HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Արդյունաբերության անկումը շարունակվում է

Հայաստանում ապրիլին մարտի համեմատ գրանցվել է արդյունաբերության 5.8 % անկում: Սա ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած պաշտոնական տվյալներն են: Տարեսկզբից արդյունաբերությունը անկման տեմպեր ունի, սակայն հույս կար, որ սեզոնային գործոնների չեզոքացումից հետո արդյունաբերության աճը կվերականգնվի:

Սակայն դա տեղի չի ունենում, ավելին՝ անկման հիմնական պատճառը շարունակում է մնալ մշակող արդյունաբերությունը, թեև փոքր չափով անկում կա նաև հանքարդյունաբերությունում: Մշակող արդյունաբերությունում նվազել է ալկոհոլային խմիչքների արտադրությունը, բավական զգալի է կոնվերտորային պղնձի ու ֆեռոմոլիբդենի արտադրության անկումը:

Ստացվել է մի իրավիճակ, երբ պղնձի խտանյութի արտադրությունն ու արտահանումն աճել է, իսկ պղնձի վերամշակումը նվազել: Օրինակ՝ մարտի դրությամբ պղնձի խտանյութի արտադրությունն աճել էր 16%-ով, իսկ կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել 15%-ով: Հիշեցնենք, որ պղնձի վերամշակում իրականացնում է ACP ընկերության Ալավերդու պղնձաձուլարանը:

Արդյունքում՝ արդյունաբերությունը տնտեսության միակ ճյուղ է, որտեղ անկում կա, մնացած բոլոր ճյուղերում, անգամ, շինարարությունում գրանցվել է աճ:

Հունվար-ապրիլի կտրվածքով տնտեսական ակտիվությունը 3.6% է՝ հունվար-մարտի 3.3%-ի համեմատ: Ամենամեծ աճ գրանցվել է գյուղատնտեսությունում՝ 4.1%: Սակայն այս տարվա ուժեղ ցրտահարություններից հետո հնարավոր է առաջիկա ամիսներին ունենանք գյուղատնտեսական արտադրանքի նվազման միտում: Առայժմ հիմնականում հաշվառվում են ջերմոցային տնտեսությունների, վաղահաս մշակաբույսերի (կարտոֆիլ և այլն), ու անասնապահության տվյալները:

Շինարարությունը գրանցել է 0.7% աճ: Այս ոլորտի աճը կապվում է իրավաբանական անձանց գործունեության հետ, իսկ ահա բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը շարունակում է անկում ապրել: Սկսել է թափ առնել նաև Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին իրականացվող ճանապարհաշինությունը:

Չորս ամիսների կտրվածքով ունենք նաև առևտրի շրջանառության 5.1% աճ, պայմանավորված հիմնականում ստվերի կրճատմամբ: ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը 4 ամսում մոտ 627 մլրդ դրամի առևտուր են արել (մոտ 1.5 մլրդ դոլար):

Վիճակագրությունը ցույց է տալիս միջին ամսական աշխատավարձի 7.2% աճ, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է: Ըստ այդմ՝ միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հասել է մոտ 160 հազ. դրամի, որից՝ մասնավոր սեկտորում 190 հազ. դրամ, պետականում՝ 138 հազ. դրամ: Սա նշանակում է, որ Հայաստանում կենսամակարդակի աճ կա, քանի որ գնաճի տեմպը (4.6%) զգալի ետ է մնում աշխատավարձի աճի տեմպից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter