HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Համայնքների խոշորացում. ռիսկեր և առավելություններ

Համայնքների խոշորացման գաղափարը Հայաստանում իրավական հիմք է ստացել 2007թ. և տեղ գտել Սերժ Սարգսյանի կառավարության ծրագրում: Սակայն միայն 2011 թ. Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընդունեց համայնքների խոշորացման մասին հայեցակարգը, որը քննարկվում է մինչ այսօր: Համայնքների խոշորացումն այն բարեփոխումներից է, որը կարող է առաջացնել գյուղական բնակչության կամ գործող համայնքապետերի ու նրանց աշխատակազմերի ուժեղ հակազդեցություն: Նոր կառավարությունը դրանից չի հրաժարվել, սակայն իր ծրագրում նշել է, որ կիրականացնի միայն պիլոտային ծրագրեր:

Համայնքների խոշորացումը մեկ խոշոր համայնքի շուրջ մի քանի այլ փոքր համայնքների միավորումն է: Օրինակ՝ առաջարկվում է Մեղրիի ենթաշրջանի բոլոր բնակավայրերը միավորել 1՝ Մեղրի համայնքում, Գորիսին միացնել Ակները, Վերիշենը ու Քարահունջը, Գառնիի շուրջ կհամախմբվեն Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ համայնքները:

Համանքի կենտրոնական բնակավայրը պետք է ունենա առնվազն 3000 բնակիչ, մյուս բնակավայրերից չպետք է հեռու լինի 20 կմ-ից, աշխարհագրական առումով պետք է կենտրոնական դիրք գրավի:

Համայնքների խոշորացումը ունի և դրական կողմեր, և պարունակում է զգալի ռիսկեր: Գաղտնիք չէ, որ փոքր համայնքներում կառավարման որակը հեռու է բավարար լինելուց: Գործնականում հավաքագրված բոլոր հարկերն օգտագործվում են ուռճացված աշխատակազմերի պահպանման համար, չեն կազմվում զարգացման ծրագրեր: Օրինակ՝ փոքր համայնքը պարտադիր պահում է հաշվապահ, քարտուղար, գործավար, համայնքապետի տեղակալ: Այդ հաստիքների ծանրաբեռնվածությունը մեծ չէ: Համախմբված համայնքները հնարավորություն ունեն կրճատել ավելորդ հաստիքները, իսկ ազատված միջոոցներն օգտագործել այլ նպատակներով: Հայաստանում կա համայնք, որ ունի ընդամենը 27 բնակիչ (Քաշունին Սյունիքի մարզում), ու ակնհայտ է, որ չափազանց փոքր համայնքներում համայնքապետարանի առկայությունը ավելորդ ճոխություն է: Սակայն արդյո՞ք ճիշտ է 700-800 բնակիչ ունեցող համայնքին զրկել ինքնուրույնությունից:

Սակայն կարևոր է գյուղացու տեսակետը ևս, ի՞նչ է շահելու գյուղացին: Գյուղացիները համայնքապետերի հետ հիմնականում շփվում են տեղեկանքներ ստանալու և պետական աջակցության ծրագրերից օգտվելու դեպքում (պարարտանյութի, վառելիքի բաշխում): Պատկերացրեք այն գյուղացու վիճակը, որը մի հասարակ տեղեկանքի համար պետք է 20 կմ ճանապարհ կտրի, հնարավոր է՝ մի քանի անգամ: Լուծում կարող է լինել այն, որ համայնքապետը յուրաքանչյուր բնակավայրում ներկայացուցիչ ունենա, որն էլ իրավասու կլինի տեղեկանքներ տրամադրել: Սակայն միևնույն է, դա չի ազատում գյուղացուն ժամանակ առ ժամանակ համայնքային կենտրոն գնալու անհրաժեշտությունից, տրանսպորտային անհարմարություններից:

Մյուս խնդիրը՝ փոքր բնակավայրերի տեղական ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացումն է: Պատկերացրեք՝ միավորվում են 3000-անոց բնակավայրն ու մի քանի փոքր գյուղեր: Սա նշանակում է, որ համայնքապետն ու ավագանին մշտապես կլինեն մեծ գյուղի ներկայացուցիչները, իսկ դա մարդկանց մոտ կկորցնի հետաքրքրությունը տեղական ընտրությունների նկատմամբ: Այստեղ լուծումն այն է, որ յուրաքանչյուր բնակավայր ունենա ավագանու երաշխավորված տեղեր, սակայն ընտրական իրավունքի տեսանկյունից սա ևս վիճահարույց է:

Հարկ է նշել, որ խորհրդային շրջանում ևս նման փորձեր արվել են. մի քանի փոքր համայնքներից ձևավորվել է 1 գյուղական խորհուրդ: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կառավարման ապակենտրոնացումը ավելի հոգեհարազատ է գյուղացիներին:

Նշենք, որ Հայաստանում այս պահին կան 999 բնակավայրեր, որոնցից համայնքի կարգավիճակ ունեն 915-ը: Դրանց մոտ կեսն ունի 1000-ից պակաս բնակիչ: Ընդ որում՝ գյուղական 866 համայնքներից 197-ն ունեն մինչև 300 բնակիչ: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է (9745 բնակիչ), ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին (27): Միջին հաշվով հանրապետության 1 համայնքում բնակվում է 3551 մարդ, առանց Երևան քաղաքի այդ ցուցանիշը կազմում է 2333 մարդ: Քաղաքային համայնքներում միջին հաշվով բնակվում է 19963 մարդ (առանց Երևանի), իսկ գյուղական համայնքերում 1348 մարդ:

Ենթադրաբար՝ համայնքների խոշորացման ծրագրի լիարժեք իրագործման դեպքում համայնքների թիվը կկազմի 250-300:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter