HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Բանկերը վստահում են գիտությանը

Հայաստանյան առևտրային բանկերը 2014 թ. առաջին եռամսյակում մոտ 84%-ով ավելացրել են մասնագիտական, գիտական ու տեխնիկական գործունեության վարկային պորտֆելը, որը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 7.7 մլրդ դրամ (մոտ 18.5 մլն դոլար): Սա 2014 թ. ընթացքում ճյուղային կտրվածքով վարկավորման ամենամեծ աճն է` պայմանավորված, ըստ երևույթին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ վստահության աճով ու վարկավորման մեխանիզմների պարզեցմամբ: Իսկ ահա հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է վարկավորման ծավալների ամենամեծ անկումը՝ 36%-ով: Սակայն հեռահաղորդակցության ոլորտի վարկային պորտֆելն (11 մլրդ դրամ) առայժմ գերազանցում է գիտության վարկային պորտֆելին:

Ընդհանուր առմամբ՝ բանկերի վարկային պորտֆելը, ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման, եռամսյակի ընթացքում աճել է 2.8%-ով և կազմում է 1.8 տրլն դրամ (մոտ 4.4 մլրդ դոլար): Սպառողական վարկերը դեռեւս վարկավորման ամենամեծ ուղղությունն են` կազմելով վարկավորման 21.5%-ը (390 մլրդ դրամ կամ 950 մլն դոլար): Սպառողական վարկավորումը վերջին տարիներին աճի կայուն դինամիկա ունի:

Սպառողական վարկավորման ծավալը ավելի քան 2 անգամ գերազանցում է մշակող արդյունաբերության ծավալը: Ավելին՝ մշակող արդյունաբերության վարկավորումը առաջին եռամսյակում նվազել է 3.7%-ով և կազմում է 173 մլրդ դրամ (մոտ 420 մլն դոլար): Սա համահունչ է արդյունաբերության նվազման տեմպերին առաջին եռամսյակում: Անշուշտ,  վերամշակող արդյունաբերության պահանջարկը վարկային ռեսուրսների նկատմամբ ավելին է, եթե հաշվի առնենք, որ վերամշակող արդյունաբերության տարեկան ծավալը մոտ 1.9 մլրդ դոլար է:

Փոխարենը առաջին եռամսյակում աճել է հանքարդյունաբերության վարկային պորտֆելը, թեև այն նախկինի պես փոքր է՝ 44 մլրդ դրամ (105 մլն դոլար): Ընդհանրապես, հանքարդյունաբերությունն ու շինարարությունը ավանդաբար մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում տեղական վարկերի նկատմամբ, սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է: Շինարարության վարկային պորտֆելը ևս առաջին եռամսյակում աճել է և համարժեք է մոտ 275 մլն դոլարին:

Զգալի աճ կա նաև գյուղատնտեսության վարկավորման մասով՝ մոտ 9.5%: Գյուղատնտեսության վարկային պորտֆելը ներկայում կազմում է 130 մլրդ դրամ (մոտ 315 մլն դոլար), սակայն դա ներառում է նաև ձկնաբուծական տնտեսությունները: 

Մյուս ուղղություններից կարելի է առանձնացնել նաև հիփոթեքային վարկավորման կայուն, բայց ոչ մեծ աճը (2014 թ.՝ 1.4%): Հիփոթեքային վարկավորման ծավալը մոտ 145 մլրդ դրամ է (մոտ 350 մլն դոլար):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter