HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Կառավարության նոր ծրագիրը. նմանություններ և տարբերություններ

ՀՀ նոր կառավարությունն այսօր հրապարակել է իր գործունեության ծրագիրը: Այն հիմնականում, ինչպես և սպասվում էր, Տիգրան Սարգսյանի կառավարության 2013 թ. ծրագրի օրգանական շարունակությունն է, թեև ենթարկվել է խմբագրումների, փոխվել են շեշտադրումները: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ երկու կառավարություններն էլ ներկայացնում են միևնույն քաղաքական ուժը:

Առաջինը, որ աչքի է զարնում նոր ծրագրում, ակնկալվող արդյունքների վերախմբագրված տարբերակն է: Նոր կառավարությունը ակնկալում է 3 հիմնական արդյունք՝ ՀՆԱ տարեկան 5% աճ, աղքատության 10% կրճատում, նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև 65 հազ. դրամ: Նախորդ կառավարության ակնկալիքներն ավելի բարձր էին՝ տնտեսական աճը 5-7%, 100 հազ. նոր աշխատատեղերի ստեղծում, պետական եկամուտների հավաքագրման աճ՝ ՀՆԱ-ի նկատմամբ  տարեկան 0.3-0.4%-ի սահմաններում և այլն: Ի դեպ, հարկային եկամուտների հավաքագրման աճի ակնկալումը հանվել է նոր ծրագրի ենթաբաժիններից նույնպես: Ավելին՝ նոր կառավարությունը խոստանում է աստիճանաբար հրաժարվել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումից և նվազեցնել ներդրումային ապրանքների ներկրման դեպքում արտոնության տրամադրման շեմը (ներկայում արտոնությունը գործում է 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ապրանքների ներկրման դեպքում):

Հատկանշական է, որ նոր կառավարությունը ևս չի գնացել Սերժ Սարգսյանի ակնկալած 7% աճը խոստանալու ճանապարհով:

Բնականաբար, ծրագրից հանվել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների մասին դրույթները, դրանք փոխարինվել են Եվրասիական մաքսային միության և Եվրասիական միասնական տնտեսական տարածքի մասին դրույթներով:

Մեզ անհայտ պատճառներով նոր ծրագրում տնտեսության հիմնական ճյուղերի մեջ գյուղատնտեսությունը նշվել է առաջինը, այնինչ նախորդներում առաջինը նշվում էր արդյունաբերությունը: Դժվար է ասել՝ դա տեխնիկական վրիպա՞կ է, թե՞ արդյունաբերության դերի վերաիմաստավորման փորձ: Տ. Սարգսյանի կառավարությունը մեծապես կարևորում էր արդյունաբերության զարգացումը ու մի շարք ծրագրեր առաջ քաշեց: Նոր կառավարությունը ֆորմալ առումով այդ ծրագրերից չի հրաժարվել (արտահանման խրախուսում, ներդրումային ապրանքների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկի հետաձգում, վարկավորման ավելի մատչելի պայմաններ և այլն), սակայն էապես ընդլայնել է գյուղատնտեսության աջակցության մասին խոստումները՝ հատկապես սուբսիդավորման մասով: Սուբսիդիաներ կտրվեն սահմանամերձ և լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերի մշակման համար, դրամաշնորհներ կտրվեն փոքր և միջին տնտեսություններին, հատկապես կոոպերատիվներին: Եվ թե Տ. Սարգսյանի կառավարությունն իրավամբ կարելի էր համարել արդյունաբերության աճի ջատագով, ապա Հ. Աբրահամյանն ակնհայտորեն շեշտադրումները փոխել է դեպի գյուղատնտեսություն:

ՏՏ ոլորտին վերաբերող ենթաբաժնում, թերևս, նորություն կարելի է համարել Երևանի Ջրվեժ թաղամասում ինժեներական քաղաքի կառուցման մասին դրույթը:

Սոցիալական քաղաքականության ոլորտում նոր կառավարությունը ևս խոստանում է կենսաթոշակների աճ, սակայն առանց կոնկրետացնելու այդ աճի քանակական գնահատականները, ինչն արված էր նախորդ կառավարության ծրագրում (կենսաթոշակի բարձրացում մինչև աղքատության գծի 125%):

Նոր կառավարության ծրագրի ամենաբնութագրիչ առանձնահատկություններից մեկը նախորդ ծրագրի համեմատ՝ կոռուպցիայի դեպ պայքարի մասին առանձին բաժնի բացակայությունն է: Կոռուպցիայի դեմ պայքարի դրույթները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության բաժնում, նշվել է, թե վերաիմաստավորվելու է կոռուպցիայի դեմ պայքարի տեսլականը: Մասնավորապես՝ պետք է ներդրվեն պետական ծառայողների չհիմնավորված հարստացման դեպքում պատասխանատվության կիրառման մեծանիզմներ: Սակայն հանվել է նախորդ ծրագրի այն դրույթը, ըստ որի՝ պետական ապարատը պետք է տարանջատվի բիզնեսից:

Անշուշտ, երկու ծրագրերի համեմատությունները վերջնական չեն ու պահանջում են ավելի խորը վերլուծություններ: Կարծում ենք՝ ԱԺ-ում ևս բուռն քննարկումները երաշխավորված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter