերեւում... Պե՛գ, սիրելի՛ս, դու աստված ես, չէ՞:

-Իհարկե՛,- փոքր-ինչ շփոթվելով` ասաց Սիրիուսը:

-Դե, եթե աստված ես, ուրեմն ամեն ինչ կարող ես, չէ՞:

-Իհարկե՛:

-Եթե ամեն ինչ կարող ես, ուրեմն կարող ես նաեւ ինձ թեւեր տալ, չէ՞:

-Իհարկե՛,- պատասխանեց Պեգասը` արդեն լրջորեն հուզված:

-Դե ուրեմն, ու՞մ ես սպասում,- ծիծաղեց Սելեստիան,- Օլիմպոսից ինձ համար մի զույգ ոսկեգույն թեւեր կբերե՞ս: Մենք կարող ենք մի քիչ ճախրել կապույտ երկնքում, ապա իջնել Միաեղջյուրների Արքայություն ու թագավորել այնտեղ:

-Լա՛վ, Սելլի՛, ես հենց հիմա կճախրեմ քո թեւերի ետեւից: Իսկ եթե աստվածները մերժե՞ն իմ խնդրանքը:

-Առանց թեւերի չվերադառնաս,- չարաճճիորեն կատակեց Սելեստիան:

Սիրիուսը փարվեց Սելեստիային եւ հեռացավ: Ու, բնականաբար, թռավ ոչ թե Օլիմպոս, այլ Միաեղջյուրների Արքայություն` բարի Ագանիպպեին գտնելու:

Զարմանալի է, բայց բացատում դեռ ոչ ոք չկար` չնայած կեսգիշերն արդեն մոտենում էր:

-Ագանի՜պպե, Ագանի՜պպե, որտե՞ղ ես:

Ոչ մի պատասխան: Սիրիուսը վայրէջք կատարեց եւ սկսեց ավելի բարձր կանչել.

-Ագանի՜պպե, ու՞ր ես, մեր սիրո չքնաղ մուսա:

-Մուսա՞,- անտառը լցվեց վայրի ու սարսափեցնող ծիծաղով,- որտե՞ղ ես մուսա տեսել:

-Այսօր Ագանիպպեն` Հելիկոնում բնակվող մուսաներից մեկը, իմ եղջյուրի փոխարեն ինձ թեւեր տվեց: Հիմա իրեն եմ փնտրում:

-Իսկ ինչու՞ ես համոզված, որ հենց Ագանիպպեին ես տեսել,- հարցրեց ձայնը:

-Դե՜, ինքն այդպես ներկայացավ:

-Բայց ի՜նչ հիմար են այս միաեղջյուրները:

Ծառերի միջից դուրս եկավ հենց Ագանիպպեն, սակայն գեղեցիկ ժպիտի փոխարեն նրա աչքերում վհուկային սարսռեցնող ծիծաղ էր խաղում:

-Ես ամենեւին էլ Ագանիպպեն չեմ: Ես Հեկադեն եմ` սեւ մոգության ու կախարդության աստվածուհին:

-Եթե դու վհուկ ես, ապա ինչու՞ օգնեցիր ինձ:

-Որ ասում եմ այս միաեղջյուրները ամենահիմար ու միամիտ կենդանիներն են, ոչ ոք ինձ չի հավատում: Ես ամենեւին էլ չեմ օգնել քեզ:

-Իսկ թեւե՞րը, որ տվեցիր ինձ:

-Դրա փոխարեն դու ինձ նվիրեցիր քո ադամանդե եղջյուրը, ինչպես նաեւ թույլատրեցիր, որ այսօր ղեկավարեմ քո հարսանիքի պատրաստությունը եւ քո ժողովրդին` մինչեւ վերադարձդ:

Դե եթե նաեւ ավելացնենք, որ կախարդանքի ընթացքում ես հասցրել էի նաեւ վերցնել քո երկնագույն արյունից (եթե հիշում ես, մի պահ սրտիդ շրջակայքում սուր ցավ զգացիր. ես պոկել եմ մի քանի արծաթե մազ քո բաշից), ապա նույնիսկ քո նման հիմար միաեղջյուրը կարող է հասկանալ, որ...

-Որ ես ինքնակամ հանձնել եմ իմ տիտղոսն ու թագավորությունը:

-Եվ քո ժողովրդին... Այժմ աստվածները չեն կարող ինձ ոտնձգության մեջ մեղադրել: Հենց ինքը Կախարդական Անտառների Տիրակալ Նորին Մեծություն Ադամանդափայլ Սիրիուս Առաջինն է ինձ թույլատրել ղեկավարել իր ժողովրդին:

-Ու՞ր են իմ միաեղջյուրները:

-Արի՛ իմ ետեւից եւ քո աչքով կտեսնես:

Ավելի լավ էր Սիրիուսը կուրանար, որ չտեսներ ու խլանար, որ չլսեր ու անզգայանար, որ չզգար: Իր վեհապանծ ու ազատասեր միաեղջյուրների շողշողուն եղջյուրները կտրված էին. նրանց ճակատին կային լոկ աստղաձեւ դրոշմներ: Կտրված էին նաեւ մետաքսափայլ պոչերն ու բաշերը: Եվ դա դեռ չարյաց փոքրագույնն էր: Նրբիրան միաեղջյուրները աշխատում էին մարդկանց համար, աշխատում էին կեղտոտված եւ փոշոտ: Ոմանց վրա էլ ինչ-որ տարօրինակ սարքեր էին հագցրել եւ նստել ճկուն մեջքին: Մոլորակի ամենաազատասեր եւ ուրախ կենդանիները ստրուկ էին դարձել հենց իր` «արքա» Սիրիուսի պատճառով:

-Էլ հետդարձ չկա՛, Սիրիու՛ս: Վայելի՛ր քո թեւերը, սերը եւ անմահությունը...

Վհուկային ծիծաղը կրկին ողողեց անտառը:

***

Շատ դարեր ու տարիներ են անցել այս օրերից: Հիմա մարդիկ այլեւս չեն հավատում ո՛չ աստվածներին, ո՛չ միաեղջյուրներին, ո՛չ առավել եւս Պեգասին: Սակայն մենք` միաեղջյուրների դժբախտ շառավիղներս, մինչ այժմ էլ գոյություն ունենք եւ շարունակում ենք հնազանդորեն ծառայել մարդկանց: Այժմ մեզանից շատ քչերն իրենց ճակատը զարդարող  աստղ ունեն եւ երեւի նույնիսկ չգիտեն, որ այդ աստղը մի սպի է, որ մնացել է դեռ այն հին ու բարի ժամանակներից, երբ մեր նախնիները` ազատատենչ ու վեհ միաեղջյուրները, զրկվեցին իրենց եղջյուրներից,- վերջացրեց պապիկը` հպարտորեն բարձրացնելով աստղ ունեցող իր ճերմակ գլուխը:

-Պապի՛կ, իսկ ի՞նչ եղավ Սիրիուսի հետ,- հարցրեց անհամբեր Աշխետը:

Ասում են, որ Սիրիուսը մինչ այժմ աստվածների կացարանն է փնտրում, որպեսզի աստվածներից իր ժողովրդի համար ազատություն եւ իր Սելեստիայի համար թեւեր խնդրի:

Սակայն երբեք ոչ մի օտարական Օլիմպոսի դարպասներից ներս չի մտել, ուստի արդեն մի քանի դար է, ինչ Սիրիուսը գիշեր-ցերեկ թափառում է երկնքում:

-Իսկ ինչու՞ չի վերադառնում Սելեստիայի մոտ,- մտահոգվեց Սեւուկը:

Հիշու՞մ ես, Սելեստիան կատակեց, որ Սիրիուսը առանց թեւերի չվերադառնա: Դե խեղճն էլ վախենում է առանց զույգ ոսկեփետուր թեւերի Հելիկոն թռչել եւ կրկին մերժում ստանալ Սելլիի կողմից:

-Իսկ Սելեստիան ո՞ղջ է,- հարցրեց ձյունաճերմակ Աստղիկը, որ պապիկից ժառանգել էր ճակատի աստղը:

Ասում են, որ Սելեստիան անվերջ արտասվում է իր անվերադարձ հեռացած սիրո համար: Արդեն այնքան է արտասվել, որ Հիպպոկրենայի աղբյուրից քիչ այն կողմ զարմանալիորեն աղի լիճ է գոյացել:

Երեւի Սելեստիան շա՜տ է զղջում, որ բաց թողեց «Պեգասին»: Հիմարիկ Սելլին նույնիսկ չգիտի, որ ինքը միակ միաեղջյուրն է, որ իր ճակատին եղջյուր է կրում:  Իսկ եթե նա ողջ ճշմարտությունն իմանար, ապա այնքան լաց կլիներ, որ շատ մեծ օվկիանոս կառաջանար, եւ Կախարդական Անտառները ջրի տակ կանցնեին,- համարյա լացակումած եզրակացրեց Աստղիկը:

Պապիկն ինչ-որ բան էր ուզում պատասխանել, երբ Սեւուկը բացականչեց.

-Նայե՜ք, Սիրիուսը ճախրում է երկնքում:

Բոլորը արագ բարձրացրին իրենց գլուխները, սակայն Սեւուկի ցույց տված տեղում միայն մի պայծառ աստղ տեսան:

-Հիմարի՛կ, զգացվում է, որ նախնիներդ միաեղջյուր են եղել: Սա ուղղակի աստղ է, ոչ թե Սիրիուսը,- քմծիծաղեց Աշխետը:

-Պապի՛կ, իսկ ի՞նչ են անվանում այս գեղեցիկ ու փայլուն աստղը,- հետաքրքրվեց Աստղիկը:

Սա գիշերային երկնքի ամենապայծառ աստղն է` Սիրիուսը...  

Դավթյան Ռուբինա,
Երեւան, թիվ 105
ավագ դպրոց, 16 տարեկան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter