HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Հակերա» օպերացիան և թիվ 17 բարձունքը

Արդեն երրորդ սիգարետը ճմրթվեց՝ ջղաձգորեն տրորվելով զինվորական կոպիտ կոշիկների տակ: Ադրբեջանական գյուղն այդ բարձունքից չի երևում, ադրբեջանական դիրքերն էլ այնքան հեռու են, որ ցերեկն անգամ պետք է հզոր հեռադիտակով հետևել: Տղաների կարծիքով՝ առնվազն մի 4 կմ հեռու են: Բայց միևնույն է՝ հրամանատարությունը կտրականապես արգելել է գիշերային ժամերին սիգարետ կպցնել կամ անգամ լուցկի վառել: Ասում են՝ Կուբաթլիի կողմից հայտնված տանկն ունի ինֆրակարմիր լուսավորիչ, կարող է գիշերը նշանառության տակ վերցնել ցանկացած լուսավոր կետ: Սրապը թերահավատորեն էր վերաբերում այդ նորահայտ տանկին: Հա ճիշտ է՝ մի երկու օր առաջ խփեց մոտակա գյուղի ծայրամասի տներից մեկին, բայց նշանառու կրակի համար նախ պետք է դուրս գա այն լեռնային գյուղակից, ուր պատսպարվել են Լաչինի մարտերից հետո ջախջախված ադրբեջանական ջոկատների մնացորդները, պետք է բավական երկար ճանապարհ անցնի լեռնային նեղլիկ ու ծուռումուռ ճանապարհներով: «Ոչ մի տանկ էլ սենց գիշերով սար ու ձոր չի ընկնի»,-ինքն իրեն հույս տվեց Սրապը՝ կպցնելով չորրորդ սիգարետն ու նայելով մթագնող երկնքին: 

Բարձր սարավանդն իշխում էր շրջակայքի վրա, ու այդ սարավանդի կենտրոնում յուրաքանչյուր 50 մետրը մեկ հայ դիրքապահների վրաններն էին՝ 12 վրան: Յուրաքանչյուր վրան նախատեսված էր 4 հոգու համար, յուրաքանչյուր 2 ժամը մեկ տղաները պետք է փոխվեին հերթապահության համար: Սարավանդն այնքան քարքարոտ էր, որ խրամատներ փորել չհաջողեց, մի քանի ոչ մեծ փոսեր կարողացան փորել միայն: Այդ փոսերից մեկում էլ թիկն տվեց քարին ու արագորեն քաշեց սիգարետի ծուխը: Տղաները հերթապահության ժամանակ զույգերով քայլում էին, երբեմն գնում էին հետախուզության, բայց հիմա Սրապը մենակ էր: Ընկերը խնդրեց թույլ տալ կես ժամ էլ քնել, ինքն էլ չընդդիմացավ: Դա զինվորական կանոնների կոպիտ խախտում էր, որ գալիս էր վտանգի զգացողության թուլացումից: Արդեն մեկ ամիս է այդտեղ են՝ ադրբեջանցիները նույնիսկ ձևի համար մոտ չեն եկել, պատսպարվել են Կուբաթլիի շրջանի գյուղերում ու դուրս չեն գալիս: Միայն այդ տանկն է վերջերս ի հայտ եկել, տղաները համոզված են, որ ուկրաինացիներից բաղկացած անձնակազմ է՝  գումար աշխատելու համար են այստեղ: Սրապն ուզում էր, որ մարտերը վերսկսեն, որ Գոհարին պատմելու բան ունենա: Ո՞մ մտքով կանցներ, որ կսիրահարվի այդ սևահեր, կոպիտ ձայնով ու ճմրթված շորերով աղջկան…

xxxxx

Ճմրթված պիջակով աղջիկը հիվանդանոց մտավ երեկոյան 8-ի կողմերը: Սովորաբար ավելի վաղ էր գալիս, միշտ նույն անփույթ սանրվածքով, բարակ ու կարծես միտումնավոր ճմրթած պիջակով, որից չէր հրաժարվում նույնիսկ օգոստոսյան շոգերին: Հերթով այցելում էր այն հիվանդասենյակները, ուր ազատամարտիկներն էին պառկած, նրանց դեղ, հագուստ կամ ուտելիք էր թողնում, տեղեկանում էր, թե էլ ինչի կարիք ունեն, խոստանում բերել հաջորդ անգամ:

-Իսկ ինչո՞ւ մեզ էլ չեք օգնում…

Հորն այցելության եկած Սրապը հեգնանքով նայեց աղջկան, մտքում 50-50 էր գնահատում նրա պատասխանելու հավանականությունը: Ի զարմանս իրեն՝ աղջիկը կանգ առավ, քչփորեց պայուսակն ու այնտեղից մի կարկանդակ հանեց: Լուռ մոտեցավ Սրապին, կարկանդակը թողեց պատուհանի գոգին, թեթևակի ժպտալով բարի ախորժակ մաղթեց ու անմիջապես անհետացավ մոտակա հիվանդասենյակում: Սրապը շփոթվեց, սովոր էր աղջիկների հասցեին ռեպլիկներ թողնել ու որպես պատասխան արժանանալ սաստող հայացքների կամ «խոցող» արտահայտությունների: Բայց այս մեկի ժպիտի մեջ հեգնանքի նշույլ անգամ չկար, այդ ժպիտը Սրապին գրավիչ մանկական խաղ հիշեցրեց: Միայն թե ձայնը տարօրինակ կոպիտ էր: Ի զարմանս իրեն՝ կծեց կարկանդակը, այն նույնպես համեղ էր, երևի տանն էր պատրաստված: Որոշեց սպասել: Աղջկան առաջարկեց ուղեկցել մեքենայով՝ այդ տարիներին երևանյան տրանսպորտն ահավոր վիճակում էր, մարդիկ երբեմն երթևեկում էին դռներից կախված:

-Մի անհանգստացի, քույրս էլ մեզ հետ է, քեզ կիջեցնենք որտեղ ցանկանում ես, հետո մենք կգնանք տուն:

Տեղ հասցնելուց հետո աղջկան առաջարկեց օգնել վիրավոր ազատամարտիկներին սնունդ ու հագուստ բաժանելու գործում: Գոհարը, այդպես էր աղջկա անունը, չմերժեց, իսկապես էլ օգնականի կարիք էր զգում: Հետո ամեն ինչ արագ ու մի տեսակ բնական ստացվեց՝ առաջին ձեռքսեղմումը, առաջին գրկախառնությունը, առաջին համբույրը: Սկզբում Սրապը մտածում էր, որ հերթական կարճ սիրավեպը կլինի, որ կտևի 1 ամսից ոչ ավելի: Բայց հետո նկատեց, որ իր հետ զարմանալի փոփոխություններ են կատարվում: Աղջկա ճմրթված շորերի վրա այլևս ուշադրություն չէր դարձնում, ընդհակառակը՝ անփույթ հագնվածների մեջ սկսեց ինչ որ հետաքրքիր տպավորություններ փնտրել: Բայց որ ամենակարևորն է՝ դադարեց ամեն 50 մետրը մեկ կոշիկներն անձեռոցիկով փայլեցնել, ինչն անկեղծորեն զարմացրեց նրա բոլոր ընկերներին: Սրապի ընկերների համար մեծագույն անակնկալ էր, որ Սրապը քաղաքում կարող է շրջել առանց փայլեցրած կոշիկների ու հագուստի բոլոր ծալքերը կոկետացնելու: Կասկած չկար, որ տղան սիրահարվել է, ու դա կտրում է նրա միտքը ձևականություններից:

Սրապին երբեմն թվում էր, թե իր երկրորդ մանկությունն է վայելում: Մորը կորցրել էր 4 տարեկանում, ու մի տեսակ մանկության կարոտ մնացել: Գոհարի ընկերակցությամբ Սրապը երեխայի զգացողություն ուներ, ինչ որ բան կար այդ աղջկա մեջ, որ հիշեցնում էր մոր աղոտ տպավորությունները:  Գոհարի ժպիտը միշտ էլ զուսպ էր, սակայն այն միահյուսվում էր աչքերի կայծկլտոցների հետ, ու թվում էր, թե աղջիկը ժպտում է ոչ թե բերանով, այլ աչքերով; Սրապը հետևում էր այդ աչքերին այնպես, ինչպես երեխան՝ գույնզգույն խաղալիքներին:

Երբ Սրապին թվում էր, թե իրենց հարաբերություններում ամեն ինչ իդեալական է, մնում է միայն վայելել երջանկությունը, Գոհարն անսպասելի հայտարարեց, որ մեկնելու է ռազմաճակատի առաջին գիծ, տեղում քույրական օգնություն ցուցաբերելու կռվող կամավորներին: Սրապը մինչ այդ համոզված էր, որ աղջկա վազվզոցը հիվանդանոցներով ժամանակավոր տարվածություն է, հարգանքի տուրք  Մարտակերտի պաշտպանության ժամանակ զոհված հորեղբորը: Հետո հասկացավ, որ աղջիկն  այլ բան է ուզում: Նա ցանկանում է, որ իր ընկերը, իսկ գուցեև ապագա ամուսինը «կռված» տղա լինի: Այդ միտքը նրան շփոթեցնում էր: Շրջապատում նա կռվարար տղայի համբավ ուներ, սակայն զինվորական ծառայությանը միշտ էլ թերահավատ էր վերաբերում: ԽՍՀՄ բանակում գրեթե երկու տարի անցկացրեց շտաբներում՝ հեռու զենքից ու շարային պատրաստությունից: Երբևէ նույնիսկ մտքի ծայրով չէր անցկացրել, որ կարող է կամավորագրվել սահմանների պաշտպանության համար: Սրապը սկսեց լրջորեն մտածել Գոհարի հետ հարաբերությունները խզելու մասին, բայց ընկերներից մեկն այլ խորհուրդ տվեց: Ասաց, որ կարելի է զինկոմիսարիատի հետ 15-օրյա պայմանագիր կնքել ու գնալ նոր ազատագրված Լաչինի շրջան՝ պաշտպանական գիծն ուժեղացնելու համար:

«15 օրն ինչ է՞ որ, այնպես կանցնի՝ չես էլ զգա, Գոհարն էլ առարկելու տեղ չի ունենա»,- Սրապին խորհուրդ տվեց ընկերը: Այդպես նա հայտնվեց Լաչինի ու Կուբաթլիի սահմանագծին գտնվող թիվ 17 բարձունքում; Գոհարի հետ պայմանավորվեցին՝ երկուսով միաժամանակ սահման չեն գնա, մեկը կվերադառնա, մյուսը կմեկնի: Դա 1992 թ. սեպտեմբերն էր, երբ մարտական առաջադրանքը կարելի էր համատեղել աշնան հրաշալի ակնթարթների հետ: Սակայն 15 օր հետո հրամանատարությունը հայտարարեց, որ հերթափոխն ուշանում է, խնդրեց տղաներին՝ ևս 15 օր մնալ: Ցանկացողներին հրամանատարությունը ետ էր ուղարկում՝ այդպես ջոկատի թվաքանակը մեկ քառորդով պակասեց: Սակայն Սրապը որոշեց սպասել, հիշում էր, որ ետ վերադառնալուց հետո Գոհարի հերթն է ռազմաճակատ մեկնելու:

xxxxx

Լեռնային երկինքը վերջնականապես փակվեց ամպերով: Կլիներ մոտավորապես գիշերվա ժամը 4-ը: Սրապը դանդաղորեն վեր կեցավ տեղից՝ համոզված էր, որ անձրև է գալու: «Ժամանակն է այդ անբանին զարթնեցնել, թող անձրևի տակ ինքը թրջվի, իսկ ես կհանգստանամ»,- որոշեց նա՝ ուղղվելով դեպի վրանը: Քամի բարձրացավ, ուժեղ, գիշերային ու սառը քամի էր: Սրապը մի պահ կանգ առավ՝ զինվորական վերարկուի մեջ ավելի ամուր փաթաթվելու համար: Հետո մեխվեց տեղում՝ քամու հետ տարօրինակ ձայներ էին գալիս: Նորից ուշադիր ունկն դրեց՝ ներքևից, ձորի կողմից իսկապես ձայներ կային, ներքևում ինչ որ շարժում կար: Իր համար էլ անսպասելի՝ հանգիստ էր, անմիջապես որոշեց անելիքը: Ոչ թե վրան կգնա՝ տղաներին արթնացնելու, այլ կրակահերթ կբացի, այդպես մյուս պոստերի համար նույնպես ահազանգ կհնչի: Առանց շտապելու դիրքավորվեց քիչ հեռու այն տեղից, ուր նստած էր, զգուշացավ, որ ադրբեջանցիները նկատած կլինեն այրվող սիգարետը: Ավտոմատային կարճ կրակահերթերը ներքևում ինչ որ մեկի կոկորդից աղաղակ պոկեցին: Համարյա բոլոր վրաններից տղաներն անմիջապես դուրս թռան ու դիրքավորվեցին, թեև շատերը չէին էլ պատկերացում, թե ինչ է տեղի ունենում: Սակայն անորոշությունը երկար չտևեց, հայկական դիրքերի վրա պատասխան կրակ տեղաց; Սկզբնական շրջանում թանձր խավարը հայերի կողմից էր՝ բոլոր պոստերում էլ հասցրին դիրքավորվել, բայց հետո ամեն ինչ խառնվեց իրար: Աջ կողմից ադրբեջանական առաջապահ խումբը գրավեց բարձունքի ծայրամասն ու նռնականետային ու գնդացրային կրակ բացեց: Վրաններից մի քանիսը սկսեցին այրվել: Սրապը հազիվ լսեց հրամանատարի հրամանը՝ նահանջել ու դիրքավորվել բարձունքի հակառակ լանջերին: Սրապին այդ հրամանը տարօրինակ թվաց, դա նշանակում էր, որ բարձունքը հանձնում են: Նրա ուղեղը սկսեց արագ վերլուծել իրավիճակը; Ադրբեջանցիները հարձակվում են մի քանի կողմից, հետևաբար՝ սա դիվերսիա չէ, այլ խոշոր հարձակում: Եթե բարձունքի առաջամասը զիջվի նրանց, ապա թվաքանակի շնորհիվ հակառակորդը պարզապես կճնշի մյուս կողմում դիրքավորված տղաներին: Նահանջելն էլ վտանգավոր էր արդեն, բարձունքի ծայրամասում դիրքավորվածները կրակում էին բարձունքի կենտրոնական հատվածների վրա, նահանջողները պետք է դեռ այդ կրակահերթերի միջով անցնեին: Արդեն իսկ առաջին զոհերն ու վիրավորները կային: Իսկ ի՞նչ կլինի, եթե… Սրապը նույնիսկ զարմացավ իր հեռատեսության վրա: Բառացիորեն երեկ նրան հաջողեց թաքստոց փորել հենց այն մասում, որ հիմա ադրբեջանցիների ձեռքում էր: Դա միակ համեմատաբար փափուկ հողակտորն էր ողջ բարձունքում: Թաքստոցը գտնվում էր ժայռի կողամասում, հուսալիորեն ծածկված խոտով: Եթե հաջողի հասնել թաքստոցին, ապա բարձունքի վրա հայտնված ադրբեջանցիները կհայտնվեն իր նշանառության տակ՝ ինչպես ձեռքի ափի մեջ: Այդ պահին էլ ընդունեց երկրորդ ոչ ստանդարտ որոշումը՝ դեպի թաքստոց կվազի ոչ թե բարձունքով, այլ ներքևի դարավանդով: Սրապի հաշվարկով՝ իր ուղղությամբ գործող ջոկատը դեռ չի սկսել գրոհը, կամ առաջ է շարժվում շատ զգուշորեն, քանի որ հայկական դիրքերից ուժեղ գնդացրային կրակ էր տեղում: Առանց վարանելու նա գլորվեց ներքև՝ հայտնվելով դարավանդում: Տեղանքը հրաշալի գիտեր, կողմնորոշվում էր առանց դժվարության: Մեկ սողալով, մեկ կուզեկուզ գնալով՝ վերջապես հայտնվեց ժայռի ներքևում: Վերևից նույնիսկ լսվում էին ադրբեջաներեն խոսքեր, հիմնականում՝ հայհոյանք: Սրապը մի պահ վարանեց՝ ադրբեջանցիները շատ մոտ էին թաքստոցին: Մի քանի վայրկյան ծախսեց՝ նորից գնահատելու իրավիճակը, խավարի թանձրությունն ու թաքստոց ընկնելու առավել հավանական ճանապարհը: Որոշեց փոսից դուրս գալիս չվազել՝ քարերին պատահաբար չդիպչելու և աղմուկ չստեղծելու համար: Սիրտն անսպասելի սկսեց արագ բաբախել, բայց կարողացավ զսպել իրեն ու չվազել: Յուրաքանչյուր քայլից առաջ համոզվելով, որ քարահոս չի առաջացնելու, նա հասավ ժայռակտորին՝ թաքստոցն անվնաս էր: Զգուշորեն սողոսկեց փոսի մեջ, հարմար տեղավորվեց ու ծածկվեց խոտերով: Մոտ կես րոպե ոչինչ չէր տարբերակում, բայց աստիճանաբար սկսեց կռահել, թե ադրբեջանցիներն ինչպես են դիրքավորված: Բարեբախտաբար՝ մոտակայքում ոչ ոք չկար, ադրբեջանցիներն արդեն առաջ էին շարժվել մոտ 10 մետր ու նորից պառկել գետնին: Առաջին իսկ կրակոցով խոցեց նռնականետով զինվորին: Վերջինս գալարվեց ու նռնակն արձակեց իրենից քիչ հեռու՝ հենց գետնի մեջ: Նռնականետը պայթեց նռնակի հետ միասին՝ խուճապ ու իրարանցում առաջացնելով մյուսների շրջանում, ըստ երևույթին՝ էլի վիրավորներ եղան: Սրապը որոշեց, որ կկրակի զգալի ընդմիջումներով, առնվազն գոնե րոպեն մեկ: Շուտով նա կարողացավ տարբերակել գնդացրորդին, ևս մեկ հաջողված կրակոց ու գնդացիրը լռեց: Ավելի հեռվում գտնվող երկրորդ գնդացրորդը ևս ընկավ՝ այս անգամ հայ զինվորների դիմահար կրակից: Մի փոքր առաջ շարժված ադրբեջանցիները, զրկվելով կրակային աջակցությունից, անկանոն սկսեցին ետ սողալ: Սրապի համար նրանք շատ հարմար թիրախ էին, սակայն հասկանում էր, որ կարող է մատնել իրեն: Այդ ժամանակ ադրբեջանական մյուս ջոկատը ևս հայտնվեց բարձունքում, սակայն հայտնվեց հայերի ուժեղ կրակի տակ: Նրանք հենց Սրապի աջ կողմում էին, բավական մոտիկ, ու ինչ որ բան էին բացականչում: Սրապը հասկացավ, որ հորդորում են իրենց ընկերներին՝ չնահանջել: Սակայն այդ ընկերներն արդեն զբաղված էին վիրավորներին ու սպանվածներին դուրս հանելով, ու շուտով համարյա ամբողջությամբ մաքրեցին բարձունքը: Մյուս ադրբեջանական ջոկատներում ևս նահանջի հրամաններ լսվեցին: Չկա ավելի սարսափելի բան, քան գիշերային խավարի ժամանակ անծանոթ տեղանքում նահանջը: Այն արագորեն վերածվեց անկանոն փախուստի, մի քանի րոպեից բարձունքի վրա արդեն ադրբեջանցիներ չկային: Նրանք շտապում էին հեռանալ, քանի դեռ լույսը չի բացվել: Սրապը դանդաղորեն դուրս եկավ թաքստոցից, հենվեց ժայռին ու ևս մի քանի կրակահերթ արձակեց: Հետո հիշեց, որ թիկունքից իր ընկերներն են կրակում, ու կրկին պատսպարվեց թաքստոցում: Այդտեղ էլ նրան գտան մարտական ընկերները՝ կռահելով, թե ով է խուճապ առաջացրել ադրբեջանական առաջապահ ջոկատի շարքերում:

xxxx

«Հակերա»՝ այդպես էր կոչվում ադրբեջանական զինուժի զինված գործողությունը Լաչինի շրջանում 1992 թ. հոկտեմբերին՝ նպատակ ունենալով վերագրավել Լաչինն ու կտրել Հայաստանի ու Արցախի միջև ցամաքային կապը: «Հակերան», ըստ երևույթին, այդ տարածքի հին անվանումներից մեկն էր: Ադրբեջանցիները հարձակվում էին երկու ուղղություններով՝ Լաչինից հարավ ու հյուսիս: Հարձակմանը հետևելու համար հրավիրել էին Միլի մեջլիսի երկու պատգամավորների: Որոշ հատվածներում ադրբեջանցիներին իրոք հաջողեց առաջ գնալ, սակայն թիվ 17 բարձունքը այդպես էլ չկարողացան գրավել, թեև հարձակումը կրկնեցին  նաև հաջորդ օրերին: Չորսօրյա պաշտպանական մարտերից հետո հայկական զորքերը ճակատի ողջ երկայնքով հոգնեցրին ու արյունաքամ արեցին ադրբեջանական խմբավորումներին: Այնուհետ ժամանեցին օգնական ուժեր, զորքերը վերախմբավորվեցին ու Շուշիի և Գորիսի կողմից անցան հակահարձակման: Երկու օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը ետ մղվեցին 5-10 կմ: Թիվ 17 բարձունքը պաշտպանողները նույնպես հարձակման հրաման ստացան՝ երկար սպասված հերթափոխի ժամանումից հետո: Հրետանային ուժեղ պատրաստությունից հետո հայկական ջոկատը հարձակվեց Քյոքնաքենդ գյուղի ուղղությամբ, Սրապը ևս նրանց շարքում էր: Հարձակումը սկսեց վաղ առավոտյան, երկու ուղղություններով, ընդամենը երկու զրահամեքենայի պաշտպանության ներքո: Սակայն մինչ տղաները կմոտենային Քյոքնաքենդին՝ երկու հայկական ուղղաթիռներ, Լաչինի կողմից թռչելով, ռմբակոծեցին գյուղը, հետո պտույտ գործելով՝ կրկին հարվածեցին ադրբեջանական դիրքերին ու թաքստոցներին: Գյուղում հրդեհներ սկսեցին, պայթեց վառելիքով լցված ցիստեռնը:  Հայ մարտիկներն ու զրահամեքենաներն ընդհուպ մոտեցան գյուղին: Ադրբեջանական դիրքերից մոտ կես ժամ ուժեղ կրակ էր տեղում, սակայն աստիճանաբար այն թուլացավ: Ուղղաթիռներն ու հրետանին արել էին իրենց գործը, ադրբեջանական առաջապահ դիրքերի զինվորները զինամթերք չէին ստանում, վիրավորներին ու սպանվածներին նույնիսկ չէին հասցնում հանել: Պարզ էր, որ դիմադրությունը երկար չի տևի, սակայն Սրապը շատ էր ցանկանում առաջինը գյուղ մտնել: Առաջ պոկվեց մյուսներից, ու մինչ նորից կդիրքավորվեր՝ ուսի շրջանում ուժեղ ծակոց զգաց: Հարվածից ընկավ գետնին ու մի երկու րոպե կորցրեց գիտակցությունը: Հետո գիտակցությունը վերականգնվեց, հասկացավ , որ վիրավոր է: Սկսեց շոշափել մարմինը՝ միայն ուսն էր ցավում, դա չխանգարեց, որ մի քանի մետր հեռանա վտանգավոր վայրից: Սկսեց բարձր տնքալ՝ ընկերների ուշադրությունը հրավիրելու համար, սակայն այդ պահին ինչ որ մեկի փափուկ ձեռքերը շոյեցին ճակատը: Սրապին այդ ձեռքերը անդիմադրելիորեն քնքուշ թվացին, ու այնքան ծանոթ:

-Գոհա՞ր, - Սրապը աչքերին չէր հավատում,- չէ՞ որ խոստացել էիր…

-Ոչինչ մի խոսիր, լա՞վ, հետո կպատմեմ, հիմա թուլացի, որ բուշլաթդ հանեմ…

Սրապն իսկապես էլ թուլանում էր, նա գլուխը հենեց աղջկա ձեռքերին և փակեց աչքերը:

xxxxx

Ճմրթված պիջակով աղջիկը մուտք գործեց զինվորական հոսպիտալ: Նա կարկանդակներով տոպրակ չուներ, նրա հոգնած աչքերը հազիվ էին բաց մնում: Թվում էր՝ ոչ թե քայլում է, այլ անհաջող սահում անհարթ սառույցի վրայով: Հարցուփորձով գտավ այն հիվանդասենյակը, որտեղ Սրապն էր: Տղան գրեթե ապաքինվել էր, սպասում էր, թե երբ պետք է դուրս  գրեն: Աղջիկը լուռ նստեց մահճակալի գոգին՝ ձեռքը դնելով տղայի ձեռքի վրա: Մոտ մեկ րոպե այդպես լուռ էին:

-Կամուսնանա՞ս ինձ հետ,- վերջապես Սրապը խախտեց լռությունը:

Գոհարի հոգնած աչքերը հարցականով նայեցին տղային:

-Բայց ես մի պայման ունեմ՝ այլևս երբեք մեր պայմանավորվածությունները  չպետք է խախտես,- իրենց հարաբերությունների ընթացքում առաջին անգամ Սրապն աղջկա հետ խոսեց պահանջկոտ ու խիստ տոնով:

Գոհարը ժպտաց ու փակեց աչքերը, բայց այս անգամ Սրապին դա նախկինի պես զուսպ չթվաց…

Մեկնաբանություններ (4)

Արման
մի շնչով կարդացի, վերնիսաժի կրակոցներից հետո մի տեսակ ռոնանտիկ է: Դրանց պտի սահման ուղարկես, թող գնան պարապեն
Նելլի
isk hetaqrqir e` ajs sharqy patver e, te voch: Minchev хима karabaxyan temayov miayn poxov en film nkarel, baayc grakanutyny chgitem
Մարին
Ղարաբաղյան պատերազմի մասին գեղարվեստական աշխատանքները քիչ են, ու ձեր գրածները հետաքրքիր կարդում եմ, որովհետև բոլոր գլխավոր հերոսները հասարակ զիվոր են: Շնորհակալություն:
Աշոտ
սահման գնան, որ ինչ անեն, սահմանոմ կռվածները հրեն նստած են, իսկ սրանք ավտոմատներով են ֆռռֆռում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter